
Ալիևը քարոզչական շանտաժի՞ է ենթարկում Պուտինին, թե՞ մտափոխվել է…

Ադրբեջանը որոշել է քարոզչական-տեղեկատվական շանտաժի ենթարկել Ռուսաստանին: Մասնավորապես, իշխանական քարոզչամեքենայի տրամաբանության մեջ գործող minval.az-ը հոդված է հրապարակել, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Իրականությունը հետևյալն է՝ ցանկացած ուժային ճնշում Ադրբեջանի վրա, ավտոմատ կերպով բախվելու է Թուրքիայի շահերին, որը Շուշիի հռչակագրի շրջանակում ոչ միայն Ադրբեջանի դաշնակիցն է, այլ անվտանգության երաշխավորը: Այսինքն, կոնֆլիկտի սրման դեպքում դժվար թե Անկարան կողքից դիտողի դերում մնա: Բացի այս, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական կարգավիճակը Եվրոպայի էներգետիկ քարտեզում, էսկալացիան կարող է ներքաշել ավելի լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք շահագրգիռ են Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ»:
Ավելին, Բաքուն տեղեկատվական հարթությունում Ռուսաստանին անգամ զգուշացնում է սպառնալիքների աճի դեպքում ավելի ռադիկալ քայլերի գնալ, ընդհուպ՝ ՆԱՏՕ-ի բազա տեղակայել, օրինակ, Խաչմազի շրջանում՝ Ռուսաստանի սահմանից ոչ շատ հեռու:
Սա այն դեպքում, երբ Բաքուն միշտ դեմ է եղել իր երկրում ցանկացած օտար ուժի տեղակայմանը, ավելին՝ 2024 թվականի դեկտեմբերին «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը թուրքական բազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում իր տարածքում՝ հերքելով շրջանառված տեղեկությունները: Իհարկե, թուրքական ազդեցությունը մեծ է Ադրբեջանի զինված ուժերի վրա, Նախիջևանում էլ, ըստ էության, թուրքական ազդեցիկ ներկայություն կա:
Մյուս կողմից, 2025 թվականին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային պատկանող բազայի տեղակայման հարցը դարձյալ ժամանակ առ ժամանակ քննարկվում է Բաքվի որոշակի շրջանակների կողմից, որի հետ, ըստ նրանց, Ռուսաստանը պետք է հաշվի նստի: Թեպետ, ինչպես արդեն նշեցինք, նմանօրինակ լուրեր նաև անցած տարի են շրջանառվել:
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին Ադրբեջանը և Ռուսաստանը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր էին ստորագրել, որը կոչված է նոր մակարդակ հաղորդել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին:
Փաստաթղթում, օրինակ, շեշտվում է, որ երկու երկրները պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություն անցկացնել, եթե առաջանա այնպիսի իրավիճակ, որը կողմերից մեկի կարծիքով՝ կարող է սպառնալիք հանդիսանալ, խաթարել խաղաղությունը և վտանգել կողմերից մեկի անվտանգային հետաքրքրություններն ու շահերը:
Հռչակագրում չի անտեսվել նաև Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման հարցերը:
Եվ հիմա, երբ Ադրբեջանն առնվազն կամ զուտ քարոզչական հարթությունում սպառնալիք է տեսնում Հռչակագրի մյուս կողմ հանդիսացող Ռուսաստանից, բայց որից դուրս չի գալիս, աբսուրդային իրավիճակ է ստացվում:
Իսկ վերևում հիշատակված հոդվածում իրականում Ադրբեջանը ոչ միայն շանտաժի է ենթարկում Ռուսաստանին, այլ անուղղակի կերպով նաև, ըստ էության, Թուրքիային, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ անդամ երկրներին, փորձելով բերել Ադրբեջան-Ռուսաստան հակամարտության դաշտ, օգտվելով, թերևս, նրանց՝ Ռուսաստանի դեմ ունեցած այլ քաղաքական շահերից, այդ թվում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում:
Այն, որ Ադրբեջանը նման տոնով է խոսում Ռուսաստանի հետ, անշուշտ, հենց ռուսական կողմի մեղավորությունն է:
Հիշեցնենք, որ AZAL-ի ինքնաթիռի խոցման համար Ռուսաստանի դեմ միջազգային դատարան դիմելու մտադրություն ունեցող Բաքուն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նախիջևանի հատվածում ռուսական ուղղաթիռ էր խոցել:
Մասնավորապես, նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել էր շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել էր կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում, ինչի հետևանքով զոհվել էին Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան:
Ի դեպ, սկզբում ռուսական կողմը հայկական կողմին է կասկածել, այս մասին 2023 թվականի մայիսին իր տարածած հայտարարության մեջ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Եվ երբ ռուսական կողմի կասկածները չեն հաստատվել, դրանից հետո տեղի են ունեցել եռակողմ հայտարարության նախնական տարբերակի շուրջ քննարկումներ, այդ թվում՝ հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլնի շուրջ: Իսկ ադրբեջանական կողմը ներողություն էր խնդրել ՌԴ-ից և փոխհատուցում առաջարկել:
Հավելենք, որ առկա են փաստեր նաև 44-օրյա պատերազմի օրերին Սյունիքի հատվածում՝ Մեղրիում, ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանման, կայանի ադրբեջանական թիրախավորման մասին:
Թե որքան հեռու կփորձի գնալ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին՝ ցույց կտան զարգացումները: Չի բացառվում, որ մի օր, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի ռազմաքաղաքական էլիտայից կորզած որոշ փաստեր Ալիևն ուղղի նաև Ռուսաստանի դեմ՝ և՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, և՛ 2020 թվականի 44-օրյայի, և՛ հետպատերազմյան ժամանակաշրջանի ու 2023 թվականի «հակաահաբեկչական» օպերացիայի օրերի հետ կապված: Սա հատկապես, երբ 2016 թվականի քառօրյայի և 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ արդեն քարոզչական մեղադրանքներ հնչել են:
Իսկ մինչ այդ Ստամբուլում բացված IDEF-2025 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այնուհետև փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։