«Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է». թուրք պատմաբան

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ermenihaber.amը զրուցել է թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուի հետ, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հետազոտություններով և ուսումնասիրություններով։

– Պարոն Չեթինօղլու, որպես թուրք պատմաբան, ի՞նչ է նշանակում և խորհրդանշում Ձեզ համար ապրիլի 24-ը։

– Ապրիլի 24-ը նշանավորում է 20-րդ դարից մինչև մեր օրերը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, որը մինչ օրս մնացել է չփոխհատուցված և ժխտված՝ քաղաքակիրթ աշխարհի աչքերում։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի դեմ համընդհանուր դավադրության առաջին օրն է։ Կարծես մի կոճակ սեղմված լիներ՝ հայկական կուսակցությունները, ասոցիացիաները և թերթերը փակվել են, հասարակության առաջնորդներն ու մտավորականները ձերբակալվել և ուղարկվել են դեպի անհայտություն և դա մահվան ճանապարհներ ուղարկվելու տարելիցն է։

Ապրիլի 24-ի դավադրությունը կոտրեց հայ ժողովրդի դիմադրության ներուժը ցեղասպանության դեմ, և համայնքի առաջնորդների ներգաղթից հետո ավելի հեշտ դարձավ հայ ժողովրդին զրկել ամեն ինչից և քարավաններով ուղարկել մահվան՝ «տեղահանության» անվան տակ։ Ցավոք, հարյուր տարի անց մեր օրերում Արցախի հայության դեմ կիրառված ցեղասպանությանը «քաղաքակիրթ» աշխարհը ականատես եղավ առանց ամոթի։ Եվ «քաղաքակիրթ» հորջհորջվող այդ աշխարհի երեսին այն կմնա որպես անջնջելի սև բիծ։

– Մոտենում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Որպես մարդ՝ ինչպե՞ս եք ընկալում հայ ժողովրդի տառապանքները։ Եթե դուք հայ ժողովրդի զավակ լինեիք, ո՞րը կլիներ այս վերքը բուժելու ձեր ճանապարհը։

– Ցեղասպանության 111-րդ տարելիցին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դեռ ժխտելն ուղղակի անամոթություն է։ Այն պետք է ճանաչվի։ Հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը դադարեցնելու և փոխհատուցելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը մարդկության պարտքն է։

– Թուրքիայի կառավարությունը փոխվում է, բայց Հայոց ցեղասպանության ժխտումը մնում է նույնը: Ի՞նչ եք կարծում, երբևէ կգա՞ մի օր, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Ես այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան մեկ գիշերվա ընթացքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Շատ կարևոր պատճառներ դժվարացնում են ճանաչումը: Այս գործոններից նույնիսկ մի քանիսը նշելը բավարար է բացատրելու համար, թե ինչու է ճանաչումը անհնար.

Նախ, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունները ասիմետրիկ են: Այս ասիմետրիան ճանաչման ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Բուրդուրի պատգամավոր Իսմայիլ Սուֆի Սոյսալլիի կողմից 1920 թվականի հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի գաղտնի նիստում արտահայտված թեման այսօր էլ արդիական է. «Մեր պարտականությունն է Հայաստանը թողնել այնտեղ, որտեղ այն այսօր է:

Հայաստանը մեծացնելը դեռ փոքր ժամանակ փշոտ տնկիի տակ մի սայլ գոմաղբ/պարարտանյութ լցնել է նշանակում»։ Հայաստանին շնչել թույլ չտալը հիմնարար և անփոփոխ պետական քաղաքականություն է։ Նույնիսկ եթե կառավարությունները փոխվեն, այս քաղաքականությունը մնում է նույնը: Այս առումով տիպիկ է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթն Ադանայում։

«Ներկաները բավականաչափ հմուտ չէին արվեստում: Մեր ընկերը իր հայտարարության մեջ նշել է, որ մեր Ադանան ներխուժած մյուս տարրերը՝ սրանք և նրանք, հայերը, գրավել են մեր արվեստի կենտրոնները և դիրք են գրավել, կարծես այս երկրի տերերը լինեն: Անկասկած, դրանից ավելի մեծ անարդարություն և ամբարտավանություն չի կարող լինել: Հայերը ոչ մի իրավունք չունեն այս բերրի հողում: Ձեր երկիրը ձերն է, այն պատկանում է թուրքերին: Այս երկիրը պատմության մեջ թուրքական է եղել, հետևաբար այն թուրքական է և հավերժ կապրի որպես թուրքական (բարձր ծափահարություններ):

Չնայած այս գեղեցիկ երկիրը հնագույն ժամանակներից ի վեր բազմիցս ենթարկվել է օտար ներխուժումների, այս հողերը, որոնք սկզբնապես թուրքական և թուրանական էին, նվաճվել են պարսիկների կողմից: Այնուհետև այս վայրերն ընկան Ալեքսանդր Մակեդոնացու ձեռքը, որը հաղթեց պարսիկներին»: Երբ հողերը բաժանվեցին նրա մահից հետո, Ադանայի շրջանը մնաց Սիլիֆկեի [ենթադրաբար Սելևկյանների] ժողովրդին:

Որոշ ժամանակ այստեղ բնակություն հաստատեցին եգիպտացիները, ապա հռոմեացիները ներխուժեցին, ապա այն ընկավ արևելյան հռոմեացիների՝ այսինքն՝ բյուզանդացիների ձեռքը, ապա արաբները եկան և վռնդեցին բյուզանդացիներին։

Վերջապես, մեր թուրքական ծագում ունեցող ազգականները, որոնք ամբողջությամբ ծագումով Ասիայի սրտից էին, եկան այստեղ և վերականգնեցին երկիրը իր նախկին և նախնական վիճակին (ծափահարություններ)։ Երկիրը վերջապես հաստատվեց իր նախկին տերերի ձեռքում։ Հայերը և մյուսները այստեղ ոչ մի իրավունք չունեն։ Այս բերրի հողերը մաքուր և իսկապես թուրքական հողեր են»։ [Հաքիմիեթ-ի Միլլիե, 1923 թվականի մարտի 21]։

Երկրորդ՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների անունները Հայոց ցեղասպանության հետ կապելը նույնպես ճանաչման ճանապարհին կարևոր խոչընդոտներից է։ Հայոց ցեղասպանության մեջ մեղադրվողները ձևավորել են Թուրքիայի Հանրապետության բյուրոկրատիան և բուրժուազիան։

Այս թեմայի վերաբերյալ իմ կենսագրական ուսումնասիրության ջարդոնի վերածվելով կիլոգրամներով վաճառվելն ու այդ կերպ վերացվելը ինձ համար զարմանալի չի եղել։ Ամեն բուրժուազիայի ձեռքերը արյամբ են թաթախված։ Սակայն մի ամբողջ ժողովրդի իր պատմական հողերից ջնջվելը, նրա արժեքների գողացումն ու ամբողջ կուտակվածի բռնագրավումը չափազանց հազվադեպ օրինակ է։

Այս իրականությունը թուրք-քուրդ բուրժուազիայի համար շատ դժվար է մարսել։ Դեռևս ոչ ոք պատրաստ չէ ընդունել, որ իր նախնիները մարդասպան և գող են եղել։ Հայերից գողացված ունեցվածքի մի մասի օրինակների համար ցանկացողներին կուզենայի կիսվել երկար ցուցակի հղումով։ Բռնագրավված/գողացված հայկական ունեցվածքի օգտագործման վերաբերյալ մեկ այլ փաստ ևս ներկայացված է այդ հղմամբ։ Հայերից գողացվածների հարցը չի բարձրացվի։ Թուրքիայի Հանրապետությունը այս հարցում շատ զգայուն է։

– Աշխարհը զարգանում է, և հասարակությունները ձգտում են քաղաքակիրթ դառնալ՝ սկսելով անցյալի և ներկայի իրադարձություններին այլ կերպ նայել և ընդունել: Ձեր կարծիքով, կգա՞ երբևէ մի օր, երբ թուրքական հասարակությունը պատրաստ կլինի Հայոց ցեղասպանության ընկալմանը։

– Ես իրատեսական չեմ համարում այն ​​պնդումը, որ հասարակությունները քաղաքակիրթ են դառնում աշխարհի զարգացմանը զուգընթաց: Թուրքիայում նրանց հռետորաբանությունը, ովքեր «ընդունում» են Հայոց ցեղասպանությունը, խնդրահարույց է: Ես երբեք չեմ հանդիպել որևէ մեկի, ով ընդունում է, որ իր կենսաբանական պապը ցեղասպան և գող է եղել: Համեմատվում է տառապանքը: Նրանք սկսում են «Հայերի հետ վատ բաներ են պատահել, բայց հայերն էլ…» արտահայտությամբ և ավարտվում են անուղղակիորեն ասելով, որ հայերը արժանի էին ցեղասպանությանը: Տխուր իրականություն է նաև, որ 85 միլիոն բնակչություն ունեցող երկրում Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ներողություն խնդրող արշավը կարողացավ գերազանցել ընդամենը 30.000 մարդ:

Վերջին օրերին թուրք մտավորականների կողմից կազմակերպվել էր «Կոմունիստական մանիֆեստի» վերաբերյալ սեմինար։ Սեմինարին հայերից ոչ ոք չէր հրավիրվել։ Մինչդեռ այս երկրում «Կոմունիստական մանիֆեստի» հայերեն թարգմանության և տպագրության գործընթացի մասին տեղեկությունները առկա են Էնգելսի կողմից «Կոմունիստական մանիֆեստի» 1888 թվականի անգլերեն հրատարակության նախաբանում։ Սոցիալիստական գրականության մեջ այս տարածաշրջան սոցիալիզմը բերողների թվում հայերը եղել են, սակայն այդ փաստը հիմնականում անտեսվում է։

Թուրքիայի սոցիալիստական շարժումը 1920 թվականից սկսած ներկայացվում է որպես Մուստաֆա Սուպհիի հիմնադրած Թուրքիայի Կոմունիստական կուսակցության շարունակություն, մինչդեռ Իթթիհատ վե Թերաքքի կուսակցության օրգան «Türk Yurdu»-ի նախկին խմբագրի հետ կապված շրջանակներից է սկսվում այդ պատմության ներկայացումը։

Սակայն այս տարածաշրջանի հայկական սոցիալիստական շարժումների մասին ընդհանրապես չի խոսվում, և այդ կազմակերպությունները հիմնականում կապվում են միայն ահաբեկչության հետ։

Բացի այդ, այս մոտեցումը շարունակվում է նաև 19-րդ դարի երկրորդ կեսից սկսված հայերի ժողովրդավարացման ջանքերի նկատմամբ։ Հայերի կողմից այս տարածաշրջանի ժողովրդավարացման ուղղությամբ իրականացված փորձերը մեծամասամբ անտեսվում են։ Գրեթե չի խոսվում հայերի մասնակցության մասին Օսմանյան սահմանադրության պատրաստման, դրա կյանքի կոչման և ժողովրդավարական պայքարների մեջ։

Թուրքիայի Ժուռնալիստների միության սպանված/նահատակված լրագրողների ցուցակում չկա 1915 թվականի ապրիլի 24-ից հետո սպանված հայերից ոչ մեկը։ Վերջերս սպանված սոցիալիստ լրագրող Հայրապետ Կոնցան նույնպես չի ընդգրկվել այդ ցուցակում։ Միայն ձևականորեն Հրանտ Դինքի անունը է ավելացվել ցուցակում։ Նույնպես զարմանալի չէ, որ այդ ցուցակում բացակայում են սպանված հույն լրագրողները։

1912 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական խունտայի կողմից մահապատժի ենթարկված Լևոն Էքմեքչյանի անունը նույնպես չի հիշատակվում Թուրքիայի սոցիալիստների կողմից կազմված՝ ռազմական խունտայի զոհերի ցուցակներում, ինչը նույնպես սովորական է համարվում։

Վերջում, հատկապես այն պայմաններում, երբ չորս կուսակցությունների միաձայն 2016 թվականին Ցեղասպանության դեմ հայ դիմադրության ամենակարևոր կենտրոններից մեկը համարվող Ուրֆային առանց վիճարկման և առարկության տրվել է «Անկախության մեդալ», դժվար է Թուրքիայի հասարակության անունից որևէ բան ասել կամ հույս ունենալ։

Հայկական դիմադրության օջախները ճնշելուց հետո այդ շրջաններին Թուրքիայի խորհրդարանի կողմից «Հերոս», «Գազի», «Փառավոր» և նմանատիպ տիտղոսների շնորհումը ձևավորված ավանդույթ է։ Տրված օրինակները չպետք է ընկալվեն որպես ծայրահեղ կամ բացառիկ դեպքեր։

Սա ձախից աջ լայն սպեկտրով տարածված «մտածողություն» է։ Իրականում, սակայն, դժվար է ասել, որ սա ամբողջ հասարակության մտածողությունն է, քանի որ «մտածողությունը» հաճախ ծույլ է․ այն հետևում է նրան, ով իր փոխարեն «մտածում է»։ Եթե մի կողմ թողնենք ներկան, նույնիսկ հեռավոր ապագայի տեսանկյունից, ցավոք, հասարակության մեջ ցեղասպանության հետ առերեսվելու որևէ հստակ հեռանկար չի երևում։

Անի Գալստյան

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930