Պատասխան տալու փոխարեն՝ սպառնում են
Արածի ու չարածի, ձախողումների ու բերած աղետների համար պատասխան տալու, հաշվետու լինելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է ժողովրդին։ Ինչպես ժամանակին սպառնում էր, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա, այնպես էլ հիմա է սպառնում, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանություն, պատերազմ է լինելու։
Եվ սա՝ այն պարագայում, որ սպառնալիքով իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մինչև հիմա միայն աղետներ են բերել։
Ասել, որ ձախողել են երկրի կառավարումը, նշանակում է ոչինչ չասել։
Արցախի օրինակը բոլորի աչքի առաջ է. Նախորդ ընտրությունների ժամանակ խոստացել էին ոչ միայն վերադարձնել Շուշին ու Հադրութը, այլև լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Խոստումը կատարելու փոխարեն՝ ուրիշներին են մեղադրում Արցախը հանձնելու մեջ, ու այնպիսի պաթոսով են դա անում, որ երբեմն մարդիկ սկսում են կասկածել իրենց տեսածին ու լսածին։
Վերջերս էլ արդարանալու «անմեղ» տարբերակ են հորինել. Ասում են՝ սխալվել ենք, ու փորձում դրանով փակել թեման։ Ոչինչ, որ այդ սխալը ճակատագրական է եղել մի ամբողջ ժողովրդի, չհաշված՝ մի ամբողջ սերնդի համար։ Ոչ մեկը չի ուզում սրա համար պատասխան տալ։ Պատասխան տալու փոխարեն՝ արդարանում են ու մեղադրում ուրիշներին։
Ով՝ ով, բայց Հայաստանի այսօրվա կառավարիչները շատ լավ են յուրացրել իրականությունը շրջելու, կեղծելու, ստելու ու մարդկանց մոլորեցնելու արվեստը։
Պարտություններն են անգամ հաղթանակ ներկայացնում, կորուստները՝ ձեռքբերումներ։
Իշխանության մանիպուլյացիաների դեմ, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է առնել։ Ամեն դեպքում, կան բաներ, որոնցից դժվար է խուսանավել։
Նախորդ ընտրություններում սոցիալական ոլորտում այս իշխանությունների տված ամենաառանցքային խոստումը եղել է աղքատության կրկնակի կրճատումը։ Սրա մեջ են տեղավորում թե՛ աշխատավարձերի, թե՛ թոշակների բարձրացումը, թե՛ աշխատատեղերի ավելացումը, թե՛ գնաճը, և թե՛ մյուս բոլոր սոցիալական խոստումները։ Այս բոլոր առումներով արձանագրվող փոփոխությունները պիտի բերեին նրան, որ աղքատությունը կիսով չափ կրճատվեր։
Բայց ի՞նչ է տեղի ունեցել։
Պաշտոնապես աղքատությունը նվազել է, սակայն նվազման չափը նույնիսկ անիմաստ է համեմատել նրա հետ, ինչ ընտրողներին ու ժողովրդին խոստացել էր այս իշխանությունը։ Կիսով չափ կրճատելու փոխարեն, աղքատության չնչին նվազում է եղել։ Դա էլ՝ աղքատության գնահատման չափանիշների փոփոխության արդյունքում։ Թե ինչպես են այդ փոփոխություններն ազդել ցուցանիշների համադրելիության վրա, խնամքով թաքցնում են։ Ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ։ Եթե փոփոխությունն ի նպաստ լիներ իշխանությունների համար, վաղուց հանրայնացրել էին։ Բայց քանի որ խուսափում են դա անել, նշանակում է՝ իրենց օգտին չէ։
Վերջին տվյալներով, աղքատությունը Հայաստանում շարունակում է չափազանց բարձր լինել։ Բնակչության գրեթե 22 տոկոսը՝ գնահատման նոր չափանիշներով, աղքատ է։
Ութ տարի առաջ կամ նախկին իշխանությունների ժամանակ, պաշտոնական տվյալներով, աղքատությունը 23 տոկոսի սահմաններում էր։ Սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը չի կատարել երկրում սոցիալական իրավիճակի բարելավման իր առանցքային խոստումներից մեկը։
Այդքան, որ խոսում են աշխատավարձերի աճերի, աշխատատեղերի ստեղծումների, սոցիալական այլ ծախսերի ավելացումների մասին, բոլորը ձևականություններ են, եթե չեն հանգեցնում աղքատության ցուցանիշների բարելավման։ Այստեղ են երևում ուսուցիչների ու զինվորականների 700.000 դրամի հասնող աշխատավարձերի արդյունքները։ Այստեղ են երևում գիտնականների կրկնապատկված, եռապատկված ու քառապատկված աշխատավարձերի արդյունքները։ Այստեղ են երևում նաև մյուս բոլոր աշխատողների աշխատավարձերի աճերի արդյունքները։ Եթե այդ աճերից երկրում սոցիալական վիճակը կամ աղքատության պատկերը չի փոխվում, նշանակում է դրանք առոչինչ են։
Այլ բան, որ այս տարիներին կտրուկ փոխվել են ՔՊ-ականների սոցիալական պայմանները, նրանք դուրս են եկել երբեմնի աղքատ կարգավիճակից։
Փոխարենը՝ այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, չնայած սոցիալական իրավիճակի բարելաման շրջանակներում Հայաստանի այսօրվա կառավարիչները նախորդ ընտրությունների ժամանակ խոստացել էին ընդհանրապես վերացնել ծայրահեղ աղքատությունը։
Թե ինչո՞ւ է սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակում մնալ կայուն ծանր, իսկ աղքատությունը շատ դանդաղ է նվազում, պատճառներից մեկն էլ այն է, որ եկամուտներն անհամաչափ են բաշխվում։ Դրա դրսևորումներից է գործող ցածր նվազագույն աշխատավարձը։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումն էլ այսօրվա քաղաքական իշխանության ձևավորած կառավարության ծրագրի մյուս առանցքային կետերից մեկն է։ Հինգ տարվա համար խոստացված 17 հազար դրամի դիմաց՝ այն բարձրացրել են ընդամենը 7000 դրամով։ Նույնիսկ կեսի չափով չեն բարձրացրել։ Ու ստացվել է այնպես, որ 85.000-ի փոխարեն, նվազագույն աշխատավարձը հիմա Հայաստանում ընդամենը 75.000 դրամ է։
Այսօր տասնյակ-հազարավոր քաղաքացիներ մի ամբողջ ամիս աշխատում են ու այդքան աշխատավարձ են ստանում։ Բայց կարող էին 85.000 դրամ ստանալ, եթե կառավարությունը կատարեր իր ծրագրային պարտավորությունները։
Սոցիալական նշանակություն ունեցող նվազագույն աշխատավարձը 5 տարում բարձրացրել են ընդամենը 7000 դրամով, իսկ իրենք 6 ամիսը մեկ 7 միլիոնի բոնուս են ստանում՝ յոթանիշ աշխատավարձերից բացի։
Աղքատության հետ հակասության մեջ են նաև վերջին տարիներին Հայաստանում տասնյակ ու հարյուր հազարներով աշխատատեղերի ավելացման վերաբերյալ հայտարարությունները։ Չեն կարող այդքան նոր աշխատատեղեր բացվել, բայց աղքատությունը շարունակի մնալ այսքան բարձր։ Դա անուղղակիորեն ապացուցում է, որ կեղծ են իշխանությունների պնդումները, թե տասնյակ ու հարյուր հազարներով նոր աշխատատեղեր են ստեղծել։ Այդքան նոր աշխատատեղերի ստեղծման պայմաններում Հայաստանում չէր կարող գրեթե 650 հազար գործազուրկ լինել։
Ի դեպ, գործազրկության կրճատումն էլ իշխանության հիմնարար խոստումներից է։ Խոստացել էին, որ այն պիտի 10 տոկոսից ցածր լիներ, բայց գրեթե 12 տոկոսի է հասնում։
Ինչքան էլ փորձեն խուսափել, իշխանության ձախողումները համատարած են՝ սկսած քաղաքականից, վերջացրած սոցիալականով ու տնտեսականով։ Այդ ձախողումների համար պիտի պատասխան տան ժողովրդի առաջ։ Պատասխան տալու փոխարեն՝ պատերազմով են սպառնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



