Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպման տարելիցը. «Թրամփի ճանապարհ» նախագիծը դեռևս անորոշության մեջ է. Անդրեյ Արեշև
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու հանձնառությունը և պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ առևտրի ընդլայնման շուրջ։ Գործընթացի հաջողությունը մեծապես պայմանավորված կլինի «Թրամփի ճանապարհ» նախագծի կենսագործմամբ. այն Բաքվի համար ունի ռազմավարական առաջնահերթություն, մինչդեռ Երևանում ընկալվում է որպես հասարակական-քաղաքական պառակտման գործոն։
2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են փոխանակել Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի առաջին տարելիցի կապակցությամբ, որի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել էր խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվել խաղաղության համաձայնագրի տեքստը։ Զրուցակիցները նշել են հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև տնտեսական փոխգործակցության գործում ձեռք բերված առաջընթացը։
Կողմերը չեն շրջանցել նաև «Թրամփի ճանապարհ» (TRIPP) հայտնի նախագծի թեման, որը կոչված է դառնալու խաղաղության գործընթացի հաջորդ քայլը՝ քաղաքական պայմանավորվածությունները տարածաշրջանային կայուն տրանսպորտային և տնտեսական կապերի վերածելու նպատակով։
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, «ճակատագրական» գագաթնաժողովի արդյունքներն Ալիևը քննարկել էր Սպիտակ տան տիրոջ հետ։ Բացի սահմանային հարաբերական անդորրից, որպես անցած տարվա գործնական արդյունք՝ Բաքուն վկայակոչում է դեպի Հայաստան նավթամթերքի արտահանումը, Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մեկնարկը:
Ալիևի խոսքով՝ իր երկրի տարածքում TRIPP-ի գծով աշխատանքները մտել են ավարտական փուլ, և այժմ Բաքվում ակնկալում են, որ դրանք շուտով կսկսվեն նաև Հայաստանում: Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումն Ալիևն անվանել է պատմական իրադարձություն, որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է որակական նոր մակարդակի:
Գրեթե նույնանման թեմաներ են քննարկվել նաև Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել էր Երևանի նախաձեռնությամբ։ Հայաստանի գործող իշխանությունները TRIPP նախագիծը դիտարկում են որպես Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների առանցքային գործնական արդյունքներից մեկը՝ վերահաստատելով Սյունիքի մարզում շինարարական աշխատանքներ սկսելու պատրաստակամությունը: Ավելի վաղ, շփվելով տեղական և արտասահմանյան լրագրողների հետ, Փաշինյանն իրեն բնորոշ հախուռն ոճով պատմում էր այն համընդհանուր բարօրության մասին, որն անպայման կհաստատվի ճանապարհի գործարկումից հետո։
Նրա խոսքով՝ Երևանում «բաց և թափանցիկ դիրքորոշում ունեն TRIPP-ի իրականացման հարցում» և պատրաստ են «պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք կապված են հնարավոր մտավախությունների հետ», քանի որ Հայաստանը «չի կարող իրեն թույլ տալ հավակնոտ հայտարարություններ և մտադրություններ՝ կապված խոշոր տերությունների միջև հակամարտություններին միջամտելու հետ»:
«Զանգեզուրի միջանցքի» բացումը, այդպես Բաքվում անվանում են «Թրամփի ճանապարհը», արդեն մոտալուտ հեռանկար է. դրանում չի կասկածում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «…Դա այդքան էլ հեռավոր հեռանկար չէ։
Ինտենսիվ դիվանագիտական և ֆիզիկական ջանքերը շարունակվում են»,- նշել է նա։ Իսկ հաղորդակցության հարցերով փորձագետ Ռաուֆ Ագամիրզաևը պատմում է. «Հայկական կողմից խոստացել են մինչև տարեվերջ ակտիվորեն սկսել շինարարական աշխատանքները… նրանք անցյալ տարվանից արդեն սկսել են (տարբեր հատվածներում) առաջնային պայթեցման աշխատանքները»։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր մինչև 2028 թվականի վերջը միջանցքի գործարկման մասին, իսկ օգոստոսի 11-ին հայտնել էր TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին։
Բաքվի մասնագետներն, իբր, արդեն ուսումնասիրել են իրավիճակը Հայաստանի տարածքում և հստակեցրել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ալիևի խոսքով՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակման դեպքում, ինչին Բաքուն ու Անկարան երկար տարիներ ձգտում են հասնել, Հայաստանը «կարող է բախվել էներգետիկ լուրջ ճգնաժամի, և էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլիներ»: Նման միանշանակ հայտարարությունը հատկապես ակնառու է ռուս-հայկական հարաբերությունների լուրջ սրման համատեքստում, որին պաշտոնական Բաքուն և Երևանի նրա գործընկերները, դատելով բազմաթիվ նշաններից, ամեն կերպ նպաստում են։
Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանն ու Թուրքիային կապելուց բացի՝ «միջանցքի» նպատակներից մեկն Իրանին սահմանակից Հարավային Անդրկովկասի տարանցիկ զարկերակների նկատմամբ ամերիկյան ու անդրազգային կորպորացիաների հուսալի վերահսկողության ապահովումն է։
Այս գործընթացների շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են զգալիորեն փոխել ուժերի դասավորությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Բազմիցս նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, որ մեր անհանգիստ ժամանակների առանձնահատկությունը միջազգային գործընթացներում, այսպես կոչված, «միջին» տերությունների (օրինակ՝ Իրանի և Թուրքիայի), ինչպես նաև արտաքին քաղաքական ոչ պետական սուբյեկտների աճող դերն է՝ սկսած ֆինանսական խմբերից ու անդրազգային հիմնադրամներից, վերջացրած մասնավոր ռազմական ընկերություններով ու կազմակերպված հանցավոր խմբավորումներով։
2026 թվականի հունվարին հայտնի դարձավ ԱՄՆ Պետդեպարտամենտին կից TRIPP+ Enterprise Fund մասնագիտացված հիմնադրամի ստեղծման մասին, որն այնուհետև վերանվանվեց Trans-Caspian Enterprise Fund՝ միջազգային վենչուրային ներդրող Կոնստանտին Սոկոլովի գլխավորությամբ։
Ծնունդով սանկտպետերբուրգցին, ով շեշտում է իր հրեական ծագումը, ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է Հայաստանի մի շարք ակտիվներ, այդ թվում՝ հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Team Telecom Armenia-ն (նախկին Viva), Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը և այլ ձեռնարկություններ։ Նա նաև ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների նկատմամբ։
Սոկոլովից բացի, օգոստոսի սկզբին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հանդիպելու նպատակով Երևան էր ժամանել Դոնալդ Թրամփի «խաղաղության խորհրդի» ավագ խորհրդական, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ներկայացուցիչ Արիե Լայթսթոունը։ Վերջինս Յեշիվայի համալսարանի կողմից ձեռնադրված ռաբբի է։
Լինելով Արևմտյան Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից՝ նա ակտիվորեն առաջ է մղել տնտեսական կարգավորումը «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում, ինչը ճանապարհ հարթեց Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և մասամբ հետխորհրդային տարածքի մուսուլմանական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման համար։
«Մի փոքր ստեղծագործական մոտեցում, և մենք կստեղծենք աշխարհի գլխավոր առևտրային ուղիներից մեկը՝ հաղթահարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների փակուղին»,- նշել է նա։
Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Սյունիքի մարզով անցնող և մեծ արձագանք ստացած միջանցքը գործելու է Հայաստանի ազգային իրավազորության ներքո՝ չխախտելով երկրի ինքնիշխանությունը, պետական սահմանի կառավարման, սահմանային հսկողության ու մաքսային վարչարարության գործառույթները։ Սակայն իրականում դժվար թե դա այդպես լինի. թեկուզ միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ը ստանում է միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ՝ մինչև 99 տարի ժամկետով:
Հուլիսի 16-ին կառավարության նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Վաշինգտոնի և Երևանի կողմից հիմնադրված TRIPP Development ընկերությունը Հայաստանի տարածքում համապատասխան գոտիներում հողօգտագործման և կառուցապատման իրավունք կստանա։ Այդ իրավունքների սկզբնական ժամկետը կկազմի 49 տարի, որի ընթացքում Միացյալ Նահանգներին կպատկանի ընկերության բաժնետոմսերի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։
Նշված ժամկետի ավարտից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են երկարաձգել գործընկերությունը ևս 50 տարով, ընդ որում՝ այդ դեպքում Հայաստանի մասնաբաժինը կհասնի 49%-ի (ի դեպ, մինչև այդ «երջանիկ» ժամանակը դեռ պետք է ապրել)։
Միրզոյանը հավելեց, որ TRIPP Development-ը կկարողանա ստեղծել հատուկ նշանակության ընկերություններ առանձին նախագծերի իրականացման համար և ներգրավել ենթակապալառուների. նախագծի պաշտոնական մեկնարկի համար մնացել է լրամշակել ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետիրական համաձայնագիրը և ընկերության կանոնադրությունը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ մայիսի 26-ին Երևան կատարած կարճատև այցի ընթացքում նախաստորագրված՝ TRIPP նախագծի շրջանակում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին։
