
Թուրքիայի նախապայմանների լեզուն և «Խաղաղության խաչմերուկը» «ռասկրուտկա» անելու Փաշինյանի հրամանը. դրան լծվել է նաև ԳՇ պետը

Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել են Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում, որտեղ, ինչպես թուրքական աղբյուրներն են շեշտում, Միացյալ Նահանգները և Թուրքիան գործընկեր ու դաշնակից են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն էր հայտարարել, որ Միացյալ Նահանգներն առաջարկում են Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ, ինչը լայն քննարկման թեմա դարձավ ոչ միայն Հայաստանում։ Ավելի ուշ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե մերժել են ամերիկյան առաջարկը:
Իսկ այս օրերին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվել են նաև Թուրքիայի ԱԽ նիստում, ինչը հուշում է, որ հնարավոր է՝ անդրադարձ է եղել նաև «Զանգեզուրի միջանցքին»:
Ի դեպ, ադրբեջանական կողմում ուշագրավ են համարում Թուրքիայի ԱԽ նիստում «Զանգեզուրի միջանցքի» թեմայի քննարկումը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Սյունիք այցը, խորհրդակցությունն ու հայտարարությունները, ինչն ըստ Բաքվի, խոսում է գաղտնի պահվող, բայց համաձայնեցված քաղաքական կոորդինացիայի մասին։
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Զանգեզուրի միջանցքին» առնչվող մի քանի հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը՝ նախևառաջ հաստատելով, որ այս միջանցքի բացումը թուրքական ծրագիր է, ուստի պետք է այս հարցում համագործակցել Թուրքիայի հետ, և, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր չէ իրար կապել թյուրքական աշխարհը:
«Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, իսկ այդպիսին հանդիսանում է «Զանգեզուրի միջանցքը»: Աշխարհաքաղաքական տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքն» այն տեղն է, որտեղ խզված են թյուրքական պետությունների կապերը: Մենք կարող ենք կապ ունենալ Ադրբեջանի հետ միայն Իրանի և Վրաստանի միջոցով, բայց եթե բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա 1-2 տարում հնարավոր կդառնա ցամաքային և երկաթուղային գիծն Անկարայից և Ստամբուլից Բաքու, իսկ այնտեղից ծովային ճանապարհով՝ Կենտրոնական Ասիա: Իհարկե, Իրանը և Վրաստանը լավ հարաբերություններ են պահպանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց ինչի՞ չօգտագործել ուղիղ ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը մեր սեփական տարածքով: Սա հատկապես կարևոր է Միջին միջանցքի հնարավորությունների ընդլայնման և միջազգային հարթակում Թյուրքական պետությունների կազմակերպության դերի ու նշանակության բարձրացման առումով,- ընդգծել է Աքգյունը և հավելել,- Ես շատ հավանական եմ համարում «Զանգեզուրի միջանցքի» բացումը մոտ և հարմար ժամանակում: Եթե ինտեգրման գործընթացը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում արագանա, ապա Չինաստանից սկսվող և Միջին միջանցքի համատեքստում Լոնդոն գնացող կարևոր նավթատարների և գազատարների, ցամաքային ճանապարհների և երկաթուղագծերի՝ ավելի արագ և կարճ անցումը հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։
Չնայած՝ ժամանակ առ ժամանակ որոշակի քննարկումներ են ընթանում, ես կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի առաջիկա 1-2 տարվա ընթացքում, հատկապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմամբ:
Բայց որպես դիվանագետ՝ չեմ կարող նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվը։ Քանի որ ոչ ոք դա չգիտի, դա բազմաչափ խաղ է: Նախ, Ադրբեջանն ու Հայաստանը՝ որպես երկու անկախ պետություն, պետք է որոշում կայացնեն այս հարցի շուրջ»:
Այս համատեքստում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը մի ուշագրավ շեշտադրում է անում` նշելով.
«Եթե կայուն խաղաղության մասին համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված կատարվեն բոլոր պայմանները, ապա հարմար ժամանակում Անկարա–Բաքու խորհրդակցության արդյունքում կարող է բացվել և հայ–թուրքական սահմանը: Ամեն ինչ կախված կլինի, թե ինչպես այս կարգավորման գործընթացը կզարգանա»:
Իհարկե, Թուրքիայի իշխանական շրջանակներից նմանօրինակ հայտարարություն, ըստ էության, առաջին անգամ չէ, որ հնչում է, բայց տվյալ դեպքում հատկապես շեշտվում է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը:
Երբ ժամանակին ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը, և դրա բացման նախապայման մշտապես նշում էր Ադրբեջանի օգտին Արցախի հարցի կարգավորումը, այսօր, սակայն, երբ Արցախը հայաթափված է, Թուրքիան հիմա էլ որպես նախապայման՝ առաջ է քաշում «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը: Այսինքն, Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, և յուրաքանչյուր նախապայմանի կատարումը նոր նախապայման է առաջ բերում:
Այս և Թուրքիայի դեսպանի` վերևում արտահայտված մտքի համատեքստում հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, հայտարարել է.
«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»:
Դեռ այն ժամանակ կանխատեսել էինք նրա ներկայացրած սկզբունքների ձևակերպումների վտանգները, հաշվի առնելով նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
Իսկ այսօր Փաշինյանի խոսնակը հայտարարել է.
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։
Ուշագրավ է, որ սրան զուգահեռ՝ խոսում են, օրինակ, ՀԷՑ-ի ազգայնացման մասին:
Ի դեպ, 2022 թվականի փետրվարի 17-ին Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրել էր Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները, որն անվանել էր «Հայկական խաչմերուկ»:
«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս–Հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս–Հարավ, Արևելք–Արևմուտք նախագիծ: Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք:
Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս–Հարավ, Արևելք–Արևմուտք, կամ, եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,– շեշտել էր Փաշինյանը:
Այդ ժամանակ Ադրբեջանից Փաշինյանին հասկացրել էին, որ «Հյուսիս–Հարավը և Արևելք–Արևմուտքը որոշվում է աշխարհագրությամբ, ոչ թե փաշինյանական ցանկություններով», և որ՝ ««հայկական խաչմերուկը» փորձ է համոզել հայերին, որ նրանց «Զանգեզուրի միջանցքը» պետք է` մանիպուլյատիվ ձևով»:
Եվ այսօր Փաշինյանի սեղանին «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որն օրերս տվել էր ՀՀ նախագահ հռչակված Վահագն Խաչատուրյանի ձեռքն ու ուղարկել Սյունիք, որտեղ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ` Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արմեն Գյոզալյանի ներկայությամբ նա Սյունիքի դարպասներ բացելը ներկայացրեց՝ որպես շահավետ հնարավորություն:
Իսկ հետո ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» պատվիրել էին գովազդել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին` «Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՉԺՀ նախագահի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծում, որին համահունչ է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»»։
Նշենք, որ Ասրյանը զբաղեցնում է զինվորական պաշտոն և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին փոխարինելու իրավունք չունի, լինելով նրա տեղակալը: Հետաքրքիր է` Ասրյանին մտահոգո՞ւմ են Ադրբեջան-Չինաստան ռազմավարական հարաբերությունները, որոնք նաև առնչվում են անվտանգությանը:
Հ.Գ. Վերադառնալով թյուրքական աշխարհին, Միջին միջանցքին, նշենք, որ օրերս Թուրքիայում տեղի էր ունեցել Ղազախստանի նախագահ Տոկաևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցությունները, ընդ որում, Էրդողանն անձամբ էր նրան դիմավորել:
Հիշեցնենք, որ Ղազախստանին առանցքային դերակատարում է վերագրվում Միջին միջանցքի համատեքստում:
2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերին, «Նեզավիսիմայա գազետան» հոդված էր հրապարակել, թե Անկարան դաշնակիցներ է փնտրում ղարաբաղյան պատերազմում. խոսքը Ղազախստանի մասին էր, որտեղ պատերազմի օրերին այցելել էր այն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և փորձել ղարաբաղյան հարցի և պատերազմում թուրք-ադրբեջանական գործողությունների վերաբերյալ ճշտել ՀԱՊԿ անդամ այս երկրի դիրքորոշումը: