Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից մեկը։

Զելենսկիի ներկայությունը անխուսափելիորեն ուժեղացնում է գագաթնաժողովի անվտանգային օրակարգը և, առնվազն ընկալման մակարդակում, միջոցառմանը հաղորդում է հակառուսական երանգ։

Այս այցը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և բնականաբար ներգրավվում է ներքին քաղաքական դիսկուրսում։ Առնվազն տեսանելի է, որ Զելենսկիի այցը Երևան մեծացնելու է աշխարհաքաղաքական լարվածությունը հունիսի 7-ի ընտրությունների շուրջ:

Սակայն խնդիրը միայն արտաքին ընկալումները չեն։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը նաև հստակ ներքաղաքական նպատակ ունի՝ ընտրություններից առաջ ցուցադրել միջազգային լեգիտիմություն և ակտիվ դիվանագիտական դերակատարություն։ Եվ հենց այստեղ է առաջանում հիմնական ռիսկը Փաշինյանի համար:

Զելենսկին այսօր համաշխարհային մեդիա դաշտի ամենատեսանելի առաջնորդներից է։ Նրա յուրաքանչյուր այց ինքնաբերաբար դառնում է տեղեկատվական գլխավոր թեմա։ Արդյունքում ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ․ միջոցառումը, որը պետք է ուժեղացնի հյուրընկալող կողմի դիրքերը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ տեղափոխելով ուշադրության կենտրոնը դեպի հյուրին։

Այսպիսով, գագաթնաժողովը միաժամանակ դառնում է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր։ Մի կողմից, այն բարձրացնում է Երևանի դիվանագիտական կշիռը և ընդգծում միջազգային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից՝ նվազեցնում է Փաշինյանի կողմից սպասվող տեղեկատվական «մենաշնորհը»՝ հատկապես այն դեպքում, երբ օրակարգում հայտնվում է ավելի գլոբալ ֆիգուր։

Զելենսկիի այցի ազդեցությունը կախված է ոչ այնքան նրա ներկայությունից, որքան այն բանից, թե ինչպես այն կկառավարվի քաղաքական և տեղեկատվական մակարդակներում։ Եթե իշխանությանը հաջողվի ձևավորել հստակ ուղերձներ և պահել նախաձեռնությունը, ապա այցը կարող է ծառայել իր նպատակներին։ Հակառակ դեպքում՝ այն կարող է վերածվել մի գործոնի, որը կստվերի հենց այն PR-ը, որի համար կազմակերպվում էր այս գագաթնաժողով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031