44-օրյա պատերազմի օրերին աշխատել է թուրքական հետախուզությունը, կատարվել են Էրդողանի հրամանները
2020 թվականի 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ ներգրավվածության մասին բազմիցս գրել ենք՝ նշելով, որ ոչ միայն թուրք գեներալները ղեկավարել են Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբը, այլև թուրք զինվորները կռվել են մարտի դաշտում:
2024 թվականի օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հաստատել 44-օրյայի ժամանակ թուրք զինվորների կռվելու փաստը, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից:
Ի դեպ, պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության մասին Փաշինյանը խոսել էր նաև 2020 թվականի պատերազմի օրերին՝ համարելով այն ՆԱՏՕ-ի պատասխանատվության հարցը:
168.am-ը գրել էր, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին, ինչի մասին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմին ուղիղ մասնակցության մասին 2024 թվականին բաց տեքստով խոսել էր նաև Թուրքիայի նախագահը՝ «ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», ինչն առաջացրել էր ադրբեջանական կողմի որոշ շրջանակների դժգոհությունը, քանի որ ստվերվում է Ադրբեջանի բանակի դերակատարումը «հայրենական պատերազմում ադրբեջանական հաղթանակում»:
Իսկ անցած տարի օգոստոսին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության շենքում հանդիպում էր ունեցել «Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների» հետ: Հանդիպմանը ներկա էր եղել նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը:
Իհարկե, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը փորձ էր արել տպավորություն ստեղծել, թե նրանք ադրբեջանցի «շեհիդների» ընտանիքների անդամներն են եղել, բայց ինչո՞ւ պետք է նրանք հասնեին Թուրքիա և նման ընդունելության արժանանային, այն էլ՝ Հաղթանակի տոնի» կամ «Թուրքիայի զինված ուժերի օրվա» համատեքստում:
Այսինքն, սա հաստատում է վերը նշվածը, որ 44-օրյայի օրերին թուրք գեներալները ոչ միայն ղեկավարել են Ադրբեջանի Գլխավոր շտաբը, այլ նաև թուրք զինվորները մարտի դաշտում կռվել են:
Իսկ 44-օրյա պատերազմում թուրք զինվորների «հերոսացման» փաստի անհաջող քողարկումը թերևս փորձ էր՝ մեղմացնելու Ադրբեջանի այն դժգոհությունը, որը բարձրացել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հայտարարել էր՝ «ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»:
Բայց ակնհայտ փաստերը 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարման, ավելին՝ նրա թելադրող ազդեցության մասին, ինչպես նաև՝ ակտիվ և ուղիղ մասնակցության, այսպես ասած, ադրբեջանական օպերացիաների ծրագրման գործում և ռազմական գործողություններում հնարավոր չէ թաքցնել, հատկապես, երբ Թուրքիան 2020 թվականի պատերազմում իր սեփական շահերն ուներ և Սիրիայում տեղի ունեցածից հետո էլ ավելի է ուժեղացել, ինչը թույլ է տալիս առավել ամրապնդել իր դիրքերը նաև Հարավային Կովկասում:
Եվ օրերս azeritimes.com-ի X սոցիալական ցանցից տեղեկացանք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պարգևատրել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, որի ժամանակ վերջինն ուշագրավ հայտարարություն է անում, որ այդ մեդալն ընդունում է հանուն իրենց ընկերների կամ նրանց անունից, ովքեր Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս (ամենայն հավանականությամբ, պարգևատրման տեսանյութը նոր չէ, բայց դա չէ էականը):
Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT): Այսինքն, պատերազմի ժամանակ գործ ենք ունեցել նաև թուրքական հետախուզության հետ:
Իսկ այսօր Փաշինյանը և Ալիևը խոսում են երկկողմ կամ առանց միջնորդների բանակցությունների մասին, մինչդեռ Թուրքիան ուղիղ ներգրավվածություն ունի նաև երկու երկրների միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցություններում:
Իսկ գուցե Թուրքիան երրորդ երկիր չէ, և նա այս բանակցություններում ընդգրկված է՝ որպես պատերազմի կո՞ղմ, եթե հաշվի առնենք վերը նշվածը: Մյուս կողմից, պատերազմն Արցախում էր, և Հայաստանը Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի մեջ չի եղել, բայց սա չի խանգարել, որ անգամ պատերազմից առաջ Փաշինյանը հասկանա՝ Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար պետք է թուրքական կողմի հետ պայմանավորվել:
Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:
«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»: