Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը՝ սնանկության հայտարարության ֆոնին
Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերությունը սկսել է դադարեցնել իր գործունեությունը՝ չեղարկելով թռիչքները և դադարեցնելով հաճախորդների սպասարկումը, ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է սնանկության անհաջող գործընթացին նվիրված կայքում։
«Մեծ հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 2-ին Spirit Airlines ավիաընկերությունը սկսել է իր գործունեության կանոնակարգված դադարեցումը, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Բոլոր թռիչքները չեղարկված են, և հաճախորդների սպասարկումն այլևս հասանելի չէ», – ասված է լոուքոսթերի հաճախորդներին ուղղված հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունը օդանավակայան ժամանող ուղևորներին հիշեցրել է, որ ինքը «չի կարող ծառայություններ մատուցել»՝ խորհուրդ տալով տոմսերը վերամրագրել այլ ավիաընկերությունների չվերթների համար։
Ինչպես նշում է CNN-ը, գործունեության դադարեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավիավառելիքի գների կտրուկ աճը ձախողել է Spirit-ի՝ երկրորդ սնանկությունից դուրս գալու ծրագրերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ վերջին պահին փրկության փաթեթի շուրջ համաձայնության գալու փորձերը, որոնք ընդունելի կլինեին նաև վարկատուների հիմնական խմբի համար, ուրբաթ օրը ձախողվել են։
Այս որոշման պատճառով միլիոնավոր ուղևորներ, որոնք Spirit-ի տոմսեր ունեն, առաջիկա ամիսներին ստիպված կլինեն թռիչքի այլ տարբերակներ փնտրել, իսկ ընկերության 17,000 աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի։ Չվերթների չեղարկումը, հավանաբար, կհանգեցնի սակագների բարձրացման ԱՄՆ ողջ ավիացիոն ոլորտում։ Անցյալ շաբաթ ավիաընկերության փաստաբանը սնանկության հարցերով դատարանին հայտնել էր, որ վարչակազմի հետ ընթանում են «շատ ակտիվ բանակցություններ» ընկերության փրկության միջոցառումների շուրջ։
Սակայն, հեռուստաալիքի աղբյուրի համաձայն, վարկատուների հիմնական խումբը չի համաձայնել այդ ծրագրին։ Նրանք հրաժարվել են փաթեթից, որը, ըստ հաղորդումների, կառավարությանը վերահսկողություն կտար ավիաընկերության բաժնետոմսերի ճնշող մեծամասնության նկատմամբ։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես թե, հրաժարվել է փրկության փաթեթին կամ հնարավոր պետական գնմանը սատարելու իր նախկին դիրքորոշումից։
Բոլոր ավիափոխադրողները բախվել են ավիավառելիքի գների աճին, որոնք Իրանի պատերազմի սկզբից ի վեր գրեթե կրկնապատկվել են։ Ավիավառելիքը ավիաընկերությունների համար ծախսերի երկրորդ ամենամեծ հոդվածն է՝ զիջելով միայն աշխատուժի վճարման ծախսերին։



