Հուլուսի Աքարի դերակատարումը 44-օրյա պատերազմում. Ադրբեջանի համար ճակատագրական պահերին ի՞նչ այցեր են եղել

2020թ. պատերազմից հետո 168.am-ը բազմիցս անդրադարձել է 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցությանը, թուրք գեներալների կողմից Ադրբեջանի գլխավոր շտաբը ղեկավարելու, այդ թվում՝ ի դեմս Թուրքիայի զինված ուժերի գեներալ Բախտիար Էրսայի, ով պատերազմից հետո դարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականը, որ ադրբեջանական բանակն աստիճանաբար դառնա թուրքական մոդելի բանակ:

Մենք գրել ենք նաև, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին, և, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ աշխատել է թուրքական հետախուզությունը, կատարվել են Էրդողանի հրամանները:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Հաքան Ֆիդանն էր ղեկավարում  Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), ով այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր, ըստ էության, 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար:

Ի դեպ, պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե ընդունում է այն հանուն իրենց ընկերների կամ նրանց անունից, ովքեր Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս:

Կարդացեք նաև

Առանձին անդրադարձել ենք նաև 44-օրյա պատերազմին Պակիստանի մասնակցությանը, որտեղ դրվել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը: Նշել ենք, որ 2020թ. «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը, թերևս, ավելի շատ պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը: Իհարկե, պատերազմից հետո նոր որակ ստացան Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները, մասնավորապես՝ ռազմական առումով։ 

Այս օրերին, երբ թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովների նախագահների նիստին մասնակցության նպատակով Ադրբեջան է այցելել Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, հարկ է ներկայացնել մի քանի փաստ նաև նրա վերաբերյալ, հատկապես, երբ Բաքվում, Շուշիում Աքարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Նա 2020թ. պատերազմում ադրբեջանական հաղթանակը համարել է ամբողջ թյուրքական աշխարհինը, իսկ Շուշին էլ՝ թյուրքական աշխարհի սիմվոլը: Նման միտք Աքարն արտահայտել էր նաև պատերազմից անմիջապես հետո՝ ասելով. «44-օրյա պատերազմը և այդտեղ հաղթանակը ոսկե տառերով է գրվել Ադրբեջանի պատմության մեջ, նշանակում է նաև՝ թյուրքական պատմության»:

Պատահական չէր, որ պատերազմի օրերին՝ 2020թ. հոկտեմբերին, «Նեզավիսիմայա գազետան» հոդված էր հրապարակել, թե Անկարան դաշնակիցներ է փնտրում ղարաբաղյան պատերազմում:

Խոսքն այս դեպքում Ղազախստանի մասին էր, որտեղ պատերազմի օրերին այցելել էր Աքարը և փորձել ղարաբաղյան հարցի և պատերազմում թուրք-ադրբեջանական գործողությունների վերաբերյալ ճշտել ՀԱՊԿ անդամ այս երկրի դիրքորոշումը:

Եվ այսօր Աքարը, հաշվի առնելով, 44-օրյայում իրենց միասնական հաղթանակը, առաջարկել է թյուրքական աշխարհի երկրների միջև միասնական պաշտպանական մեխանիզմ ձևավորել, բացի այն, որ անհրաժեշտ է համարել Ադրբեջան-Թուրքիա պաշտպանական համագործակցության ամրապնդումը և համատեղ զորավարժությունների անցկացումը:

Վերադառնանք 44-օրյա պատերազմին նախորդած և արդեն բուն պատերազմական գործողությունների օրերին 2018 թվականին Թուրքիայի պաշտպանության նախարար նշանակված և պատերազմից հետո այդ պաշտոնից ազատված Հուլուսի Աքարի հայտարարություններին, հրապարակային ու ոչ հրապարակային պաշտպանական ակտիվությանը: Եվ այսպես:

2020 թվականի պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր. «Թուրքիան կօգնի Ադրբեջանին «ազատագրել օկուպացված տարածքները»» (չակերտները։- Մ.Պ.):

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ Պաշտպանության նախարարությունից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ 2023թ. օգոստոսին քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա և հայտնել, որ այս ամենի ֆոնին հանդիպումներ է ունեցել Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, այդ թվում՝ մի քանի հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ, նաև՝ բարեկամ Ֆրանսիան է զգուշացվել այս վտանգների մասին։

Եվ 44-օրյայի հենց առաջին օրը Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը վերահաստատել էր իր աջակցությունը Ադրբեջանին՝ մինչև վերջինի տարածքային ամբողջականության վերականգնում: Պատերազմի երկրորդ օրն արդեն տեղեկություններ եղան, որ թուրքական անօդաչու սարք են խոցել ՊԲ ուժերը:

Թուրքիան՝ ի դեմս Աքարի, պատերազմից հետո չի հերքել, որ 44-օրյայի օրերին «քննություն» է անցել նաև թուրքական սպառազինությունը:

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատերազմի օրերին մի քանի օրվա դադարներով շարունակում էր զգուշացումները, որ Թուրքիան ռազմական աջակցությունը մինչև վերջ ցուցաբերելու է Ադրբեջանին, ավելին՝ Աքարը քննադատում էր ԵԱՀԿ ՄԽ-ի՝ կրակը դադարեցնելու մասին պահանջը, շեշտելով, որ այն երկրները, որոնք երկար տարիներ ունակ չեն եղել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, բացարձակ վստահություն չեն ներշնչում և, ըստ էության, նման «պահանջատիրության» իրավունք չունեն:

Ավելի ուշ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, Թուրքիան սկսեց Հայաստանին մեղադրել Գյանջայի և ադրբեջանական մյուս բնակավայրերի խաղաղ բնակչությանը «թիրախավորելու» համար, և անգամ սպառնալ, թե «Հայաստանը պատմության և միջազգային իրավունքի առաջ պատասխան է տալու»:

Այսօր Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության Բաքվում ընթացող «դատավարության» համատեքստում ժամանակ առ ժամանակ Հայաստանի դեմ ցուցմունքներ են կորզվել և դեռ կորզվելու են «Գյանջայի դեպքերի» առնչությամբ:

Հավելենք, որ այս պայմաններում հոկտեմբերի 12-ին տեղի էր ունեցել նաև Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ, որի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկնել էր Հայաստանին ուղղված վերը նշված մեղադրանքները և պահանջել «հայկական զինված ուժերի հեռացում «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»»:

Սրանից մի քանի օր հետո տեղի էր ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարների հեռախոսային քննարկումը, որի ժամանակ Հուլուսի Աքարը շնորհավորել էր Ադրբեջանին Ֆիզուլին՝ Վարանդան վերցնելու և ՀՀ ԶՈՒ Սու-25 երկու ինքնաթիռ խոցելու համար:

Սակայն ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հոկտեմբերի 17-ին խոցել են ՀՀ զինված ուժերին պատկանող Սու-25 ինքնաթիռ:

Նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 17-ին Ադրբեջանը դարձյալ հայտարարել էր նաև, թե իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ:

Միաժամանակ հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, ինչը, բնականաբար, չի պահպանել ադրբեջանական կողմը:

2020 թվականի հոկտեմբերի 22-ին էլ տեղեկություն էր ստացվել, որ Թուրքիայի զինված ուժերն Անկարային մերձակա տարածքում լայնամասշտաբ զորավարժություն են սկսել՝ մարտական կրակի կիրառմամբ, երբ արցախյան թևում թեժ մարտեր էին:

Զորավարժությանը կիրառվել էին Fırtına ինքնագնաց հրետանային համակարգը, թուրքական Korkut զենիթային համակարգը, Kargu անօդաչու թռչող սարքեր, միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռներ:

Պատերազմից հետո գրել էինք, որ Ադրբեջանը հարց էր բարձրացրել Թուրքիայից ձեռք բերելու, մասնավորապես, Fırtına հրետանային ինքնագնաց և Korkut զենիթային համակարգերը:

Արդեն 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը: Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր։ 

Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր. 

«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения):

Այսինքն, Ադրբեջանը 44-օրյա պատերազմը սկսել է Թուրքիայի աջակցությամբ և այն ավարտել է դարձյալ թուրքական թելադրանքով, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Էրդողանի հետ, որից հետո, ըստ էության, ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը, որում իր հատուկ հետաքրքրությունն ունի Թուրքիան՝ կոմունիկացիաների ապաշրջափակման և, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի համատեքստում: Չմոռանանք, որ պատերազմից հետո Աղդամում ստեղծվեց ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որի փակման մասին մամուլում տեղեկություններ հայտնվեցին Արցախի հայաթափումից հետո:

Իսկ Հուլուսի Աքարը թեև արդեն Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում չէ, բայց, տարբեր տեղեկություններով, շարունակում է «կուրատորություն» անել նախիջևանյան թևում, որտեղ թուրքական ռազմական ազդեցությունը մեծ է:

Իսկ Աքարն այսօր Հայաստանին սպառնում է արդեն խաղաղության համաձայնագրի տրամաբանության մեջ: Այն, որ իրավիճակը սրան էր հասնելու, Փաշինյանի համար պարզ էր դեռ 44-օրյա պատերազմից առաջ, հատկապես, երբ պատերազմից առաջ, ինչպես արդեն նշեցինք, Աքարը զգուշացրել էր՝ «ազատագրելու են «օկուպացված տարածքները»:

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն էր արել:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

Տեսանյութեր

Լրահոս