Ձեր արածը շանտղություն է. Սերժ Սարգսյա՞նն էր, արա՛, ձեզ 2018-ին հանել, լցրել փողոցները. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Արցախի ժողովուրդը սեպտեմբերի 2-ին, իր ղեկավարների գլխավորությամբ, ցույց տվեց, որ ինքնորոշման իրավունքն ու պետության անկախությունը պետք է պաշտպանել: Հնարավոր չէ փակել մի բան, որը ժողովուրդն ու ազգի ընտրանին չեն ուզում փակել: Ճշմարտությունն այն է, որ Արցախը Հայաստանի գործող իշխանությունների հակահայկական քաղաքականության արդյունքում բռնակցվել է Ադրբեջանին, և տեղի է ունեցել էթնիկ զտում: Այս փուլում, քանի դեռ ՔՊ-ն է իշխանության իր ադրբեջանական նարատիվներով, դժվար է պատկերացնել, որ Արցախի էջը կարող է բացվել: Ինձ համար Արցախի էջը փակ չէ, բայց քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, դրական տեղաշարժ դժվար է ակնկալել: Այս փուլում մեր խնդիրն է՝ չհամակերպվել այս իրավիճակի հետ, բայց նաև չպետք է կենացներ ասել, կեղծ սպասումներ առաջացնել հանրության մոտ: Այս փուլում մենք պետք է ձգտենք ավելին չկորցնել: 

Իհարկե, 2017-ին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA) է կնքվել, և Եվրոպայի 28 երկրների խորհրդարաններ ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց մենք պետք է տեսնենք՝ այսօր ի՞նչ ունենք գետնի վրա… Ես չեմ ուզում, որ CEPA-ն էլ արժանանա Սևրի ճակատագրին: Ես չեմ ուզում մարդկանց մոտ սին հույսեր առաջացնել և ասել, որ վաղը  չէ մյուս օրն իրենք գնալու են Արցախ: Արցախ վերադարձի, ազգայինը պահպանելու առաջին քայլը պետք է լինի Հայաստանում իշխանափոխությունը: Որքան դա ձգվի, այնքան այդ նպատակը կհեռվանա:

Կարդացեք նաև

Հիշեցնենք. 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը:

  • Մենք հնարավորություն ունեցել ենք նույնիսկ պատերազմից հետո, բայց դա տեղի չունեցավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին ռուսական հարթակից տեղափոխվելով արևմտյան հարթակ՝ Պրահա, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Այլ հարց է, որ մեծ տերություններն էլ դա ընդունեցին, թեպետ իրենք գիտեին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը վերին ատյանի ճշմարտություն չէ: Ամերիկացին, ռուսն ու եվրոպացին չի կարող մեզնից հայ լինել ու ավելի սպասարկել հայկական շահը, քան մենք: Որևէ երկրից չպետք է նեղանալ կամ ավելին պահանջել:

  • Մենք չգիտենք՝ Պուտին-Փաշինյան հանդիպման փակ մասում ինչ խոսակցություն է եղել, հանդիպման արդյունքների մասին դեռևս կարող ենք հետևություններ անել հանդիպման հրապարակային հատվածից:
  • Ինչո՞ւ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը որոշեցին անդամակցել ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը, որովհետև դա բխում էր Հայաստանի տնտեսության շահերից. Տասնյակ-միլիարդավոր դոլարներ են հոսել մեր պետական բյուջե 2013թ. ընդունված այդ որոշման արդյունքում: Այդ բանակցություններն ընթացել են երկար ժամանակ հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: ԵԱՏՄ անդամ պետություններն ասում էին՝ քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ երկրների հետ, դա հնարավոր չէ: Սերժ Սարգսյանը կարողացավ համոզել նրանց, և Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ: Հիմարություն է ասել, թե այդ որոշումը կայացվել է մի գիշերվա ընթացքում: Աբսուրդ կլիներ գտնվել մի անվտանգային համակարգում, Ռուսաստանի հետ ունենալ բազմաթիվ երկկողմ պայմանագրեր ու ինտեգրվել այլ միավորման մեջ: Հիմա ով չի հավատում, իր պրոբլեմն է: Ես հո գիտե՞մ, որ 2013թ. մայիս-հուլիս ամիսներին ՀՀԿ-ում այդ հարցը քննարկվել է, և դա եղել է բացառիկ ճիշտ որոշում:
  • Նույնիսկ Փաշինյանն է ասում, որ ԵՄ-ում մեզ ոչ ոք չի սպասում: ԵՄ-ն նույնիսկ պատրաստ չէ Հայաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, ինքը ո՞նց է միանում ԵՄ-ին: ԵՄ-ին միանալը մեզ համար նույնն է, ինչ միանալ Լուսնին: 

