Նախկինում չէր կարելի ընդերքը «քանդել-ծախել», հիմա արդեն կարելի է
Տնտեսության առանցքային ճյուղերից մեկում, մասնավորապես՝ արդյունաբերության մեջ, չնայած ստեղծված նպաստավոր պայմաններին ու ընձեռված հնարավորություններին, վերջին տարիներին իշխանություններին չի հաջողվում էական աճեր ապահովել։ Աճեր, իհարկե, լինում են, բայց դրանք շոշափելի չեն։ Եթե հայտնի արտաքին գործոններն էլ չլինեին, այդ մի քանի տոկոս աճերն էլ չէինք ունենա։
Այս տարվա սկզբին արտաքին գործոնները մի տեսակ կարծես թուլացել են, փոխարենը՝ զարմանալիորեն արդյունաբերության աճը կտրուկ ակտիվացել է։ Տպավորություն է, որ արդյունաբերությունը մտել է բարձր ակտիվության փուլ։ Բայց այդ ակտիվությունը զարգացման մասին չէ։
Արդյունաբերության աճի մեջ էապես ավելացել է ընդերքի շահագործման դերը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդերքը «քանդել-ծախելուց» չի խոսում։
Ընդերքի շահագործման ոլորտում տարեսկզբին կտրուկ աճեր են գրանցվել։
Տևական ժամանակ արձանագրվող անկումից հետո, արտահանումն էլ է ավելացել։ Նախորդ տարվա համեմատ տարեսկզբի առաջին 2 ամիսներին արտաքին շուկաների մատակարարումները 130 մլն դոլարով ավելացել են։
Թվում է՝ արտահանումն էլ տնտեսության տարբեր ճյուղերի հաշվին, լավ մեկնարկ է վերցրել։ Բայց, երբ խորանում ենք արտահանման կառուցվածքում, տեսնում ենք, որ այդ աճը բացառապես կամ հիմնականում ընդերքի հաշվին է։
Մինչ արտաքին շուկաների մատակարարումները Հայաստանից ավելացել են 130 մլն դոլարով, միային հանքահումքային ապրանքների արտահանումն աճել է 145 միլիոնով։
Այսինքն՝ նույնիսկ 15 միլիոնով ավելի շատ, քան ամբողջ արտահանումն է աճել։
Հանքահումքային ապրանքների 273 մլն դոլարի արտահանում է եղել, ինչն ավելի քան կրկնակի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Հանքահումքային ապրանքների արտահանումն ավելացել է արտադրության ծավալների աճին զուգահեռ։ Պաշտոնական տվյալներով, հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում արտադրության ծավալները տարեսկզբի 2 ամսում գրեթե 43 տոկոսով աճել են։ Փետրվարին աճը հասել է ընդհուպ 67 տոկոսի։
Ճիշտ է, այս աճերն արձանագրվել են անցած տարվա գրեթե 20 տոկոսանոց անկումից հետո, բայց անցած տարվա անկումը շատ ավելի քիչ էր, քան այս տարվա աճը։ Եվ դա հարցեր է առաջացնում, որոնք բխում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններից, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, մեծ-մեծ խոսում էր, թե նախկիններն ընդերքը «քանդել-ծախել» են՝ տնտեսական աճեր են ցույց տվել, տնտեսության աճերն այսուհետ պայմանավորված չեն լինելու ընդերքը «քանդել-ծախելով», հանքերը շահագործելով ու հումքն արտահանելով։
«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք մի մոդել, երբ տնտեսության աճը պայմանավորել ենք ընդերքը քանդելով, հանքերը շահագործելով և այդ հումքն արտահանելով։ Ասել ենք՝ արտահանում ունենք, տնտեսական աճ ունենք։ Բայց սա կայուն զարգացման մոդել չէ։ Հայաստանի տնտեսական զարգացումն այլևս չի կարող հիմնված լինել ընդերքը քանդել-ծախելու վրա։ Մենք պետք է անցնենք գիտելիքի, տեխնոլոգիայի, ստեղծարար աշխատանքի վրա հիմնված տնտեսության, որտեղ արժեքը ստեղծվում է մարդու մտքով, ոչ թե հողի տակից հանած ռեսուրսներով»,- ժամանակին ասում էր նախկին իշխանությունների նկատմամբ տեղի-անտեղի մեղադրանքներ հնչեցնելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանը։
Նրա այդ հայտարարությունից տարիներ հետո էլ, ինչպես տեսնում ենք, շատ բան չի փոխվել։ Կրկին ընդերքը «քանդել-ծախելն» էական դեր ունի՝ ինչպես արդյունաբերության ու արտահանման, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության աճերի վրա։ Բայց դրա մասին հիմա Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Խոսում էր, երբ պետք էր սևացնել ու մեղադրել նախկիններին։
Ընդերքը շահագործելը, իհարկե, հանցագործություն չէ։ Դա երկրի հարստությունն է, որը պետք է ծառայի երկրի խնդիրների լուծմանը։ Այլ բան, որ այդ հարստությունը միշտ չէ, որ ճիշտ է օգտագործվում։ Տարիներ անց էլ ունենք այն, որ շատ հաճախ պատրաստի արտադրանքի փոխարեն՝ հումքն է արտահանվում։
Երկար ժամանակ խոսվում է Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին, ինչն անհամեմատ կբարձրացներ ընդերքի շահագործման արդյունավետությունն ու կբարելավեր մեր տնտեսության որակը։ Բայց ինչպես տեսնում ենք, տարիներ անց էլ ոչ մի տեղաշարժ չկա։
Տեղաշարժ չկա նաև գիտելիքահեն ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն ստեղծելու առումով։ Նախկիններին մեղադրող Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարություններին, խոսելուց բացի, այդպես էլ չհաջողվեց փոխել տնտեսության որակն ու ստեղծել տնտեսության կայուն զարգացման մոդել։ Որքան էլ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճեր են գրանցվում, այդ աճերը որակ չեն ապահովում։ Դրանք հիմնականում պատահական ու ժամանակավոր գործոնների վրա, տնտեսության ոչ հիմնարար ճյուղերի վրա հիմնված աճեր են, որոնք գրեթե ոչինչ չեն ավելացնում տնտեսության զարգացումներին։
Դա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը չի բարելավվում։ Տեխնոլոգիական զարգացումներ խոստացող իշխանությունը տնտեսության առաջատար ճյուղը դարձրել է առևտուրն ու, որոշ բացառություններով, ծառայությունները, որտեղ արժեք գրեթե չի ստեղծվում։ Մինչդեռ՝ տնտեսության իրական հատվածը մնացել է լուսանցքում։
Անկումներին հաջորդող վերականգնումները երբեմն առաջընթացի տպավորություն են թողնում, բայց դրանցում հեռանկարային զարգացումներ չկան։
Մի օրինակ բերենք, որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է։
Պաշտոնական տվյալներով, այս տարի ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն ավելի քան 55 տոկոսով աճել է։ Թվում է, թե ոսկեգործության մեջ բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Բայց դա, ինչպես զարգացումների, այնպես էլ՝ ակտիվության հետ կապ չունի։ Կապված է ընդամենն անցած տարվա խոր անկման հետ։ Անցած տարի նույն ժամանակահատվածում ոսկերչությունը 70 տոկոս նվազում էր արձանագրել։ Այս տարի թեև աճել է, դեռ նախկին մակարդակին չի էլ հասել։
Տարիներ առաջ Հայաստանում ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալները շատ ավելին էին, քան հիմա է, չնայած արտաքուստ բարձր աճեր են գրանցվում։ Ու սա միայն ոսկերչությանը չի վերաբերում։ Դրա համար էլ, երբեմն անգամ երևացող բարձր աճերի պայմաններում՝ տնտեսության մեջ որակական փոփոխություններ չկան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



