Փաշինյանի համար առաջնային է ոչ թե՝ ով կկառավարի Սյունիքի հատվածով անցնող երթուղին, այլ՝ ով նրան առավել իրատեսական երաշխիքներ կտա իշխանության երկարաձգման համար. Վիտալի Մանգասարյան

Վերջին օրերին լարված իրավիճակ է Սիրիայում, քանի որ Սիրիայի հարավային Սուվեյդա քաղաքում, որը հիմնականում բնակեցված է դրուզներով, բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների միջև, որից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք՝ այն անօրինական զինված խմբավորումներից մաքրելու համար: Իր հերթին՝ Իսրայելը դրուզների պատճառով կամ նրանց պաշտպանելու պատրվակով հարվածներ է հասցրել Սիրիայի արմատականներին, սիրիական ռազմական օբյեկտներին, ինչն արժանացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատությանը: Այսինքն, Սիրիայում դարձյալ «բախվում» են Թուրքիան և Իսրայելը, ինչը կանխատեսվում էր, երբ անգամ Սիրիայում հաղթեց Թուրքիան ու Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվեց:

Ի՞նչ զարգացումներ սպասել սիրիական «ֆրոնտում», այս և այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:

– Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից հետո երկիրը մտել է «փոխզավթված խաղաղության» փուլ, որտեղ տարբեր արտաքին խաղացողները փորձում են արագ ամուր դիրքեր գրավել։ Ահմեդ ալ-Շարայի ղեկավարած նոր վարչակարգը փորձում է վերահսկողություն հաստատել պետական ինստիտուտների վրա, մինչդեռ Թուրքիան ընդլայնում է իր ռազմաքաղաքական ներկայությունը հյուսիսում, իսկ Իսրայելը խորացնում է օդային հարվածներն ու անվտանգության «կարմիր գծերը», հատկապես՝ դրուզ բնակչությամբ հարավում և Դամասկոսի շուրջ։

Ասադից հետո ձևավորված իշխանությունների հետ Թուրքիայի արագ գործակցությունը՝ խորհրդատուների, անցակետերի վերաբացման և տեղական ստորաբաժանումների վերապատրաստման միջոցով, միաժամանակ Անկարային տալիս է լծակներ երկրի վարչախմբի վրա։ Սակայն այս խորացող ներգրավվածությունը բերում է անխուսափելի շփման Իսրայելի օրակարգի հետ և բարձրացնում անուղղակի թուրք-իսրայելական բախման ռիսկերը Սիրիայի տարածքում։ Եթե Թուրքիա-Իսրայել մրցակցությունը Սիրիայում շարունակի սրվել առանց հստակ սահմանված կանոնների, ապա երկրի մասնատված անվտանգային խճանկարն արագ կարող է վերածվել նոր ճակատային պատերազմի՝ զանգվածային տեղահանումներ, տարբեր ինքնապաշտպանական ջոկատների աճ, ինչն իր հերթին՝ հղի է ավելի մեծ տարածաշրջանային վտանգներով։

Կարդացեք նաև

– Հարավային Կովկասում կամ Հայաստանի ու «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ևս ակտիվ զարգացումներ են տեղի ունենում, այդ թվում՝ արտապատվիրակման առաջարկների մասին, ինչին, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը դեմ չէ, իհարկե, չմոռանալով պնդել, որ դա չի վտանգելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում, ի դեպ, կարո՞ղ ենք ասել, որ գործող իշխանության համար կարևորն այն է, որ Ռուսաստանը չլինի այնտեղ:

– ԱՄՆ-ը հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է կառավարել այն տրանսպորտային ուղին, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ, և Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում փաստացի հաստատեց այդ լուրը։ Կարծում եմ, որ Սյունիքով անցնող ցանկացած երթուղու արտաքին կառավարում կարող է գործնականում սահմանափակել Հայաստանի մաքսային և սահմանային իրավասությունները՝ այն դարձնելով փաստացի «միջանցք» Ադրբեջանի համար։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել նույնպիսի տարանցիկ ռեժիմ, ինչպիսին Բաքուն ստանում է Իրանի տարածքով անցնելիս՝ առանց Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանցման։ Մինչդեռ Իրանի հետ գործող տարանցիկ ուղու պարագայում ոչ մի արտապատվիրակում չկա, և սահմանին մաքսային ու իրավական ընթացակարգերն իրականացվում են Իրանի կողմից։ Փաստացի ստացվում է՝ այս հարցում ևս հայկական կողմը հետևողականորեն շարունակում է նշաձող իջեցնել։

Ինչ վերաբերում է ճանապարհի՝ ՌԴ-ի կողմից հսկողությանը, ապա, իմ կարծիքով, Փաշինյանի համար առաջնային է ոչ թե այն՝ ով կկառավարի Սյունիքի հատվածով անցնող երթուղին՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, թե որևէ միջազգային կոնսորցիում, այլ՝ ով նրան առավել իրատեսական երաշխիքներ կտա իշխանության երկարաձգման համար։

– Նիկոլ Փաշինյանի ասուլիսից անմիջապես հետո Իրանի և ՀՀ ԱԽ քարտուղարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և հիմնական թեման եղել է ապաշրջափակումը, Իրանը հաստատել է իր դիրքորոշումը և պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Ավելին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ՝ «ՀՀ իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը տեղի չի ունենում ի վնաս Երևանի և Թեհրանի հարաբերությունների, Թեհրանում վստահում են հայ բարեկամներին»։

Այսինքն, սա զգուշացո՞ւմ է հայկական կողմին, որ այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ իրանական շահին դեմ քայլերն ընդունելի չեն լինելու:

– Իրանը երկար ժամանակ հետևողականորեն հայտարարել է, որ Հայաստանի հարավով՝ Սյունիքով անցնող ցանկացած տրանսպորտային սխեմա, որն ունի արտատարածքային կամ երրորդ կողմի վերահսկողության տարրեր, իր համար «կարմիր գիծ» է, քանի որ այն կարող է փոխել տարածաշրջանային հաղորդակցությունների ռազմավարական բալանսը: Թեհրանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն պետությունների սուվերենության լիարժեք հարգմամբ։ Այս հայտարարությունների ինտենսիվությունը հատկապես աճել է այն պահերին, երբ հանրային դիսկուրսում ակտիվացել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» գաղափարախոսությունը։

ՀՀ սուվերեն տարածքի արտապատվիրակումը Թեհրանում ընկալվում է՝ ոչ միայն որպես Վաշինգտոնի ակտիվացում Հարավային Կովկասում, այլ նաև այնպիսի մոդել, որը կարող է նպաստել Թուրքիայի ռազմավարական շահերին՝ Ադրբեջանի հետ անխափան կապն ամրապնդելու հարցում։ Թեհրանի փորձագետական շրջանակներում շրջանառվում է մեկնաբանություն, թե ամերիկյան առաջարկը կարող է ծառայել որպես բուֆեր՝ ռուսական դերակատարության նվազեցման և թուրք-ադրբեջանական ցանցի խորացման համար։

Փաշինյանի ասուլիսից անմիջապես հետո, ինչպես նշեցիք, տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների միջև։ Քննարկման հիմնական թեման եղել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, և իրանական կողմը վերահաստատել է իր անփոփոխ դիրքորոշումը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանություն, ընդգծելով, որ ցանկացած լուծում պետք է մնա տվյալ պետության իրավազորության ներքո։

Թեպետ Իրանի այսօրինակ սկզբունքային հայտարարությունները հաճախ ներկայացվում են, թե ուղղված են Ադրբեջանին կամ արտաքին ուժերին, սակայն, կարծում եմ, Թեհրանի ազդակները հասցեագրված են հենց Հայաստանին, քանի որ Երևանը վերջին տարիներին մի քանի անգամ վերասահմանել է իր «կարմիր գծերը», և Թեհրանում մտահոգություն կա, որ այս հարցում ևս կարող է կարմիր գծերի փոփոխություն տեղի ունենալ։

– Իսկ Իրանը կարո՞ղ է դիմակայել թուրք-արևմտյան ծրագրերին:

Իրանը տարիներ շարունակ բազմիցս դիմակայել է արտաքին ճնշումներին։ Թեհրանի դիվանագիտական ռազմավարությունը հիմնված է եղել ոչ միայն կոշտ հռետորաբանության, այլև տնտեսական և ռազմավարական գործիքների կիրառման վրա։ Այս պահին Իրանը փորձում է պահել Հարավային Կովկասում ազդեցության որոշակի հավասարակշռություն՝ կանխելու համար թուրք-ադրբեջանական առանցքի գերիշխումը։

Իրանի դիմադրողականության հարցում կասկած չկա, սակայն հաջողության հավանականությունը կախված է նրանից, թե որքան արագ և արդյունավետ կկարողանա Թեհրանը ձևավորել ռազմավարական գործընկերությունների ցանց և ներգրավել նոր դերակատարների։ Եթե Իրանը չկարողանա համատեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական լծակները, ապա թուրք-արևմտյան նախագծերի ազդեցությունը տարածաշրջանում կարող է գերակշռել՝ հանգեցնելով Թեհրանի ազդեցության կրճատմանը Հարավային Կովկասում։

– Ի դեպ, թուրքական ընկերությունները պատրաստվում են նավթ և գազ «փնտրել» Պակիստանի ծովային պաշարներում, արդյո՞ք Թուրքիան մի օր աչք կարող է դնել Ադրբեջանի նավթագազային պաշարների վրա:

– Թուրքիայի ընդարձակվող էներգետիկ ուղղվածությունը պետք է դիտարկել նրա լայն ռազմավարական նպատակների ֆոնին՝ դառնալով տարածաշրջանային էներգետիկ հանգույց Եվրոպայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Կասպից ավազանի միջև։

Այս համատեքստում Ալիևը պարբերաբար շեշտում է Ադրբեջանի ռազմական հաղթանակների և էներգետիկ անկախության մասին՝ փորձելով նվազեցնել այն ընկալումը, թե Ադրբեջանը չափազանց կախված է Թուրքիայից։ Սակայն իրականում 2020-ի Արցախյան պատերազմից հետո թուրքական ազդեցությունը, մասնավորապես, ռազմական համագործակցությունից մինչև հետպատերազմյան տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի ռազմավարական համակարգում, շոշափելիորեն խորացել է Բաքվի վրա։ Այս պահին քիչ նշաններ կան, որ Անկարան «աչք դնելու» ուղիղ շահագրգռություն ունի Ադրբեջանի նավթագազային պաշարների սեփականության վրա, քանի որ Թուրքիան արդեն ստանում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է։

– Մեր տարածաշրջանում պատերազմի հավանականությունը որքա՞ն է և ո՞ր երկրի դեմ:

– Իմ կարծիքով, կարճաժամկետ կտրվածքում լայնածավալ պատերազմը տարածաշրջանում համեմատաբար ավելի ցածր հավանականություն ունի, քան սահմանի երկայնքով սահմանափակ լոկալ էսկալացիաները։ Տարբեր մասնագետների գնահատմամբ, հենց հայ–ադրբեջանական շփման գիծն է մնում ամենաքննարկվող շիկացման կետը, որտեղ տեղային կրակոցները կարող են քաղաքական ճնշման գործիք դառնալ ավելի մեծ զիջումներ կորզելու համար։

Մյուս կողմից, տարածաշրջանում ցանկացած փոքր միջադեպ, օրինակ, սահմանային կրակոց կամ լոկալ բախում, կարող է արագ մեծանալ, որովհետև արտաքին ուժերն ունեն մրցակցային շահեր։ Մասնավորապես, Թուրքիան ցանկանում է բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և մեծացնել իր ազդեցությունը, Իրանը դեմ է այդ նախագծերին և փորձում է խոչընդոտել, ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը, իսկ Ռուսաստանը փորձում է պահպանել իր դիրքերը։ Արդյունքում՝ նույնիսկ փոքր բախումը կարող է դառնալ առիթ, որպեսզի այս պետությունները միջամտեն և ճնշում գործադրեն իրենց օրակարգերն առաջ տանելու համար։

– Եվ վերջում. արդյո՞ք Ռուսաստանում լուրջ են ընդունում ՀԱՊԿ-ից դուրս գալու Փաշինյանի հայտարարությունները, և այսօր ի՞նչ կարող է տալ ՀՀ-ին ՀԱՊԿ-ը, որն անդամակցության սառեցման դեպքում կորցնում ենք:

– Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ հնչեցրած հայտարարությունները Մոսկվայում ընկալվում են ավելի շուտ՝ որպես քաղաքական ազդակ և ճնշման գործիք, քան արդեն կայացված իրավական որոշում։ Ռուսաստանը սովորաբար տարբերակում է հրապարակային հռետորաբանությունը և պաշտոնական, պայմանագրային ընթացակարգերը, և քանի դեռ Երևանը չի ներկայացրել դուրս գալու պաշտոնական ծանուցում (կազմակերպության կանոններից բխող կարգով), ռուսական կողմը պահպանում է, այսպես ասած, «դռները բաց» լինելու դիրքորոշումը։ Այս հարցին փորձեմ անդրադառնալ մեկ այլ դիտանկյունից։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմի պահանջներից մեկն այն է, որ Հայաստանը չպետք է մաս լինի որևէ անվտանգային կառույցի, և որքան պակաս են Հայաստանի արտաքին անվտանգության կապերը, այնքան մեծ է Ադրբեջանի դիվանագիտական և ռազմական մանևրի դաշտը: Եվ եթե Երևանը, չունենալով ամբողջական այլընտրանքային անվտանգային մեխանիզմ, որոշի դե յուրե հեռանալ ՀԱՊԿ-ից, իրականում կարող է հայտնվել այն իրավիճակում, որտեղ ադրբեջանական օրակարգի առանցքային գիծն իրականացված է, իսկ հայկական կողմը դա, ինչպես միշտ, ներկայացնում է՝ որպես ինքնիշխան ընտրություն՝ ներքին քաղաքական շահարկումների համար։ Հետևաբար, այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալն անվտանգության տեսանկյունից ոչ մի անմիջական օգուտ չի տալիս, սակայն նվազեցնում է արդեն իսկ սահմանափակ պաշտպանական լծակների մնացորդը և անուղղակիորեն սպասարկում է Բաքվի ռազմաքաղաքական տրամաբանությունը։

Տեսանյութեր

Լրահոս