Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են թանգարան–ինստիտուտից։

«Դիմումը գրված է, սակայն դրա վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չկա»,– ասել են թանգարանից:

Մնացած հարցերը չեն մեկնաբանել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Ինքը՝ Գզոյանը, նույնպես չի մեկնաբանում իրավիճակը։

Նշենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ, ըստ որի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս