Քրիստինե Գրիգորյանի «կանտորայի» քաղաքական զեկույցը. ռազմական ռիսկերի հարցում անտեսվել է ուժային համապատասխան կառույցների կարծիքը
2023 թվականի հոկտեմբերին ստեղծված ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է իր առաջին հրապարակային զեկույցը, որը, ինչպես նշվում է, Հայաստանի Հանրապետության 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցի դիտարկմամբ, պետություններին ու հասարակություններին սպառնացող վտանգներն ու ռիսկերն ավելի ու ավելի բարդ, բազմաշերտ ու հիբրիդային են դառնում, և ժողովրդավարական պետությունը դրանք չի կարող արդյունավետորեն հասցեագրել, եթե չունի հանրության բոլոր շերտերի աջակցությունն ու ներգրավվածությունը։
Խնդիրն այն է, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության առաքելությունը Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է, դրանց կանխարգելումը, հակազդումը, դրանցից պաշտպանությունը և այլն:
Թե որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի իշխանության այս ծառայությունը կատարում իր առաքելությունը, կամ ինչ արդյունավետությամբ, կարելի է ենթադրություններ անել, մյուս կողմից, ներկայացված զեկույցի «որակն» արդեն իսկ ինչ-ինչ հուշումներ անում է, իսկ դա էլ, թերևս, արդյունք է նրա, որ ներկայացվածը զուտ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության գնահատականն է անվտանգային, ռազմական ռիսկերի:
Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ պաշտպանության, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության «մատն» այստեղ խառը չէ, և ոչինչ, որ այստեղ խոսք է գնում Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման հավանականության և պատերազմի վարման ժամանակակից մեթոդների մասին: Եվ այսպես:
Ռազմաքաղաքական ռիսկեր. Ադրբեջան-Հայաստան
Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ, մեծ հավանականությամբ, 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։
«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»,- նշվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կանխատեսման մեջ:
Մյուս կողմից, ծառայությունը փաստում է, որ խաղաղության պայմանագրի և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը:
«Այս համատեքստում ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։ Այդ խոսույթներից են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումներն էականորեն ավելացնում են կայուն խաղաղության հաստատման մասով Ադրբեջանի իրական մտադրության վերաբերյալ անորոշությունը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրահենք խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ։
Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են նաև Ադրբեջանի պաշտոնական/իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչպես նաև տարբեր արհեստական թեմաների ավելացման միջոցով բանակցային գործընթացում սեփական միակողմանի պահանջները պարտադրելու Ադրբեջանի քայլերը։
2025 թվականի ընթացքում նման գործիքակազմի կիրառման շարունակման հավանականությունը մնում է բարձր։
Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»,- մանրամասնում է Արտաքին հետախուզական ծառայությունը:
Այսինքն, ամեն դեպքում, կարող ենք փաստել, որ արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում նշել է «լեգիտիմ հիմքեր», որոնք օգտագործելով, Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա:
Այլ հարց է, որ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցն այն կարծիքին է, որ այս ռիսկերն առկա են, քանի որ պայմանագրահենք խաղաղություն չկա:
Թեպետ զեկույցի ներածականում ուշադրություն է հրավիրվում՝ զինված տարբեր կազմավորումների «հետագա օրինականացումն այսօրվա աշխարհում դարձել է նոր «նորմալություն», և, որ ականատես ենք եղել, երբ պետությունների ու վերպետական դերակատարները խնդիրների քաղաքական և տնտեսական լուծումների փոխարեն՝ ռազմական լուծումների գնալու ճանապարհն են ընտրում՝ դրանք «պատմական ճշմարտությունների» խոսույթի կամ սեփական անվտանգության ապահովման փաթեթավորմամբ։
Այստեղ հարկ է նկատել, որ, այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքը» լոկ խոսույթ չէ, ինչպես նշում է Արտաքին հետախուզական ծառայությունը, այլ առաջնային հարց հենց Թուրքիայի համար:
Եվ անվտանգային ռիսկերի արձանագրումը բավարար չէ, դրանց համարժեք քաղաքականություն պիտի վարել, և ոչ այն, ինչը համարժեք է համարում Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, պետք է հստակ գիտակցել, որ ցանկացած զիջում առավել կախվածության մեջ է գցում Ադրբեջանից և Թուրքիայից, թեպետ արդեն վաղուց ՀՀ-ն կախվածության մեջ է:
Բայց Հայաստանն առնվազն կարող է գոնե ուշացած ընտրել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի իրեն ձեռնտու ուղղությունը և ոչ թե տրվել ադրբեջանական պահանջներին և հետո մանիպուլացնել պատերազմը «զսպելու» հավաստիացումներով: Ի դեպ, հունվարի սկզբին Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել:
Իսկ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մտահոգիչ է համարել Ադրբեջանի հայտարարությունները, զորավարժությունների ինտենսիվ անցկացումը, ինտենսիվ թռիչքներն այլ երկրներից՝ հավանաբար ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:
Իսկ ռազմական բլոկների կենսունակությանը վերաբերող հատվածում ՀՀ արտաքին ծառայությունը քաղաքական գնահատական է տալիս. «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»:
Հետաքրքիր է, որ այս համատեքստում, ըստ էության, Քրիստինե Գրիգորյանի գլխավորած կառույցը չի շեշտադրում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունները, ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, սպառազինության գնման մի քանի կենտրոնների առկայությունը և այլն:
Իսկ հակառուսական տրամադրությունները շարունակվում են նաև տնտեսական և էներգետիկ ռիսկերի հատվածում:
«2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն: Էներգետիկ անվտանգության ռիսկերը ևս շարունակելու են արդիական մնալ նաև 2025 թվականին։ Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք՝ թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային հարաբերություններում, որից անմասն չէ նաև Հայաստանը։ Չբալանսավորված էներգետիկ կախվածությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում տնտեսական կայուն զարգացման, ինքնիշխան քաղաքականության և սոցիալական կայունության համար, և մեծացնում Հայաստանի դեմ կիրառվող արտաքին քաղաքական ճնշման արդյունավետությունը»,- նշվում է զեկույցում:
Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում բավականին մեծ տեղ է հատկացրել տեղեկատվական ռիսկերին և հիբրիդային ճնշմանը:
«Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։ Վերջին շրջանում նոր միտում է քարոզչության մեջ անմիջապես հատուկ ծառայությունների ներգրավումը, որոնք «երրորդ պետություններից ստացված հետախուզական տեղեկություններին» հղում անելով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ խոսույթ ձևավորող ուղերձներ են տարածում։ Քողարկված քարոզչության մեջ ներգրավված են հայկական կամ օտարերկրյա ներկայացող լրատվամիջոցներ, հայազգի կամ հայազգի ներկայացող անձինք, ինչպես նաև օտարազգի ներկայացող «անկախ» փորձագետներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները և մոտիվացիան այլ են:
Միևնույն ժամանակ, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել՝ որպես միջազգային ապակառուցողական դերակատար։
Վնասակար ազդեցության օպերացիաների իրականացման առավել վտանգավոր մեթոդներից մեկը սոցիալական ցանցերում կեղծ, անանուն և որոշ դեպքերում գողացված օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվության տարածումն է՝ հաճախ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններն իրական փաստերի հետ համադրելու մարտավարությամբ։
Սոցիալական ցանցերի շահագործումը զուգահեռվում է ավանդական լրատվամիջոցների միջոցով ապատեղեկատվության տարածման հետ, ընդ որում, օգտագործվում են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր սահմաններից դուրս գործող հայտնի ԶԼՄ-ներ։
Հայաստանի օրինական շահերի դեմ այսպիսի վնասակար գործողություններում հաճախ ներգրավվում են նաև Հայաստանի իրավապահ մարմինների կողմից վարվող քրեական գործերի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող և այս կամ այն երկրում ապաստան ստացած անհատներ։ Մեկ այլ գործիք է տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին թիրախավորող, այսպես կոչված, վերլուծական 11 կայքերը, որոնց մի մասը մեծ հավանականությամբ ուղղորդվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից»,- նշվում է զեկույցում:
Այս դիտարկումներն այնքան ծիծաղելի չէին լինի՝
– եթե փաշինյանական իշխանությունը «ֆեյքերի» ՊՈԱԿ չաշխատացներ, եթե իշխանական լրատվամիջոցները Հայաստանին մատակարարվող սպառազինության մասին տարատեսակ տեղեկություններ չթարգմանեին կասկածելի աղբյուրներից,
– եթե Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», տեղեկություն չտարածեր, թե «ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Հայաստանի վարչապետի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»:
– եթե իշխանությունները համապատասխան գործիքակազմով և միջոցներով արձագանքեին և հակազդեին դեռ անցած տարվա քարոզչական հարձակումներին Հայաստանի դեմ, երբ անգամ փորձ էր արվում Հայաստանին մղել Իրանի թիրախ:
– եթե Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական թեզեր տարածող «գործակալական» բլոգերների հետ չհամագործակցեր և նրանց դիմաց բացեր ամրացված շրջանների դռներ:
– եթե Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը վերջերս այդքան հաճախ չխոսեին իրենց նկատմամբ «հիբրիդային հարձակումների» մասին:
Այս շարքը կարելի է երկար և մանրամասն շարունակել: Դեռ չենք ասում, որ պետության ղեկավարի՝ օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների շրջանում վստահություն ունենալ-չունենալը լրատվամիջոցների հրապարակումներով չէ պայմանավորված. պետության ղեկավարին վստահում կամ չեն վստահում անձնական շփումների և տվյալ ղեկավարի հայտարարությունների արդյունքում:
Ըստ այդմ՝ Քրիստինե Գրիգորյանի «կանտորայի» զեկույցը ոչ այլ ինչ է, քան ոչ պրոֆեսիոնալ, ամուլ և քաղաքական գնահատական, ինչը դասական իմաստով հարիր չէ նման ծառայություններին:
Մեր այս դիտարկումների հետ, ըստ էության, համաձայնեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որի կարծիքով՝ Արտաքին հետախուզական ծառայության ներկայացրածը կարելի է համարել ռազմաքաղաքական վերլուծություն, որը չունի խորություն, այսինքն՝ վերցված են իրադարձություններ, որոնք լայն հասարակության համար հասանելի տեղեկություններ են:
«Այստեղ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն վերին էշելոնների շատ ներկայացուցիչների, թեև սուբյեկտիվ և օբյեկտիվ երանգավորումներով, բայց զեկույցում ամրագրված են այն ռիսկերը, որոնց մասին ՀՀ իշխանություններն աշխատում են այդքան չխոսել, հատկապես Հայաստան-Ադրբեջան բանակցություններով պայմանավորված, որտեղ առկա են խնդիրներ, որոնք ռազմական ռիսկեր առաջացնում են: Ադրբեջանի կողմից այս համատեքստում ներկայացվում են՝ որպես անորոշության խորացում, բայց այն ավելի շատ խոսում է ռազմական ռիսկերի մասին:
Հիշատակվում են Ադրբեջանի կողմից օգտագործվող «Արևմտյան Ադրբեջան» և «արևմտյան ադրբեջանցիներ», «Հայաստանի ռազմականացում», «ռևանշիզմ», «Զանգեզուրի միջանցք» եզրույթները, սակայն գնահատականները կոշտ չեն, որ Ադրբեջանի կողմից հակազդեցություն չառաջացնի, բայցև, կրկնում եմ, էսկալացիայի հավանականությունը, ըստ էության, ցածր չի գնահատվում:
Իսկ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից գնահատականները ևս շատ սուբյեկտիվ են, ինչպես զեկույցի մնացած կետերում, երբ արտահայտվում է իշխանության վերաբերմունքը՝ ինչպես աշխարհաքաղաքական դերակատարների, այնպես էլ՝ ներքաղաքական այն ուժերի և գործիչների նկատմամբ, որոնք իրենց տեսակետը չեն ներկայացնում: Արտաքին տեղեկատվական ռիսկերը ևս օրինակներով ներկայացված են, սակայն բացակայում են այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են կանխարգելելու դրանց տարածումը կամ սահմանափակելու դրանց ազդեցությունը հայաստանյան միջավայրում: Այստեղ առաջին հերթին նկատի ունեմ ադրբեջանական կեղծ, ագրեսիվ թեզերի տեսանկյունից, որովհետև ՀՀ իշխանությունները որդեգրել են Ադրբեջանին առավելագույնս չարձագանքելու և հակազդելու քաղաքականություն, և ՀՀ արձագանքի տոտալ բացակայությունը հանգեցնում է նրան, որ ադրբեջանական մոտեցումները միջազգային հարթակում և շրջանակներում դառնում են գերիշխող, և դա մեծացնում է այն սպառնալիքները, որոնք առկա են այս զեկույցում:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի դեմ ակնարկներին, ապա զեկույցում մի քանի հատվածում ՌԴ-ն ներկայացվում է՝ որպես սպառնալիքի աղբյուր: Չեմ կարծում, որ նման ձևակերպումները նպաստելու են հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը: Առհասարակ, որևէ արտաքին դերակատարի հետ կապված այդպիսի մոտեցումները բխում են երկրի անվտանգության սպառնալիքների չեզոքացման կամ դրա նվազման տրամաբանությունից»,- մանրամասնեց պատգամավորը:
Ի դեպ, հավելենք, որ ադրբեջանական կողմը Քրիստինե Գրիգորյանի հրապարակած զեկույցը համարել է գաղտնազերծում Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա հարձակման մասին:
Ավելին, ադրբեջանական մամուլը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի երբեմնի խորհրդական Արսեն Խառատյանին, դարձյալ փորձում է Իրանին մղել Հայաստանի դեմ, թե Հայաստանում Իրանի դեմ քայլեր են արվում, տվյալներ հավաքագրվում, որ հայ-իրանական սահմանին ամերիկյան միջոցներ են տեղադրվում:
168.am-ի հետ զրույցում, ի դեպ, Արսեն Խառատյանն ասաց, որ սուտ է, նման բան ինքը չի ասել, և տրամադրեց «Սիվիլնեթին» տված հարցազրույցի համապատասխան հատվածը, որտեղ նա նշում է.
«Ֆիզիկապես սահմանային զորքերի կարիք մենք չունենք, և ոչ էլ ցանկություն ունենք բերելու, օրինակ, Իրանի հետ սահմանին ամերիկացի զինծառայողներ հայտնվեն, պատկերացնելի չի, պետք էլ չի»:
Այնուհետ մեզ հետ զրույցում նա հավելեց. «Հարցազրույցի շարունակությունում խոսում եմ սահմանային հատվածներում նախկինում գոյություն ունեցած հայ-ամերիկյան համագործակցության մասին, ինչպես օրինակ, հայ-վրացական սահմանին է եղել մինչև 2018-ը՝ 2014, 2015: Տարածվող ապատեղեկատվությունում ասվում է նաև, թե իբր ասել եմ, որ ամերիկացիները մարդկանց թրաֆիքինգի մասով են ներգրավվելու: Սա ևս սուտ է, ես ասել եմ հետևյալը. «Արևմուտքի հետ համագործակցության փորձ է եղել նաև Ագարակի հատվածում, որտեղ թրաֆիքինգի դեմ պայքարի տեսանկյունից համակարգեր են տեղադրվել»»:
168.am-ն Արսեն Խառատյանից տեղեկությունը ճշտելով՝ փորձեց հակազդել ադրբեջանական տեղեկատվական արշավին, որով փորձ էր արվում Հայաստանի վրա սևեռել Իրանի ուշադրությունը: Արդյոք իրենից պահանջվող քայլերն անո՞ւմ է Քրիստինե Գրիգորյանի՝ Արտաքին հետախուզական ծառայությունը, չենք կարող ասել, քանի որ դա առնվազն զեկույցում չի երևում:
Ի դեպ, 2020 թվականի պատերազմից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ունենալու ենք ոչ միայն ամենամարտունակ բանակը, այլև աշխարհի ամենաարդյունավետ 10 հետախուզական ծառայություններից մեկը:
«Սա նշանակում է՝ ավելի լավ ճանաչել աշխարհը գործնական առումով և հնարավորություն ունենալ հասկանալ՝ ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պետք է փոխենք մեր մասին պատկերացումներն աշխարհում»,- բացատրել էր Փաշինյանը:
Թե որքանո՞վ է աշխարհի պահանջներին համահունչ «մեր մասին պատկերացումները փոխելը» տեղավորվում ուժեղ հետախուզություն ունենալու մեջ, թողնենք մասնագետներին, ինչպես նաև այն, թե որքանով է Հայաստանն աշխարհի ամենաարդյունավետ հետախուզություն ունեցող 10 երկրների ցանկում, հատկապես, երբ Ադրբեջանն ունի Իսրայելի և Թուրքիայի աջակցությունը նաև ռազմական հետախուզության, տեղեկատվական պատերազմի և կիբերանվտանգության ոլորտներում:
Հ.Գ. Քրիստինե Գրիգորյանին զգուշացնենք, որ Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի համապատասխան ինստիտուտներին պատերազմի հավանականության համատեքստում մեղադրելու ապակողմնորոշելու մեջ: