«Փաշինյանը թքած ունի այս հարցի վրա. մեր երեխեքին տարավ սպանեց, մեզ հայրենիքից զրկեց». որդեկորույս մայրը՝ Արցախում թողած որդու շիրիմի մասին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի հետ չեն քննարկում և երբեք չեն քննարկել՝ ինչպես «Ղարաբաղի, Բաքվի հայերի վերադարձի, այնպես էլ՝ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարց, որովհետև երկու կողմից էլ այդ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա»։

Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող եկեղեցիներին, Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց Արծվաշենը, նշելով, որ, «եթե Արծվաշենում մզկիթ կառուցված լինի և հայերը գնան ու որոշեն այնտեղ ապրել, ապա մզկիթը չե՞ն քանդելու»։

Թե ինչ է սպասվում օկուպացված Արցախում եղած գերեզմանոցների ճակատագրին, այդ թվում՝ «Եղբայրական գերեզմանոցին», հայտնի չէ, արդյո՞ք այս հարցը ևս Նիկոլ Փաշինյանը դիտարկում է այնպես, ինչպես եկեղեցիների հարցը, որ այն պետական մակարդակով քննարկման առարկա չի դարձնելու։

Արցախյան առաջին ազատամարտի ու դրան հաջորդած պատերազմների բոլոր նահատակների շիրիմները մնացել են Արցախում, 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արմեն Բաղդասարյանի շիրիմը նույնպես մնացել է Արցախում՝ հայրենի Գանձասարում։

Կարդացեք նաև

Արմեն Բաղդասարյանի մայրը՝ Էլիզա Բաղդասարյանը, երբ 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվել է Արցախից ու չի կարողացել որդու շիրիմը տեղափոխել Հայաստան, ճարահատյալ խնդրել է՝ որդու շիրիմին մի «սնարյադ» գցեն, որպեսզի թուրքերը չկարողանան պղծել, սակայն որևէ մեկը նման քայլի չի գնացել։

168.am հետ զրույցում Էլիզա Բաղդասարյանը նշեց, որ չի էլ մտածել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հանկարծ ու հանկարծ Արցախի մշակութային հուշարձանների ոչնչացման խնդիրը պետական մակարդակով բարձրաձայնել։

«Եթե այդ մարդու մոտ գոնե մի քիչ, աննշան հայկական խիղճ է մնացել, քայլեր թող ձեռնարկի՝ գոնե մեր որդիների շիրիմները տեղափոխի Հայաստան, գոնե մենք ծաղիկներ դնելու, խունկ ծխելու տեղ ունենանք։ Բայց ես չեմ հավատում, որ նման բան կանի, Փաշինյանն ուղղակի թքած ունի այս հարցի վրա, անօրեն մեր երեխեքին տարավ, սպանեց, մեզ հայրենիքից զրկեց, նա թքած ունի մեզ վրա»,- նշեց Էլիզա Բաղդասարյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունենա, ապա այս հարցը լուծելու համար կհամագործակցի ԵՄ-ի, Ռուսաստանի ու տարբեր կառույցների հետ, որոնք կաջակցեն։ Սակայն նա հստակ ցույց է տվել, որ որևէ ցանկություն չունի այդ հարցին անդրադառնալու համար։

Հիշեցնենք, որ մի քանի անգամ արցախահայերը բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցների մի մասը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում պայթյունից հետո անհետ կորածների հարազատներն էին, ովքեր Նիկոլ Փաշինյանից պահանջում էին հանդիպում, քանի որ հենց նա է բանակցում Ադրբեջանի հետ։

Ակցիային մասնակցում էին նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում զոհված և Արցախում հուղարկավորված անձանց հարազատները: Նրանք էլ պահանջում էին, որպեսզի Կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի իրենց զոհված հարազատների մարմիններն Արցախից հանեն ու Հայաստանում վերահուղարկավորեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031