Ուզում եմ հիշեցնել, որ 2025թ. մարտին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, միակն է եղել, որ դեմ է քվեարկել ՔՊ-ի կողմից բերված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին: Դա էր պահանջում Հայաստանի պետական շահը: Եվրամիությանը Հայաստանը հետաքրքիր է միայն հակառուսականություն տարածելու համար: Հայաստանը չպետք է դառնա գլադիատոր օտարների ձեռքում:

  • CEPA-ն ստորագրելիս Ռուսաստանի կողմից որևէ ճնշում Հայաստանի և Սերժ Սարգսյանի վրա չի եղել: Նույնիսկ Մյունխենի համաժողովում ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչյովն ասաց, որ Հայաստանի օրինակն օրինակելի է: Մենք կողմ ենք եղել Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցմանը, բայց դա չի նշանակում Եվրամիություն մտնել: Անգամ Իսլանդիան վերջերս հանրաքվեով հրաժարվեց շարունակել ԵՄ-ի անդամակցության բանակցությունները. Եվրոպան մի բան է, Եվրոպական միությունն՝ այլ բան:
  • Նախ արձանագրենք, որ երեկվա Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Պուտինը նրան չշնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ… իսկ բանակցություններում մանրուքներ չկան, դա վերաբերմունք էր նրա նկատմամբ… Պուտինն ասաց՝ հնարավոր չէ քաղել ԵԱՏՄ օգուտները, բայց ձգտել մտնել ԵՄ: Իսկ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար, որին Եվրոպան թշնամի է դիտարկում: Փաշինյանը փորձեց հերթական կռուտիտը անել, երբ ասաց՝ ԱԺ-ում 2025թ. մարտին ԵՄ մտնելու օրենքն ընդունեցինք, որ հանրաքվեով այն չանցներ… Ասաց՝ Պուտին ջան, ես էդ օրենքը քո խաթր եմ ընդունել, որ հանկարծ չմտնեինք ԵՄ, տես՝ քո խաթր հանրաքվեն կանխել եմ… Նա էլ ասաց՝ ախպեր, ինձ քո լավությունը պետք չէ:

  • Հանդիպումից հետո Փաշինյանն էլ, Պուտինն էլ խոսեցին, և միակ բանը, որ համընկնում էր նրանց ասածների մեջ, այն էր, որ հարցը պետք է քննարկել հետո՝ Մոսկվայում: Պուտինը նաև նուրբ հարցի մասին խոսեց՝ ասելով, որ այդ ամեն ինչը սկսվել է Ղարաբաղից, երբ Հայաստանը թռավ կարգավորման ռուսական հարթակից՝ Խովաևի պլանից, որով Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային, ռուս խաղապահներն ու Արցախի ժողովուրդն էլ մնում էին Արցախում: Կար նաև Վաշինգտոնի պլանը, որով Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ընտրում է Խովաևի պլանը, բայց բանակցելու գնում էր Վաշինգտոն: Արդյունքում՝ Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչը Ռուսաստանին պատասխանատվությունից չի ազատում: Ես հարցեր ունեմ ռուսներին: Եղել է եռակողմ հայտարարություն, ու Ռուսաստանի ստորագրությունը դրված է այդ փաստաթղթի տակ, իսկ Արցախի ժողովուրդն Արցախ է վերադարձել ռուսների երաշխավորությամբ: Ռուսաստանը պետք է պաշտպաներ Արցախի ժողովրդին էթնիկ զտումից, և սա միայն իմ կարծիքը չէ: Ռուսների մեջ էլ են շատերն այդպես մտածում: Եթե հանկարծ հիմա Ադրբեջանը կամ Հայաստանն օգոստոսի 8-ի փաստաթղթից շեղվեն, ԱՄՆ-ը ի՞նչ կանի… Տեսանք՝ ԱՄՆ-ը Վենեսուելայում ինչ արեց: Ադրբեջանն ուժ է կիրառել, թքել ուժի չկիրառման արգելքը ստորագրած 3 պետությունների վրա: Թե չէ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է:
  • Մի բան պիտի գիտակցենք և մեզ համար հասկանանք. մեզ համար ո՞վ է սպառնալիք։ Ես կրկնում եմ՝ Հայաստանի սպառնալիքը Թուրքիան է և Ադրբեջանը։ 1995թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և Ելցինի հետ բանակցությունների, նաև բարձր վստահելի հարաբերությունների արդյունքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում եղել է անվտանգային մեծ հաջողություն։
  • Ֆիքսեմ մի բան, որ 92-93 թվին Թուրքիան՝ ըստ պատմական փաստաթղթերի և ըստ դիվանագետների հուշերի (ես պատահական բաներ չեմ ասում, գնացե՛ք, կարդացե՛ք Հայկ Դեմոյանի «Ղարաբաղյան կոնֆլիկտը» գիրքը, գնացե՛ք, կարդացե՛ք Հունաստանի նախկին դեսպանի հուշերը, ի վերջո, նայեք Գրաչովի և Շապոշնիկովի հայտարարությունները, բացե՛ք ֆրանսիական հատուկ ծառայությունների հրապարակած փաստաթղթերը.- Է.Շ.), ըստ որի՝ 1992 թվին՝ մայիսին, Թուրքիան Նախիջևանով ուզում էր ագրեսիա իրականացնել, և միայն Շապոշնիկովի հայտարարությունը, որ «եթե Հայաստանի վրա մի հատ արկ ընկնի, դա կլինի 3-րդ համաշխարհայինի սկիզբը», նրան հետ պահեց։ 

1993-ի փետրվարին ևս լարվեցին հարաբերությունները, Գրաչովը գնաց Թուրքիա և այնտեղ շատ խիստ ուլտիմատում ներկայացրեց, նույնիսկ օդանավակայանից միանգամից վերադարձավ։ Եվ 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ Ռուսաստանում քաղաքացիական բախումներ էին Խասբուլատովի և Ելցինի կողմնակիցների միջև, Թանսու Չիլլերը՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց։ Էդ բոլորը փաստաթղթավորված կա գրքերում, և նշվում է, որ Ելցինի պարտության դեպքում Թուրքիան պատրաստվում էր (ես ռուսերեն եմ կարդացել, ասեմ՝ «нанесения умеренного удара по Армении», այսինքն՝ չափավոր հարված հասցնել Հայաստանին), և այդ ժամանակահատվածի պաշտոնյաները բոլորը գիտեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ հրամաններ էր տվել, և միայն Ելցինի հաջողությունը ներքաղաքական պայքարում Թուրքիային հետ պահեց այդ մտադրությունից։ 

Երկրորդը՝ և՛ առաջին պատերազմի ժամանակ, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան եղել է Ադրբեջանի հովանավորը։ Կրկնում եմ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է 2020 թվականի աշնանը նշում, որ Թուրքիան գալիս է Հարավային Կովկաս՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանն էր նշում այդ նույն հարցազրույցում՝ կանադական պարբերականին տված հարցազրույցում (դա միջազգային պարբերական էր, ոչ թե ներհայաստանյան,- Է.Շ.), որ մինչև Թուրքիան Հարավային Կովկասից չհեռանա, խաղաղության մասին պետք է մոռանանք։ Հիմա նույն Նիկոլ Փաշինյանը Թուրքիային «էստի համեցեք» է անում, Էրդողանի գիրքը դնում է կրծքին, ման գալիս…

Այսինքն՝ սա է, մեր անվտանգության երաշխավորներից մեկը մեր նման փոքր երկրները չեն կարող միայնակ ապահովել իրենց անվտանգությունը։ Բայց այստեղ աշխարհայացքային, արժեքային ընկալումներ կան ինձ համար Թուրքիան մնում է սպառնալիք, Նիկոլ Փաշինյանի համար սպառնալիք չէ, դրա համար ինքը երջանիկ է, որ ռուսական ռազմաբազան հանեն Հայաստանից… Ես էլ ասում եմ՝ բնականաբար, ռուսական ռազմաբազան ռուսներին ձեռնտու է տարածաշրջանային ազդեցությունը պահելու համար, բայց դա մեզ պետք չէ՞… Իհարկե, մեզ պետք է ռազմաբազայի ներկայությունը, դա մեր շահերից է բխում: 

Եթե այդ ռազմաբազան չլիներ, կրկնում եմ, 1990-ականներին կունենայինք շատ ավելի մեծ պրոբլեմներ։ Բայց քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը տանում է դեպի խաղաղ ադրբեջանացման կամ խաղաղ թրքահպատակության, ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։ Մեր խորին համոզմամբ՝ ռուսական ռազմաբազան հանդիսանում է Հայաստանի անվտանգային գլխավոր երաշխիքներից մեկը։ 

  • Ինձ համար Թուրքիան սպառնալիք է, Նիկոլ Փաշինյանի համար՝ ոչ: Դրա համար են նա ու իր նմանները երջանիկ, որ ռազմաբազան կարող է դուրս գալ Հայաստանից: Ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, որովհետև այն Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքն է: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը չե՞ն հասկացել այդ ռազմաբազայի կարևորությունը… Ընդ որում, Տեր-Պետրոսյանը ոչ միայն կնքել է այդ փաստաթուղթը, այլև 2010թ. երկարաձգել այն: Իսկ Սերժ Սարգսյանը նոր փաստաթուղթ է ստորագրել, որով ռազմաբազայի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2044 թվականը: Ես հակաթուրք չեմ, հայաստանակենտրոն եմ և հասկանում եմ թուրքերից եկող սպառնալիքն ու դրա հետևանքները:
  • Հայաստանը բոլոր երեք նախագահների իշխանության շրջանում տարածաշրջանային գործոն է եղել հայկական Արցախի ու հայկական Սյունիքի, ռուսական ռազմաբազայի ու Հայաստանի ատոմակայանի շնորհիվ: 
  • Ինչ ուզում է՝ անունը դնեն, թող անունը դնեն TRIPP. Միևնույն է, դա միջանցք է, որովհետև եթե միջանցք չէ, Բագրատաշենով Հայաստան մտնողն ինչո՞ւ պետք է մաքսային հսկողություն անցնի ու զննվի, իսկ TRIPP-ով անցնողը՝ ոչ, անխոչընդոտ պետք է մտնի Հայաստան: Դա նույն միջանցքային տրամաբանությունն է:
  • Հենց Սահմանադրությունից հանվեց Անկախության հռչակագիրն ու ընդունվեց Ալիևյան սահմանադրությունը, դա կլինի Հայաստանի անկախության դագաղին խփվող վերջին մեխը: Մեր քաղաքական ուժերը, մտավորականությունն ու ժողովուրդը պետք է սա հասկանան ու թույլ չտան:

  • Հավի հիշողություն ունեցողներին հիշեցնեմ, որ 2018թ. մենք էինք Ռոբերտ Քոչարյանին համարում քաղբանտարկյալ, մենք ենք հանրային աջակցություն ցուցաբերել նրան, երաշխավորագիր տվել, եղել դատարաններում… «Ինչո՞ւ Քոչարյանը կալանավորվեց, Սարգսյանը՝ ոչ» ասող ապուշներին ասեմ, որ դա ադրբեջանական նարատիվ է և անբարոյականություն: 2018թ.-ից մեր կուսակցությունն է հալածվել, բազմաթիվ ՀՀԿ-ականներ այս պահին կալանավորված են, Սերժ Սարգսյանի վերաբերյալ էլ 6 քրեական վարույթ կա: Նայե՛ք ձեր աջուձախ կողմը, կտեսնեք՝ ով է բերել Նիկոլին… Մենք ենք ձեզ խնդրե՞լ, ասել՝ գնացեք Աշոտյան-42 կամ Շարմազանով-41 գրել 2018-ին, արա՛… Թե՞ Սերժ Սարգսյանն ու Շարմազանովն են ասել՝ լցվեք փողոցները… Երբ որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պայքարում էին Նիկոլի գալու դեմ, դուք Սերժ էիք մերժում: Դուք փողոցում Սերժ էիք մերժում, մենք Նիկոլի հետ պայմանավորվում էինք, որ Արցախը հանձնե՞նք: Անբարոյականությո՛ւն է դրանց ասածը… Կարդացեք ադրբեջանական մամուլը՝ մեկ Ալիևն է երազում, որ Հայաստանի 3-րդ նախագահը նստի, մեկ՝ դո՛ւք: Հիմա եթե 2-րդ նախագահի թիմը Ալիևի հետ նույն խրամատում են, ի՞նչ ասեմ…

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930