#LIVE. ԽՈՇՏԱՆԳՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԴԵՍԵՐՏ՝ ԲԻՇՔԵԿՈՒՄ. Ի՞ՆՉ ԱՍԱՑ ՊՈՒՏԻՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իրենք շահագործելու են այն հանգամանքը, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մեր ժողովուրդը ունի ոչ միանշանակ վերաբերմունք, օդիոզ կերպար է, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Հիվանդ մարդու հետ նման կերպ վարվելը խոշտանգում է: Ուղղակի ապշած եմ: Ես չգիտեմ՝ աֆրիկյան երկրներում իրենց նման բան թույլ կտայի՞ն, թե՞ չէ: ԱԱԾ աշխատակիցները քննիչների հետ միասին դառնում են հանցագործներ:
  • Ես նման տեսարան դեռ չէի տեսել, և սա այն դեպքում, երբ մարդը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ: Քննեք, դատեք, բայց ոչ ենիչերու գործելակերպով: Սա սահմաններ չունեցող սադիզմ է: Մենք դառնում ենք ջունգլիներին, ոչ թե ԵՄ-ին միանալու ցանկություն ունեցող երկիր:
  • Նիկոլ Փաշինյանն այրում է այն կամուրջը, որով կարող է ելման կետ վերադառնալ, որովհետև այս արարքներից հետո իշխանությունից անցնցում հեռանալու բոլոր հնարավորությունները սպառվում են: Նիկոլ Փաշինյանը փորում է մի փոս, որի մեջ, ի վերջո, գահավիժելու է ողջ աղմուկով և ցավով: Ամեն ինչ ունի չափ ու սահման:
  • Ես ուզում եմ հիշեցնել՝ Հայաստանի ամենաքստմնելի, զազրելի ոճրագործն այսպես չի կալանավորվել: Խոսքս՝ Նաիրի Հունանյանի մասին է: Այն, ինչ անում են Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, սպանության փորձ է:
  • Եթե ուղիղ եթերում Փաշինյանը մարդ ուտի, բայց զոհին ներկայացնի ռուսամետ, Եվրոպան կծափահարի նրան:
  • Ես սկսում եմ կասկածել գլխավոր դատախազի բանականության և մասնագիտական բարոյականության վրա, որովհետև էս ինչ ցուցում ես տալիս դու:
  • Այսօրվա հանդիպումը շատ ավելի խիստ էր, Ռուսաստանի շեշտադրումներն՝ ավելի կոշտ, քան ապրիլի 1-ի Պուտին-Փաշինյան հանդիպումը: Ռուսաստանի նախագահը շատ սուր ասաց՝ գնացեք, կողմնորոշվեք: Խոսք չկար պատժամիջոցների թուլացման, երկաթուղիների մասին, ոչ մի առարկայական պայմանավորվածություն առհասարակ չկա: Ըստ երևույթին միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է պոկել Պուտինից, առաջիկայում Մոսկվայում հնարավոր հանդիպումն ունենալն է: Կամ էլ խաբում է: Զրոյական արդյունքով հանդիպում է եղել:
  • Ոչ մի լուրջ ղեկավար իրեն թույլ չի տա իր երկրի քարտեզի բրոշկան խփել կրծքին ու գնալ միջազգային հանդիպումների:
  • Փաշինյանն արժանացավ սեղանի դեսերտի կարգավիճակին: Իրադարձությունների նման զարգացման պարագայում պետք է սպասել էներգակիրների գնի աճի:
  • 2025թ. ԵՄ մտնելու գործընթացի մասին օրենքը Նիկոլ Փաշինյանի ամենամտածված քայլերից մեկն էր, որից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը փոխում է իր ստրատեգիական կուրսը:
  • Եվրամիության հետ նոր փաստաթուղթ պետք չէ, որովհետև CEPA-ն իրականացված է 50%-ով: Նոր փաստաթուղթը պետք է, որ CEPA-ի Արցախի մասը ջրեն: Իրականում Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում: ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չկա, Հայաստանից բացի, որի ինստիտուցիոնալ հարաբերությունները Եվրոպայի հետ հասած լինեին CEPA-ի մակարդակի:
  • Իսկ կարո՞ղ է մինչև Նիկոլը որոշի ԵՄ մտնելու հայտ ներկայացնի, Եվրամիություն չլինի արդեն այն տեսքով, ինչպիսին հիմա կա:
  • Միաժամանակ երկու մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել: Հեսա ինքնիշխան Նիկոլի մասին պատումներ կֆռռան: Բայց խնդիրը պարզ է. եղբայր, ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ունես, էլ էս բլեֆներն ինչի՞ են պետք:
  • TRIPP-ը հայ-ամերիկյան համաձայնություն չէ, այն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համաձայնություն է, որտեղ Հայաստանը կատարում է օբյեկտի դեր:
  • Նիկոլ Փաշինյանը կիրառական քաղաքականության մեջ ավելի ցածր դիրք ունի, քան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
  • Եթե Տիգրանաշենը հանձնեն, իսկական ողբերգություն է լինելու տիգրանաշենցիների համար, որովհետև այդտեղ ապրում են Բաքվից, սումգայիթից փախած մարդիկ, և կստացվի, որ 30 տարվա ընթացքում նրանք 2-րդ անգամ են տուն կորցնում:
  • Տիգրանաշենի հանձնմամբ Փաշինյանի ձեռքով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխվում է Հայաստանի սահմաններից ներս: 
  • «Չորրորդ Հանրապետություն» ասվածով կասկածի տակ է դրվում Հայաստան պետության լեգիտիմությունն առհասարակ: Այն հայ-ադրբեջանական համատեղ պետության մասին հայտ է: Ինքը ստեղծում է չորրորդ Հանրապետություն, որտեղ Ղարաբաղյան շարժում չպետք է լինի:
  • Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, իսկ Սերժ Սարգսյանին՝ չէ, լատենտ Նիկոլական են, սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Էդ ասողներն անհարմար չե՞ն զգում Արմեն Աշոտյանից, որն այսքան տարի ապօրինի հետապնդումների է ենթարկվում, կալանավորվում:
  • «Ո՞վ է բերել Նիկոլին» հարցը շահարկողները նրանք են, ովքեր չեն ուզում պատասխանել «Ո՞վ է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին»՝ հարցին: Ես էլ այդ մարդկանց ուրիշ հարց կարող եմ տալ՝ ինչո՞ւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին չեք հարցնում՝ ի՞նչ է տեղի ունեցել 2017թ. դեկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ: Իսկ կարո՞ղ է իշխանության ներսում այլ կենտրոնախույս ուժեր են եղել… Ի դեպ, Փաշինյանին իշխանության բերողների մասին հարցին լավագույնս պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, ոի «իշխանությունը չամադան չէր, որ վերցնեն-հանձնեն ինչ-որ մեկին»: Հիմա պատասխանեմ նույն խոսքերով՝ իշխանությունը չամադան չէր, որ Սերժ Սարգսյանը վերցներ, հանձներ Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930