Իրանի դեմ պատերազմն ու ԹՐԻՓՓ-ը․ Ինչպե՞ս է պատերազմն Իրանում բարդացնում ԹՐԻՓՓ պրոյեկտի զարգացումը
Մինչ Վաշինգտոնից և Թեհրանից հնչում են հակասական հայտարարություններ հրադադարի հնարավոր երկարաձգման և բանակցությունների երկրորդ փուլի վերսկսման մասին, Հորմուզի նեղուցում տեղի ունեցած նոր հարձակումները փաստում են, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն անկայուն է և ամեն պահի կարող է վերաճել ռազմական գործողությունների։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ևս երեք բեռնատար նավերի թիրախավորումը և դրանցից երկուսի կալանավորումը հստակ ազդակ են առ այն, որ Թեհրանը պատրաստ չէ զիջումների գնալ ԱՄՆ ծովային շրջափակման պայմաններում։ Ավելին, հստակ ուղերձ է առ այն, որ Թեհրանը պատասխանելու է ԱՄՆ յուրաքանչյուր քայլի, և դա պատասխան էր ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից իրանական դրոշի ներքո նավի կալանման։
Չնայած Մերձավոր Արևելքում լուրջ քաղաքական սխալներին՝ Վաշինգտոնը շարունակում է խաղարկել իր, այսպես կոչված, խաղաղասիրական իմիջը, հերթական անգամ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան համաձայնություններին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մայամիի համալսարանում կայացած Real Estate Impact ամենամյա համաժողովում անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության hասան ընդամենը վեց շաբաթվա ընթացքում։
«Մենք այդ համաձայնագիրը կնքեցինք վեց շաբաթվա ընթացքում։ Նրանք (Ադրբեջանն ու Հայաստանը) 37 տարի կռվել են, և հիմա նրանք լավագույն ընկերներ են։ Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ լավ ընկերներ են. նրանց մերձեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա բավականին ուշագրավ է»,- ասել է Ուիթքոֆը։
Փորձագիտական հանրության համար Իրանի պատերազմի ֆոնին անորոշ են մնում Երևան-Բաքու վաշինգտոնյան պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԹՐԻՓՓ-ի ապագան, թեև ՀՀ իշխանությունները պնդում են, որ կողմերն աշխատում են։
Իրանի շուրջ վերջին զարգացումները և տարածաշրջանային անկայունության նոր ալիքն ուղղակիորեն հարվածում են TRIPP/ԹՐԻՓՓ նախագծի իրագործման տեմպերին։ ԹՐԻՓՓ-ի հիմնական գաղափարն Արևելք-Արևմուտք անխափան և անվտանգ կապի ապահովումն է, որը ռեգիոնի ներկայիս պայմաններում բավական բարդ խնդիր է դարձել։
Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը պահանջում են մեծ ներդրումներ և երկարաժամկետ կայունություն։ Այս պայմաններում, թեև ԹՐԻՓՓ-ով հետաքրքրված երկրները շատ են, ինչպես վերջերս պնդում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թե ԱՄՆ-ը, և թե վերոնշյալ երկրներն իրենց առարկայական քայլերը պայմանավորում են Իրանի հետ պատերազմի ավարտով։ Անորոշությունը ստիպում է դոնոր կազմակերպություններին սպասողական դիրք գրավել, ինչը դանդաղեցնում է ֆինանսավորման հոսքերը և դրանով պայմանավորված՝ հետագա գործողությունները։
Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ եթե Իրանի շուրջ պատերազմական իրավիճակը երկարաձգվի, ԹՐԻՓՓ-ի իրագործումը ևս կուշանա։
Նրա խոսքով, հայտնի փաստ է, որ տրանսպորտային նախագծերն արագորեն զարգանում են միայն այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, կայուն խաղաղություն։ Իսկ այս դեպքում, նրա խոսքով, այդ նախադրյալները չկան։
«Իրանում պատերազմ է, անկախ հրադադարի երկարաձգումից, իրավիճակը պայթյունավտանգ է, պայմանավորվածությունների հանգելու հավանականությունը բավականին ցածր է, բացի այդ՝ Իրանն ունի վերաբերմունք իր սահմանների մոտ ամերիկյան պրոյեկտների իրագործման վերաբերյալ, այդ մասին բազմաթիվ հրապարակային ուղերձներ են եղել, բնականաբար՝ եղել են նաև ոչ հրապարակային։ Ուստի, կարծում եմ՝ Երևանն ու Վաշինգտոնը որոշակի մակարդակում շարունակում են տեխնիկական քննարկումները, սակայն գործնական փուլն, ըստ իս, կարող է ուշանալ»,- ասաց վերլուծաբանը։
Բացի այդ, փորձագետը կարծում է, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը ենթադրում է բազմակողմ համագործակցություն, որտեղ Արևմուտքը, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը պետք է գործեն ներդաշնակ։
«Սակայն Իրանի շուրջ հակամարտության երկարաձգումը տարածաշրջանային խաղացողներին մղում է զգուշավորության, բևեռացման։ Երբ տարածաշրջանը՝ հատկապես Իրանը, գտնվում է պատերազմի մեջ, հարակից երկրներում առաջնահերթ են դառնում անվտանգության առաջնահերթությունները, և բոլոր որոշումները կայացվում են՝ ելնելով այդ նկատառումներից»,- ասաց Սիմոնովը։
Ռուս վերլուծաբանը գտնում է, որ այս պատերազմը, դրա հնարավոր ելքը, ինչպես նաև հետագա ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական զարգացումները ևս կարող են ազդել նման կարևոր աշխարհաքաղաքական լոգիստիկ պրոյեկտի իրականացման վրա։
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ևս ոգևորված չէ այդ նախագծով, Իրանը դեմ է, և բարդ է ասել, թե պատերազմի ավարտից հետո հարցերն ինչպես կբարձրացվեն։ Չի բացառվում, որ ոչինչ չփոխվի, սակայն չի բացառվում նաև, որ փոփոխություններ լինեն, և Իրանը հարցերը շատ ավելի սուր բարձրացնի։ Ուստի սա մի պրոյեկտ է, որի իրագործումն իսկապես կախված է Իրանի պատերազմից՝ թե աշխարհաքաղաքական, թե տեխնիկական ու տնտեսական տեսանկյունից»,- ասաց նա։



