«Ինձնից հայրենասեր մարդ ես չեմ ճանաչում». «Իմ քայլի» ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու եղած դատավոր Սարգիս Պետրոսյանը պնդում է՝ երբևիցե քաղաքականությամբ չի զբաղվել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:

Պետրոսյանը, ինչպես տեղեկացրել է մամուլն ավելի վաղ, պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:

Նախորդ դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել դատական նիստին:

Կարդացեք նաև

Վերջիններիս պաշտպաններն ասացին, որ նրանց բացակայությունը հարգելի է, իսկ ներկայությունը չի պահանջվում, քանի որ նրանք չունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Նախկին ՔՊ-ական դատավորը, որն ակնհայտորեն չի հաղթահարել երբեմնի կուսակցական համակրանքը և նիստը վարում էր խիստ նյարդային ու լարված ու բացահայտ վերաբերմունք ցուցաբերելով, իր կարծիքով՝ մեղադրյալների նկատմամբ, մի քանի ժամ հարցը քննելուց հետո, ի վերջո, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին:

Այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ինքնակամ ներկայացել էին դատարան, սակայն թե՛ նրանք, թե՛ նրանց պաշտպանները շարունակում էին պնդել, որ իրենք մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար դատարանում իրենց գտնվելն օրինաչափ չէ:

Ինչևէ, որոշակի դատավարական գործողություններից հետո դատավոր Պետրոսյանն առաջարկեց անցնել բացարկի ու ինքնաբացարկի հարցերին: Հանրային մեղադրողներն ու տուժողները բացարկ չունեին, իսկ ահա «մեղադրյալներն» ու նրանց պաշտպաններն ունեին, սակայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց՝ իրեն մեկ շաբաթ ժամանակ է պետք բացարկի դիմումը ներկայացնելու համար: Դատավորը ասաց՝ կարող է մեկ ժամ տրամադրել: Ի վերջո, պաշտպանն արձանագրեց, որ իրեն բացարկ հայտնելու համար ողջամիտ ժամանակ չտրամադրվեց:

Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը խնդիր տեսավ դատավարական գործողություններում: Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների նրա և դատավորի պատկերացումները հակասում էին միմյանց: Մասնավորապես, Վարդևանյանը պնդում էր՝ ինքն իրավունք ունի առարկություն ներկայացնելու, մինչ այլ գործողությունների անցնելը, բայց դատարանը չէր համաձայնում:

Այնուամենայնիվ, ի թիվս այլ հարցերի, Արամ Վարդևանյանին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է վերաբերվում Արցախին, ինչպե՞ս է դատավորը դարձել ՔՊ-ի և «Իմ քայլը» դաշինքի անդամ, որովհետև օրինակ, նույն դաշինքի անդամ է եղել տուժողի իրավահաջորդի մերձավոր ազգական Անուշ Քլոյանը: Դատավորն ասաց, որ չի ճանաչում Անուշ Քլոյանին: Երկար պնդումներից հետո ասաց՝ չի հիշում՝ ով է իրեն առաջարկել դառնալ «Իմ քայլը» դաշինքի անդամ, բայց նշեց, որ առաջարկը ստացել է քաղաքական ուժի կողմից, իրեն դիմել են՝ որպես իրավաբանի, բայց հետո ինքը դիմում է գրել ու դուրս եկել կուսակցությունից:

Ի դեպ, դատավորը հայտնեց, որ իրենից հայրենասեր մարդ ինքը չի ճանաչում:

Ինչևէ Արամ Վարդևանյանը հայտնեց, որ դատավոր Պետրոսյանը բացարկման ենթակա անձ է, սակայն չի կարող բացարկ հայտնել, քանի որ իրենք չեն գտնվում նախնական դատալսումների փուլում, ինչպես պահանջում է Քրդատ օրենսգիրքը: Դատավորը ասաց՝ կարող է բացարկ հայտնել, ինչին Վարդևանյանը պատասխանեց՝ չի կարող, քանի որ դա դատավորի որոշմամբ չի կարգավորվում, այլ օրենքով:

Ի վերջո, Արամ Վարդևանյանի՝ Քրդատ օրենսգրքի իմացությունը հունից հանեց դատավորին:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Արամ Օրբելյանը, ով նախ նկատեց, որ դատավորը սմս ստացավ, ինչը և արձանագրեց: Դա դատավորին խիստ նյարդայնացրեց, ասաց՝ իր 6 ամսական երեխայի նկարն է ստացել: Օրբելյանն էլ սկսեց բացատրել՝ ինչ է սմս-ը:

Մյուս «մեղադրյալների» դիրքորոշումը բացարկի հարցի վերաբերյալ նույնական էր:

Իր խոսքում դատավորը նշեց, որ պատգամավորի թեկնածու լինելով՝ ցանկացել է օգնել պետությանը, սակայն ինքը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել:

«Անհրաժեշտություն է եղել, որ ցուցակում լինեմ, քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվել: Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել որևէ փաստարկ, որ ես քաղաքականացված դատավոր եմ»,- ասաց դատավորը, ինչին Ռոբերտ Քոչարյանն առարկեց՝ չի լինում այդպես, որ ԱԺ պատգամավորի թեկնածուն քաղաքականությամբ չզբաղվի:

Դատավորը, ի վերջո, որոշեց, որ բացարկի հիմքեր ինքը չունի: Մինչ այդ կրկին պնդեց՝ ինքը հայրենասեր մարդ է, և անգամ իր զարթուցիչի ձայնը ՀՀ հիմնն է:

Դատական նիստը շարունակվում է:

168.am-ը դեռևս 3 ամիս առաջ էր գրել, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը որոշեց.

1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Սա նշանակում էր «Մարտի 1»-ի գործի վերաբացում: Ուշագրավ էր, որ այդ որոշման կայացմանը ՍԴ-ում մասնակցել էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ արդեն իսկ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ու, որ առավել հետաքրքրական է, «Մարտի 1»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, այժմ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս