Ինչպե՞ս պահպանել կրծքագեղձի առողջությունը. խորհուրդ են տալիս «Սլավմեդ»-ի բժիշկները
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններից է ժառանգական նախատրամադրվածությունը։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական ծառայության ղեկավար Արամ Ակունցի խոսքով՝ կարևոր է նաև կրծքով կերակրման ճիշտ դադարեցումը։
«Ցավոք սրտի, Հայաստանում կրծքով կերակրելու մշակույթը դեռևս լիարժեք ձևավորված չէ, և համապատասխան դպրոցներ կամ համակարգված կրթական հարթակներ գրեթե չկան։ Արդյունքում՝ բազմաթիվ կանայք առաջնորդվում են հարազատների կամ շրջապատի խորհուրդներով՝ հաճախ կիրառելով ոչ ճիշտ մեթոդներ թե՛ կերակրման, թե՛ դրա դադարեցման ընթացքում, ինչը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների»,- doctors.am-ի հետ զրույցում նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական ծառայության ղեկավար Արամ Ակունցը և հավելելում՝ չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունն այս դեպքում բարձր չէ, սակայն դա չի բացառում բժշկին դիմելու անհրաժեշտությունը։
Նա ընդգծում է, որ կրծքով կերակրման ընթացքում և հատկապես դրա դադարեցման փուլում կարևոր է մասնագետի վերահսկողությունը։ «Գոյություն ունեն նաև բարորակ ուռուցքներ, որոնք ժամանակին չբուժվելու դեպքում կարող են դառնալ չարորակ, ուստի նա խորհուրդ է տալիս բոլոր կանանց՝ անկախ տարիքից, ցանկացած կասկածելի փոփոխության դեպքում անպայման դիմել բժշկի»,-ընդգծում է Արամ Ակունցը։

Հիվանդության վաղ փուլերում այն հաճախ կարող է ընթանալ առանց արտահայտված ախտանշանների։ Որպես կանոն, գանգատները զարգանում են ավելի ուշ։ Սակայն ինքնաշոշափումը ևս օգնում է ժամանակին նկատել հնարավոր փոփոխությունները։
«Առաջին փոփոխությունը, դա կոշտացումն է, ինչպես նաև մաշկի գույնի փոփոխությունը, մաշկի ձգվածությունը։ Պտուկներից արտադրությունը, հատկապես՝ արյունային, պետք է կնոջը ուղղորդի հետազոտության։ Յուրաքանչյուր կին ամիսը մեկ անգամ, ամենահարմարը՝ լոգանք ընդունելիս, օճառոտ ձեռքերով պետք է շոշափի կրծքագեղձերը․ ձեռքը բարձրացնելով՝ աջ ձեռքով ձախ կուրծքը և հակառակը։ Եթե շոշափման ընթացքում հայտնաբերվում է որևէ արտառոց կոշտացում, պարտադիր է դիմել բժշկի և սահմանել հսկողություն»,- նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բժիշկ-ռադիոլոգ, կրծքագեղձի պատկերավորման մասնագետ Աննա Գրիգորյանը։
Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բժշկական զննություն։ 40 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում կրծքագեղձի պատկերավորումն իրականացվում է Hologic 3Dimensions թվային մամոգրաֆիկ համակարգով. տեխնոլոգիա, որը համապատասխանում է ոլորտի ամենաբարձր միջազգային ստանդարտներին։
«Մամոգրաֆիային զուգահեռ միշտ կատարում ենք սոնոգրաֆիա, որպեսզի հետազոտության ինֆորմատիվությունը լինի առավելագույնը։ Բազմակի փոփոխությունները գնահատում ենք մամոգրաֆիայով, իսկ սոնոգրաֆիայի միջոցով, ի լրացում, հայտնաբերում ենք նաև այլ փոփոխություններ Այսպիսով, դրանք հանդիսանում են մեկը մյուսին լրացնող հետազոտական մեթոդներ»,- մանրամասնում է Աննա Գրիգորյանը։
Բժշկուհին կարևորում է համակարգի դերը՝ ճշգրիտ պատկերավորման, պացիենտների հարմարավետության, հետագա բուժման պլանավորմանն օժանդակելու տեսանկյունից։ Նա նաև հավելում է. «Մամոգրաֆիկ հետազոտությունը մեր կենտրոնում անցավ է, քանի որ հետազոտության հարթակները կոր են, և հետազոտության ժամանակ հարթակները բավականին ճկվում են, և հետազոտոտությունը դառնում է լիարժեք անցավ»։
Ինչ վերաբերում է հիվանդության վիրաբուժական մեթոդներին, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս հիվանդության առկայության դեպքում կնոջ կուրծքը պահպանել, անհրաժեշտության դեպքում իրականացնելով պլաստիկ վերականգնում ժամանակակից բժշկության վերջին մոտեցումների կիրառմամբ:
«Ներկայում կրծքագեղձի ամբողջական հեռացումը գրեթե չի իրականացվում, քանի որ գոյություն ունեն նորագույն և ժամանակակից մեթոդներ։ Իր հերթին նախավիրահատական բուժումը կարող է նվազեցնել գոյացությունների զարգացումը շուրջ 60–70%-ով»,- ասում է Արամ Ակունցը։
Բժշկի խոսքով՝ վիրահատությունից 5 տարի անց հիվանդը համարվում է լիովին ապաքինված, սակայն դա չի նշանակում, որ հետագա վերահսկողությունն այլևս անհրաժեշտ չէ։ Նույնիսկ ապաքինումից հետո կարևոր է շարունակել պարբերական հետազոտությունները, քանի որ հնարավոր է նոր գոյացությունների կամ ուռուցքի կրկնակի առաջացում։
Մինչև 40 տարեկան կանանց համար սովորաբար բավարար է տարեկան մեկ անգամ անցնել կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, ստանալ մասնագետի խորհրդատվություն։ 40 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում պարտադիր անցնել մամոգրաֆիկ հետազոտություն՝ տարեկան մեկ անգամ։