Վաշինգտոնի և Երևանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության, ինչպես նաև «կրիտիկական կարևորության օգտակար հանածոների ու հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման և վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին» շրջանակային հուշագրի հետ մեկտեղ՝ այս փաստաթուղթը կանխորոշում է ամերիկյան կորպորացիաների մասնակցությունը կովկասյան տարանցիկ ուղիներին։
Փաշինյանի խոսքով՝ TRIPP նախագծի իրականացումը կարող է հանգեցնել «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման»։
Այս ձևակերպման մեջ ակնհայտորեն նկատվում է հարևան Իրանի դիրքորոշման ակնարկը, ուր ՀՀ վարչապետն իբրև թե պատրաստվում է մեկնել այցով, թեև դրա կոնկրետ ժամկետները դեռևս հստակեցված չեն։ Վերջին շրջանում հայ-իրանական շփումները, որոնք առանց այն էլ բավական աշխույժ են, նոր հարթություն են տեղափոխվել։
Օրինակ՝ հուլիսի երկրորդ կեսին «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնը Երևանում Իրանի դեսպանատան հետ համատեղ Կապանում անցկացրեց փորձագիտական սեմինար՝ «Իրանա-հայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո» թեմայով։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցությունների, տեղեկատվական փոխգործակցության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների ակտիվությունը Հարավային Կովկասում։
Հայաստանում ԻԻՀ դեսպանության խորհրդական Խալիլ Շիրղոլամին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել են Իրանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները դինամիկ փոփոխվող իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտությունը՝ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նպատակով։
Ավելին, Սյունիք կատարած այցի շրջանակում Շիրղոլամին այցելել է «Նորավան» ենթակայան, որը գտնվում է Իրանի Նորդուզ բնակավայրից մինչև Երևան կառուցվող էլեկտրահաղորդման գծի վրա։ Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Հայաստանի կառավարությունն ու իրանցի կապալառուները մեկնարկ էին տվել «Հյուսիս-Հարավ» մայրուղու (Հայաստան-Իրան սահմանից մինչև Վրաստանի սահման) կազմում գտնվող Ագարակ-Քաջարան հատվածի 7,2 կիլոմետրանոց թունելի կառուցմանը, որն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով։
Իսկ Mehr գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ընթացքում իրանական կողմը Հայաստանին բնական գազի մատակարարումների ավելացման նոր առևտրային սխեմա է առաջարկել։
Բաքվի որոշ դիտորդների կարծիքով՝ այս ամենը վկայում է Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդեցությունը պահպանելու Թեհրանի ձգտման մասին: Հազիվ թե իրանցիները պատրանքներ ունենան հակառակորդների մտադրությունների վերաբերյալ, որոնք չեն թաքցնում իրենց ագրեսիվ մտադրությունները։ Այսպես, Սյունիք մեկնելուց առաջ, ս. թ. հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով TRIPP նախագիծը, Հ. Շիրղոլամին հայտարարել է․ «…Հայաստանը պետք է մշակի մեխանիզմ, որը թույլ կտա իրացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ներուժը, բայց միաժամանակ հաշվի առնելով ամերիկյան ներկայության դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները»։
Հայտնի է՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանի հոգևոր առաջնորդի (ռահբարի) այն ժամանակվա խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մերժեց TRIPP-ի գաղափարը, որը, նրա ձևակերպմամբ, կարող է «հանգեցնել ՆԱՏՕ-ի ներկայությանն Իրանի հյուսիսին հարող տարածքում՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Ռուսաստանի հարավի անվտանգության համար»։
Գովազդված Թրամփի նախագծած ծրագիրն «առաջ է մղվում ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու միջոցով», ինչը զարմանալի չէ, քանի որ «ԱՄՆ-ը զգայուն տարածաշրջաններ ներթափանցելու հարուստ փորձ ունի՝ օգտագործելով տնտեսական նախաձեռնություններ ներկայացնող նախագծեր։ Սակայն նման ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվում և վերածվում է ռազմական ու ուժային ներկայության»։
Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին և նրա թիմին համոզել Արաքսից հարավ գտնվող հարևաններին TRIPP նախագծի «անվտանգության» մեջ. Իրանի շուրջ առճակատման սրմանը զուգընթաց՝ այս հարցում կասկածներն ավելի ու ավելի են խորանում։
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

