«Իրանը ո՛չ Իրաքն է, ո՛չ էլ Աֆղանստանը, ամբողջ աշխարհին ծնկի բերեց Հորմուզի նեղուցը փակելով. այլ ելք չունի, մինչև վերջ պետք է գնա». Աշոտ Սևյան
Իրանում ռազմական գործողությունները շարունակվում են, որին զուգահեռ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն անձամբ կորոշի, թե երբ է Իրանը համարվելու «լիակատար հանձնված»։
Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, արդեն գրել է, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում մինչ օրս վիրավորում է ստացել մինչև 150 ամերիկացի զինվոր։
Ի՞նչ զարգացումներ կարող են լինել Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ ռազմական գործողությունների ընթացքում, թուրք-ադրբեջանական տանդեմը կարո՞ղ է իրավիճակն օգտագործել և Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած նկրտումները կյանքի կոչել։
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը հակված չէ մտածելու, որ Ադրբեջանը միայնակ ի վիճակի է կամ ցանկություն ունի ներքաշվելու այս գործընթացների մեջ։ Ադրբեջանին ավելի շատ ձեռնտու կլինի այս գործընթացներում ներգրավվել Թուրքիայի հետ միասին, ինչին գոնե այս փուլում Թուրքիան չի գնա։
«Այստեղ վտանգավորը կլինի այն, եթե հանկարծ Իրանի դեմ հարձակվողներին հաջողվի Իրանը բաժանել մի քանի մասերի, այդ դեպքում չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի վիճակը։ Աստված ոչ անի, ցամաքային զորքերի ավելի մեծ էսկալացիայի դեպքում, այսպես թե այնպես, «միջանցք» կոչվածն առաջնահերթ պետք է վերցնեն, որպեսզի իրականացնեն ցամաքային հարձակումներ։
Հասկանալի է, որ ցամաքային հարձակումների դեպքում Հայաստանի տարածքն են օգտագործելու, թեկուզ Թուրքիան, որտեղի՞ց է զորք մոտեցնելու Իրանին, իհարկե Նախիջևանով ու Մեղրիով։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ Թուրքիան կգնա նման արկածախնդրության, դրա համար Իրանը պետք է մի քանի մասերի չբաժանվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։
Ըստ նրա, Թուրքիան Իրանի նկատմամբ քայլեր չի իրականացնի՝ հաշվի առնելով Իրանում քրդական գործոնը, քանի որ, եթե նրանք գլուխ բարձրացրեցին Իրանում, կարող է Թուրքիայի համար էլ մեծ խնդիրներ առաջացնեն։
Ազատամարտիկը հիշեցրեց, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելն օգնել է Ադրբեջանին և հիմա Իրանի դեմ հարձակվելու ժամանակ պետք է Ադրբեջանը փոխհատուցի, և այդ համատեքստում գուցե Իրանի դեմ նրա կողմից որոշակի սադրանքներ լինեն։
«Իրանի կանգուն մնալը նաև պահպանելու է տարածաշրջանի կայունությունը, պատկերացրեք, եթե 90 միլիոնանոց բնակչություն ունեցող երկիրը մասնատվի, ինչ քաոս է տիրելու Հարավային Կովկասում, ինչը չի բխում Հայաստանի շահերից։
Ընդհանուր եթե դիտարկում ենք, ապա Իսրայելի ու Միացյալ Նահանգների նպատակը սա էր, բայց նրանք ցամաքային օպերացիա չեն անում՝ կա՛մ պլան չունեն, կա՛մ ճանապարհ։ Բայց վստահ եմ, որ այս երկու երկրներն օդային հարվածներով Իրանին չեն կարողանալու ծնկի բերել, ավելին՝ այս պահին Իրանի ժողովուրդն ավելի միասնական է, քան նախկինում»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Շարունակելով միտքը, Աշոտ Սևյանը նկատեց՝ այս փուլում Իրանին ձեռնտու է շարունակել ռազմական գործողությունները, որովհետև պատերազմի կանգնելու դեպքում, հնարավոր է՝ Իրանում փոքրամասնությունները գլուխ բարձրացնեն, հիմա նրանք միասնական են։
«Վստահ եմ՝ Իրանն իր գործողություններով ցույց է տվել, որ պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների։ Ռուսաստանն ու Իրանը երկարատև պատերազմող երկրներ են, կարճաժամկետ իրենք որևէ բան չեն ներկայացնում իրենցից։ Իրանը ո՛չ Իրաքն է, ո՛չ էլ Աֆղանստանը, ամբողջ աշխարհին ծնկի բերեց Հորմուզի նեղուցը փակելով։
Դրանից զատ, պատկերացրեք իրավիճակ, երբ Իրանը սկսեր հարվածել հարևան պետությունների նավթահորերին, ամբողջ աշխարհը կոլապսի կենթարկի։ Երկար տարիներ Իրանը միջազգային սանկցիաների տակ է, բայց տեսեք՝ ինչ հրթիռներով է սկսել հարվածներ հասցնել։ Փաստացի Իրանն այլ ելք չունի, մինչև վերջ պետք է գնա»,- շեշտեց Աշոտ Սևյանը։



