«Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան
Դավիթ Անանյանը գրում է. «Ապրիլի 24-ը մեր օրացույցում պարզապես սգո օր չէ։ Այն ինքնության, հիշողության և պահանջի համադրված օրն է։
Գիտակցական կյանքիս յուրաքանչյուր ապրիլի 24 ինձ ու իմ սերնդին տվել է մի հիմնարար ըմբռնում․ սուգն ու պահանջը հակադիր չեն, այլ՝ լրացնող։
Սգալ՝ որպեսզի ցավը չդառնա լռություն, որպեսզի սերունդները մնան իրենց պատմության գիտակից կրողները։
Պահանջել՝ որպեսզի ոճիրը չմնա անպատիժ, որպեսզի Թուրքիան առերեսվի իր անցյալին՝ հանուն ապագայի և մարդկության։
Սակայն այսօր տեսնում ենք մի վտանգավոր շեղում։ Փորձ է արվում հիշողությունը զրկել իր առանցքից՝ պահանջից և այն դարձնել ձևական ու «հարմարեցված»։
Սա մոտեցման տարբերություն չէ։ Սա հիշողության իմաստի փոփոխություն է։
Երբ սուգը դառնում է արարողակարգային մի ձևականություն, իսկ հիշողությունը՝ չեզոք խորհրդանիշ, կորչում է սերունդների կապը պատմության հետ։
Սա նույնն է, ինչ հարազատիդ հողին հանձնելուց հետո հաջորդ օրը Այգուցի փոխարեն անհոգ ու շվայտ առօրյա կազմակերպես։
Մենք չենք ընդունելու այդ փոխարինումը։
Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում։
Եվ մեր խնդիրը դա պահպանելն է՝ որպես պարտք անցյալին, որպես պատասխանատվություն ապագայի առաջ»:



