«Նիկոլ Փաշինյանի այցերը մարզեր, գյուղեր տեղի են ունենում բացառապես նախապես կազմված սցենարով. գյումրեցին իր վերաբերմունքը հստակ ցույց է տվել». Նարեկ Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթների ընթացքում հանրությանը հրամցնում է մարզեր կատարած այցերից տեսանյութեր՝ ցույց տալով, թե իրեն որքան ջերմ են ընդունում քաղաքացիները։
Անցնող հանգստյան օրերին նա Շիրակի մարզում էր, սակայն շիրակցիներից որոշները փորձեցին Նիկոլ Փաշինյանին ասել, որ հեռու մնա կաթողիկոսից, հետո հանկարծ նրանցից մեկը համարձակվեց ասելու, որ ասֆալտը նախկին իշխանությունների օրոք է եղել։ Այդ ամենը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց մուննաթով պատասխանել քաղաքացուն՝ նույնիսկ չլսելով նրա հակադարձումները։
Պարզվում է, որ Գյումրի կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տեսանյութերն ամբողջությամբ չեն արտացոլում այն իրականությունը, որը եղել է այցի ընթացքում։
Գյումրիում ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցերը մարզեր բեմադրված են։
«Ըստ մեր քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի այցերը մարզեր, գյուղեր տեղի են ունենում բացառապես նախապես կազմված սցենարով։ Այսինքն՝ հատուկենտ մարդկանցով, աջակիցներով Նիկոլ Փաշինյանի ամբողջ այցը բեմադրում են։ Ակնհայտ է, չէ՞, որ գյումրեցին Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նկատմամբ իր վերաբերմունքը հստակ ցույց է տվել Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, երբ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությանն անտեսեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Միրզոյանը։
Նա նշեց, որ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, երբ հասարակ քաղաքացիները, որոնք իշխանության հետ որևէ առնչություն չունեն, չեն օգտվում իշխանական լծակներից, վաղուց այս իշխանություններին մերժել են։
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք փորձեցին դժգոհել իշխանություններից և որոնց Նիկոլ Փաշինյանը մուննաթով արձագանքեց և մինչև վերջ չլսեց, Նարեկ Միրզոյանը նկատեց՝ այդ պահվածքն աշխատեց հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Հասարակության այն փոքրաթիվ մասը, որը որոշակիորեն հավատում էր ՔՊ-ին՝ հագուրդ տալով իշխանության կողմից տարվող կեղծ քարոզչությանը, այս ամենից հետո խիստ հիասթափվել է, այլևս իշխանական քարոզչությանը չեն հավատում։ Հասարակ քաղաքացիները, որոնք քարոզչությանը հավատալով՝ հույս էին կապում և խոսում էին, թե սոցիալական խնդիրները բարձրաձայնելով՝ դրանք իշխանությունը լուծում կտա՝ հիասթափվել են։ Այդ մարդիկ արդեն հասկանում են, որ ինչ-որ իշխանական քարոզչություն է մատուցում, իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ընդգծեց Նարեկ Միրզոյանը։



