«Հայկական խաչմերուկից»՝ «Խաղաղության խաչմերուկ». Որքանո՞վ է այն հայկական և որքանո՞վ է այն բխում հայկական շահերից
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է իր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
«Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե, մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ:
Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներքին փոխադրումների համար:
Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ»,- մանրամասնել է Փաշինյանը:
Այն, որ այս սկզբունքները ոչ միայն վտանգավոր են, այլև ոչ իրատեսական, դա առանձին և մանրակրկիտ խոսակցության թեմա է:
Իսկ հիմա հիշենք, որ 2022 թվականի փետրվարի 17-ին Փաշինյանը Կառավարության նիստին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթի համատեքստում, որի նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, ներկայացրել էր Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները, որն անվանել էր «Հայկական խաչմերուկ»:
«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագիծ:
Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում:
Պետք է հույս ունենալ, որ մինչև տարվա վերջ արդեն կոնկրետ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը: Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի»:
Այդ ժամանակ ադրբեջանական վերլուծական և քաղաքագիտական շրջանակները՝ ի դեմս քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի, արձագանքել էին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և նշել, որ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի, այնպես, ինչպես ժամանակին վստահեցնում էր, որ հնարավոր է հասնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Անլուրջ փաշինյանական գաղափար, որը ոչ այլ ինչ էր, քան էժան պոպուլիզմ: Ոչ մեկի մոտ այն ոգևորություն չառաջացրեց, քանի որ բոլորը հասկանում էին՝ դա անիրատեսական է»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հիշեցնելով 2020թ. փետրվարի 15-ին տեղի ունեցած Ալիև-Փաշինյան մյունխենյան դեբատը:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին» և Փաշինյանի նշած Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծին, լրատվամիջոցը նախ կրկնել էր՝ «Զանգեզուրի միջանցքը» ադրբեջանական նախաձեռնություն է, և հավելել, թե փորձել են վիզուալ պատկերացնել՝ որտեղ կարող է «տեղակայվել» «հայկական խաչմերուկը», բայց ոչ մի բան չի ստացվել, և դիմել են քարտեզի օգնությանը:
««Զանգեզուրի միջանցքը», որը ձգվում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան, և հետո՝ Թուրքիա, իրականում hատվում է երկաթուղային գծի հետ, որը կարող է միանալ նախագծին: Բայց սա ոչ թե ՀՀ տարածքում, այլ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության: Բանն այն է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը (նախագծի հայկական հատվածը) անցնում է Նախիջևանի տարածքով: Այդ գիծը գոյություն ուներ դեռ խորհրդային ժամանակներից և դադարել է գործել պատերազմը սկսվելուց հետո: Բայց, ի տարբերություն Զանգեզուրով անցնող ճանապարհի, այն հիմնականում պահպանվել է: ՀՀ-ում վստահ են, որ այս ճանապարհներով շարժը հնարավոր է վերականգնել առավելագույնը մեկ տարում: Բայց սա՝ եթե խոսքը երկաթգծային ճանապարհի մասին է»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը և նշում, որ եթե խոսքն ավտոմոբիլային հաղորդակցության մասին է, ապա այն ենթադրում է նախագիծ, որի իրականացման համար ՀՀ-ից ավելի երկար ժամանակ է պահանջվելու:
Ադրբեջանական կողմը նկատում է, որ Փաշինյանը փորձում է Հյուսիս-Հարավ նախագիծը կապել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցի հետ, մինչդեռ, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, իրանական կողմը հասկացրել է ՀՀ-ին՝ «Հյուսիս-Հարավը» ոչ մի առնչություն չունի «Զանգեզուրի միջանցքի հետ»:
«Փաշինյանը չպետք է ոչ մի բան հնարի, ամեն ինչ արդեն իր փոխարեն մտածած է: Եթե նա իրապես ուզում է Հայաստանի տնտեսությունը բարձրացնել, պետք է լսի Բաքվի խորհուրդներին: Իհարկե, ադրբեջանական կողմն առաջին հերթին՝ իր սեփական շահերով է առաջնորդվելու, բայց կանի նաև այնպես, որ գործընկերները նախագծերից հետ չմնան: Ինչ-որ բան հուշում է, որ Փաշինյանն այս ամենը հասկանում է, և հնարավոր է՝ նրա «հայկական խաչմերուկը» փորձ է համոզել հայերին, որ նրանց «Զանգեզուրի միջանցքը» պետք է»,- գրել էր day.az-ի հոդվածագիրը:
«Հյուսիս-Հարավը և Արևելք-Արևմուտքը որոշվում է աշխարհագրությամբ, ոչ թե փաշինյանական ցանկություններով: Փաշինյանն իշխանության եկել է մեդիայից: Նա սովոր է մանիպուլյացիայի, և հաճախ կորցնում է իրականության և քարոզչության միջև ընկած սահմանը»,- day.az-ի հետ զրույցում ասել էր քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը «Հայկական խաչմերուկը» վերաձևակերպել է «Խաղաղության խաչմերուկ», բայց չի մանրամասնում՝ այդ ինչ ենթակառուցվածքներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր են Ադրբեջանի պահանջներին համահունչ իր խաղաղության օրակարգից, զորքերի հետքաշման առաջարկից, իր առաջարկած քարտեզով դելիմիտացիայից և դեմարկացիայից հետո անխափան և անվտանգ մնալու ՀՀ տարածքում կամ անցնելու:
Ինչպես վերևում նշեցինք, այս մասին դեռ առանձին և մանրամասն խոսելու ենք:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկի» քարտեզային տեսլականը դիտարկել է որպես համաձայնություն «Զանգեզուրի միջանցքին», որքան էլ, որ Փաշինյանը պնդի, թե չեն գործում միջանցքային տրամաբանության մեջ:
Ավելին, Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը՝ TRT-ն, հրապարակել էր քարտեզ, որտեղ ներկայացվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հիմնական իմաստը՝ դա ոչ տնտեսականն է, ոչ էլ տարածաշրջանում խաղաղությունը, այլ դա «թյուրքական աշխարհի» միավորումն է:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսսինգ» հաղորդաշարի շրջանակում թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը մանրամասնել էր.
«Թուրքական պետությունը 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո աշխատում է «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ, վերջին ժամանակներում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն անվանում են Թուրանի ճանապարհ։ Արցախի Հանրապետությունը չկա, այն օկուպացված է, մնում է ՀՀ Սյունիքի մարզի 40 կմ հատվածը, ինչպես իրենք են ասում, «այդ անիծյալ սեպը»։ Խոսքը Մեղրիի հովտի մասին է։ Զանգեզուրի միջանցքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է։ Սա, ի դեպ, հենց Էրդողանն է ասել։ Թուրքերն այդ ճանապարհների համար փորձելու են ստանալ հատուկ կարգավիճակ։ Եթե դա չստացվի, դիվանագիտական գործիքի փոխարեն՝ կփորձեն օգտագործել ռազմական գործիքը»:
Այսինքն, Ալիևի հայտարարությունը, որ ոչ թե տանկերով են մտնելու «Զանգեզուր», այլ «խաղաղ» մեքենաներով, կամ Ալիևի օգնականի պնդումները, թե Սյունիքը գրավելու մտադրություն չունեն, դա լիովին չի չեզոքացնում Սյունիքի ուղղությամբ ռազմական էսկալացիայի հնարավորությունը:
Այսինքն, եթե Ադրբեջանը չկարողանա ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու կամ շանտաժի միջոցով դրան հասնել, ապա դիմելու է ուժի օգնությանը:
Ի դեպ, ի՞նչ պակաս շանտաժ է, երբ մեզ ասում են, որ եթե Հայաստանը չհամաձայնի «Զանգեզուրի միջանցքին», Բաքուն այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։
Եվ այստեղ հանգում ենք այն մտքին, որի մասին մենք մեր հոդվածներում հաճախ ենք խոսում, այն, որ Իրանն ասում է, թե թույլ չի տա տարածաշրջանում սահմանային փոփոխություն, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանն ապահովագրված է կորուստներից, հարցն այն է՝ տվյալ պարագայում և տարածքում ո՞ւմ վերահսկողության շրջանակը կմեծանա՝ Ադրբեջանի՞, թե՞, օրինակ, Իրանի: Այո, Իրանը մեկ անգամ չէ, որ Թուրքիային ու Ադրբեջանին զգուշացրել է՝ չի հանդուրժի ռեգիոնալ քաղաքականության և պատմական սահմանների, մասնավորապես՝ հայ֊-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: Մեկ անգամ չէ, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցամաքային և ծովային զորքերի զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանների շուրջ։ Սակայն, ինչպես 168.am-ի հետ հարցազրույցներից մեկում նշել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը, դա երաշխիք չէ այն բանի, որ ՀՀ-ն ամեն անգամ մանր-մանր տարածքային կորուստներ չի ունենա, ադրբեջանական վերահսկողությունը չի մեծանա, իսկ այդ ընթացքում Իրանն էլ չի հայտնվի երկընտրանքի առաջ՝ միջամտե՞լ, թե՞ ոչ։
Ի դեպ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է կազմակերպվում։ Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, որը կանցնի Արազ գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին՝ Հայաստանը շրջանցելով, այն պարզապես գետի մյուս ափով կանցնի»,- շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ Իրանի տարածքով դեպի Նախիջևան շրջանցող ճանապարհի կառուցման տարբերակը Թուրքիայի հետ սահմանից ելքով փոքր-ինչ տարբերվում է «Զանգեզուրով անցնող ճանապարհից»։
«Որքան գիտեմ, գնահատել են, որ հայկական տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ իրանական տարածքով երկաթուղին մոտ 50 կմ է։ Ահա և ամբողջ տարբերությունը. երկու կամուրջ և 8 կմ, 1520 (ուղի) և այնտեղ, և այստեղ»,- նշել է Օվերչուկը:
Երբ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համատեքստում խոսում է ինքնիշխանության և դրա պաշտպանության մասին, հիշում ենք նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետի խմբագրումը, որի մասին 168.am-ը գրել էր, երբ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովողից դարձել էր երաշխավորող:
Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում, և այլ, այսպես ասած, դերակատարում:
Մնում է հուսալ, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը» մի օր չի դառնա «Պատերազմի խաչմերուկ», հետո՝ «Փրկության»: