Իրական և Պատմական Հայաստանի հակադրության սցենարը Փաշինյանն ուներ 44-օրյայից առաջ
Շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանը միայն վերջին շրջանում է պետության լինել-չլինելու կամ պետության գոյության հարցը շրջանառում, երբեմն այն կապելով 44-օրյա պատերազմից հետո աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային նոր իրողություններին և ձևավորված միջավայրին: Սակայն նա տարբեր առիթներով հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ունենալ «Իրական Հայաստան»:
«2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»,- Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում նշել էր Փաշինյանը:
Իրականում Նիկոլ Փաշինյանն այս մասին ակնարկում էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից օրեր առաջ, երբ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացրել էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. Ռազմավարությունը, պարզապես այն ժամանակ շատերն ուշադրություն չէին դարձնում:
«Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, և շատ կարևոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք,- նշել էր Փաշինյանը՝ շարունակելով,- Մենք այսօր՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձին, պետք է մտածենք, թե ինչ են արձանագրելու Անկախության 100-ամյակը նշող ՀՀ քաղաքացիները, բայց նախ պետք է այդ Հայաստանի Հանրապետությունը լինի, երկրորդ՝ այդ պետության գոյության համար բոլոր՝ գաղափարական, անվտանգային, քաղաքական, իրավական, ժողովրդագրական, մշակութային ինստիտուցիոնալ պայմանները մենք պետք է ստեղծենք»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ինքնության հետ կապված դիսկուրսին:
«Մենք ինքնություն ասելով՝ հասկանում ենք ազգային, պետական ինքնություն, սա, իհարկե, փիլիսոփայական խնդիր է: Գոյություն ունի 2 ինքնության բանավեճ. «Պետական ինքնության, որը ձևավորվել է մեր պետականություն ունենալու շրջանում, և այն ազդեցության, որն այդ ինքնությունը կրել է պետականություն չունենալու ընթացքում: Սա է բանավեճի առանցքը, և հետևաբար՝ պետք է ոչ միայն մեր ինքնությունն ուժեղացնել, այլ մեր նպատակը՝ այդ ինքնությունն անշրջելիորեն դարձնել ազգային և պետական»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Սա՝ 44-օրյա պատերազմից առաջ, իսկ արդեն պատերազմից որոշ ժամանակ անց Փաշինյանը շրջանառության մեջ դրեց «Իրական և Պատմական Հայաստանի» կեղծ թեզը, հակադրության մեջ դրեց Արարատը և Արագածը:
Հիշելով Փաշինյանի այն միտքը, որ 44-օրյա պատերազմը սկզբից մինչև վերջ նախապես ծրագրված սցենարով է գնացել, և ոչինչ, որ սլաքը նա զինվորականությանը, արտաքին ուժերին և իր ընդդիմախոսներին է ուղղում, նաև այն, որ իրական Հայաստանի կերտումը կապվում է 2020 թվականի պատերազմի հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2020 թվականի Արցախի պատերազմը նաև ինքնության կռիվ էր, Փաշինյանի հորինած իրական և պատմական Հայաստանների:
Ի դեպ, մի առիթով 168.am–ը գրել էր, որ 2020-ի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացնում էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, «Պաշտպանված Հայաստան» խորագրի համատեքստում Փաշինյանը հայտարարել է.
«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ո՞նց, էդ ո՞վ, ե՞րբ: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:
Փաշինյանը դավաճանների փնտրտուքը շարունակեց պատերազմի օրերին և դրանից հետո:
Նշենք, որ պատերազմից օրեր առաջ Փաշինյանը խոստացել էր, որ ունենալու ենք ոչ միայն ամենամարտունակ բանակը, այլև աշխարհի ամենաարդյունավետ 10 հետախուզական ծառայություններից մեկը:
«Սա նշանակում է՝ ավելի լավ ճանաչել աշխարհը գործնական առումով և հնարավորություն ունենալ հասկանալ՝ ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պետք է փոխենք մեր մասին պատկերացումներն աշխարհում»,- բացատրել էր Փաշինյանը:
Թե որքանո՞վ է աշխարհի պահանջներին համահունչ «մեր մասին պատկերացումները փոխելը» տեղավորվում ուժեղ հետախուզություն ունենալու մեջ, թողնենք մասնագետներին, ինչպես նաև այն, թե որքանով է Հայաստանն աշխարհի ամենաարդյունավետ հետախուզություն ունեցող 10 երկրների ցանկում:
Իսկ թե պատերազմից հետո որքանով Հայաստանը կարողացավ ունենալ ամենամարտունակ բանակը, ավելորդ է հիշեցնել: Փոխարենը կրկնենք՝ 44-օրյա պատերազմը կռիվ էր նաև գաղափարական և հայկական ինքնության, ՀՀ ինքնիշխանության և անվտանգության ապահովման, հայկական երկու պետությունների գոյության համար, որն այս իշխանությունը տանուլ տվեց և դեռ շարունակում է տանուլ տալ: Իսկ դարերի պատմությունը երբեմն շատ ավելի առնչություն ունի իրականության հետ, քան մեզ քաղաքական շահերից ելնելով մատուցվողը…