Ինչո՞ւ և ինչպե՞ս Դավիթ Խաչատուրյանն ու Վահե Գրիգորյանը մասնակցեցին Ռոբերտ Քոչարյանի գործով քննությանը. Դատավորի երդման բարդույթը

Շուրջ 10 օր առաջ 168.amանդրադարձել էր Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ հունիսի 11-ի որոշմանը, ըստ որի՝ հնարավոր է՝ «Մարտի 1»-ի գործով վարույթը վերսկսվի: Գրել էինք, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:

Պրոբլեմատիկ որոշումը քիչ թե շատ արդարացնելու համար Սահմանադրական դատարանն էլ գնաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ճանապարհով, երբ վերջինս քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ կալանքի որոշման հրապարակումից հետո մեկնաբանում էր դատավոր Վահե Դոլմազյանի որոշումը:

Այս դեպքում ՍԴ-ն ևս որոշեց հանրությանն ավետել, թե ինչի մասին է իր որոշումը, և ինչ լավ է, որ նման որոշում կայացվեց, ինչպես ենք ապրել առանց այդ որոշման, և հետո ինչքան լավ է լինելու:

Բայց, ի տարբերություն ԲԴԽ նախագահի, որը պարզաբանում է, թե ինչի մասին է որոշումը, Սահմանադրական դատարանում դա անում են ՍԴ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կամ Հանրային հեռուստաընկերությանը տրվող հարցազրույցների շրջանակներում:

Կարդացեք նաև

Նման պարզաբանումներ էր տալիս «Մարտի-1» անունը ստացած, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումով քննվող գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը, բացատրում, թե ինչպես է դատավորի երդում տված Վահե Գրիգորյանը բարձրացրել իր և դատավորներ Հրայր Թովմասյանի ու Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության հարցը, իսկ մյուս դատավորները, նրանց թվում՝ և ինքը, քվեարկությամբ որոշել են, որ անհնարին է միայն այդ երկու դատավորի մասնակցությունը, իսկ դատարանի փաստացի նախագահ Վահեն Գրիգորյանը ո՛չ մասնակցել է այդ գործի քննությանը նախկինում, և ո՛չ կանխակալ վերաբերմունք ունի և պետք է անպայման մասնակցի այս գործի քննությանը հիմա:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության մեջ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի եղբայրը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հայտնում է Վահե Գրիգորյանի հետ հանդիպման մասին` «Մարտի 1» անունով հայտնի քրեական գործի հետ կապված աշխատանքային հարցեր քննարկելու համար:

Այդ հարցով Փաստաբանների պալատում հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Վահե Գրիգորյանն ընդունել է, որ ներկայացնում է տուժողի իրավահաջորդներին, դիմումներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նրանց անունից, այդ հարցի շրջանակներում համագործակցում է իրավապահ մարմինների հետ: Այսինքն՝ այդ կասկած չհարուցող հանգամանքը դատավորները դրել են մի կողմ և թույլ են տվել մինչև ՍԴ դատավոր դառնալը Երկրորդ նախագահի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական գործով ակտիվ ներգրավվածություն ունեցող դատավորին մասնակցել նույն անձի վերաբերյալ սահմանադրական մեկ այլ վեճի քննությանը:

Դատավորներին չէր կաշկանդել նույնիսկ այն հանգամանքը, որ նախորդ գործերով ՍԴ դատավորների կողմից Վահե Գրիգորյանի մասնակցությունն անհնարին էր դիտվել` հաշվի առնելով հենց վերը նշված հանգամանքները:

Բայց դե, ունենք այն, ինչ ունենք, և «Մարտի 1» անունը կրող գործով տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և քրեական գործի նախաքննություն իրականացրած կառույցի՝ ՀՔԾ-ի ղեկավարի եղբայր Դավիթ Խաչատուրյանը մասնակցեցին գործի քննությանը և որոշում կայացրեցին՝ հաշվի առնելով տուժողների շահերը և մի կողմ դնելով Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով ու ՄԻԵԴ վճիռներով հանրաճանաչ մեղադրյալի ամրագրված կանխավարկածնեը:

Ստացվում է, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնին հավակնող այս իրավաբանը, որը Մարտի 1-ի դեպքերով քրեական գործերով ներկայացնում էր տուժողներին, ՍԴ-ում փաստացի շարունակեց ներկայացնել իր վստահորդներին, այս անգամ արդեն՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակով:

Բավականին տարօրինակ են նաև Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմնավորումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը նախկին իշխանությունների օրոք առանձնապես մտահոգված չէր, որ դատախազությունը տուժողներին լավ չի պաշտպանում:

Եթե օբյեկտիվ լինենք, ապա ՍԴ-ում 2011թ. նույնանման հարցով դատախազության դիմումով Սահմանադրական դատարանի կողմից գործի վարույթը կարճելուց և կարճման որոշումը մանրամասն հիմնավորելուց հետո քրեական գործերով ձևավորվել է կայուն դատական պրակտիկա, որն առանձնապես ցնցումներ չի ունեցել, և տուժողների իրավունքների հետ կապված ո՛չ դատախազությունում, և ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատում մտահոգություններ չեն եղել:

Սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, եթե նայենք դատախազության դիմումը վարույթ ընդունած Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քրեական գործեր քննող կազմին:

Արտակ Կրկյաշարյանը եղել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, Դավիթ Վեքիլյանը նախկին դատախազ է, Չիչոյան Սերգեյը դեռևս պետք է մարի իր դատախազ եղբորորդուն իրավունքի ուժով դատավոր նշանակելու, իսկ իրեն՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր նշանակելու պարտքերը, չնայած վերջինս լավ էլ ինքնուրույն փակում է իր պարտքերը նախկին դատախազական բնազդներով, իսկ Ելիզավետա Դանիելյանի սկզբունքայնությանն ականատես ենք եղել Ազգային ժողովում պատգամավորների առջև անհասկանալի արդարացումներով լի ելույթներից, երբ արդարանում էր, որ դատավորի իր առաքելության իրականացումն իրենից կախված չի եղել… Եղել են բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ու օրենսդրական վատ կարգավորումներ:

Իսկ Սահմանադրական դատարանում ովքե՞ր են սահմանադրական արդարադատություն իրականացրած երդվյալ դատավորները, ովքեր չեն կաշկանդվում ու ավելորդ բարդույթավորվում իրենց երդմամբ:

Սահմանադրական դատարանի որոշման լեգիտիմությունը նսեմացրած երկու «երդվյալի»՝ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի մասին խոսեցինք, սակայն որոշումը ստորագրած մյուս դատավորներն էլ երևի արժանի են, որ իրենց հիշեն՝ որպես իրավաբանի մասնագիտությունն ու պատիվն արատավորող անձանց:

Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվող, գործը զեկուցող դատավոր Էդ. Շաթիրյանը չէր էլ պատկերացնում թե ինչպես պաշտպանեց Հայաստանի տուժողների շահերը, չնայած պետք է հասկանար, որ ըստ դիմումի և ՍԴ որոշման «պատճառաբանության»՝ տուժողը կարծես թե Դատախազությունն է:

Տեսանյութից հստակ էր, որ Շաթիրյանը ներկայանում էր կատարված պարտքի զգացումով և նույնիսկ հպարտ էր, որ այս գործն էլ են իրեն վստահել:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը վստահաբար չի մոռացել, թե ինչպես և ինչի համար է հայտնվել Սահմանադրական դատարանում: Վերջինս սկզբունքային է միջազգային պայմանագրերի հետ կապված դիմումների ներկայացման կարգի հետ կապված հատուկ կարծիքներ գրելու հարցում, իսկ մի երկու անգամ էլ ընդվզել է, երբ ՍԴ-ն, մոռանալով իր կարգավիճակը, առևտրային վեճեր է լուծել՝ իրեն դնելով 4-րդ ատյանի տեղ, սակայն համանման այլ դեպքերում կարծես չնկատելու է տվել այդ հանգամանքը:

Դե, Արթուր Վաղարշյանն էլ մի անգամ համարձակություն ունեցավ Վճռաբեկ դատարանի նախկին դատավորի դիմումի գործով որպես զեկուցող դատավոր՝ դիրքորոշում ունենալ, սակայն նոր զեկուցող Էդգար Շաթիրյանի համոզիչ զեկուցումից հետո միացավ գործի վարույթը կարճելու անշառ և ապահով տարբերակին` մի կողմ դնելով իր իրավական դիրքորոշումը, որն էլ, ըստ իրենց աշխատակարգի՝ հիմք էր դարձել զեկուցող դատավորին փոխարինելու համար:

Հովակիմ Հովակիմյանի մասով կարելի է ոչինչ չասել, իսկ Արման Դիլանյանը, ինչպես միշտ, իր տեղակալի մեջքին կանգնած է`հուսով, որ երբ վերջինս տեղափոխվի ՄԻԵԴ, ինքն էլ Սահմանադրական դատարանի իսկական նախագահ կդառնա:

Արդյունքում ստացվեց, որ Դատախազությունը վճռաբեկ բողոք բերեց, հակակոռուպցիոն պալատի դատախազաքննչական կազմը վարույթ ընդունեց, և Սահմանադրական դատարանի՝ իրեն նախագահ հայտարարած և նախկինում գործով տուժողներին ներկայացրած դատավորն ու նախաքննություն իրականացրած կառույցի ղեկավարի եղբայրը, մասնակցելով դիմումի քննությանը, դատախազությանը նվիրեցին այն լիազորությունը, որը ստանալու համար վերջիններս պայքար էին տանում ՍԴ թիվ 872 և 934 որոշումներով նույնական հարցի վերաբերյալ ՍԴ արտահայտված իրավական դիրքորոշումները չեզոքացնելու համար, որոնք քիչ թե շատ քրեական դատավարությունը զերծ էին պահում խորհրդային ժամանակների դատախազական տխուր ավանդույթներից:

Իհարկե, այս վիճակն արդյունք է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իրավունքի և պետության վերաբերյալ միայն իրեն հայտնի դոկտրինների հնչեցման արդյունքում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որպես հալած յուղ ընդունելու և առանձին էնտուզիազմով կիրառության մեջ դնելու, որոնցից է նաև ՍԴ դե յուրե նախագահը, որն արձագանքելով Փաշինյանի հորդորին, օրինականացրել է Սահմանադրությունը «ոնց պետք է» սկզբունքով մեկնաբանելը:

Այս պահի դրությամբ իրեն իրավապաշտպան հայտարարած որևէ կազմակերպություն դեռևս իրավական գնահատական չի տվել ՍԴ որոշման իրավական հետևանքներին՝ համարելով, որ դա վերաբերում է բացառապես Երկրորդ նախագահին, և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կարելի է արդեն մտածել, թե ինչ մեղադրանք հորինել, որ մի քանի հարյուր տուժող ու վկա ապահովվի:

Իսկ այն փաստը, որ այս գործիքակազմով դատախազությունը հնարավորություն է ստանում յուրաքանչուր ամբաստանյալի երկարատև «մեղադրյալի» կարգավիճակ տալ, կարծես թե իրավապաշտպանության տիրույթից դուրս է, ինչպես և այն հարցը, որ հայտնի «իրավաբան» Արփի Դավոյանի նախաձեռնությամբ գործերի ենթակայությունն իր հայեցողությամբ լուծելու լիազորություն էր տրվում գլխավոր դատախազին:

Հայաստանի իրավական համակարգի դեգրադացիան սկսվել է այն պահից, երբ համամարդկային արժեքների և միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավական ինստիտուտները սկսեցին նսեմացվել հեղափոխության անվան տակ ներմուծած կեղծ ինստիտուտներով ու մտացածին արժեքներով: Իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գլուխներն ավազի մեջ թաքցրած, մինչև 2018թ. գրած ճառերն ու ելույթներ են ռեալիզացնում դեսից-դենից ստացված դրամաշնորհներով՝ անտեսելով այսօրվա իրավական բեսպրեդելը, երբ արդեն իսկ ունենք քաղաքական բանտարկյալի չափանիշին բավարարող անձանց ցուցակ, իսկ խաղաղ հավաքների արգելելու և խոչընդոտելու առիթներով Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի նախկինում կայացված վճիռների առկայության պայմաններում ոստիկանությունը, քննչական կոմիտեն և դատախազությունն ավելի ցինիկ գործելակերպով են քաղաքական և իրավական հետապնդումներ իրականացնում քաղաքական և հասարակական ակտիվիստների դեմ, իսկ արևմտյան միջազգային կառույցները հիանում են Հայաստանի ժողովրդավարությամբ, կարծես թե ՄԻԵԴ վճիռների վաղեմության ժամկետը լրացել է, իսկ մարդու իրավունքների կոնվենցիայի գործողությունը կասեցվել է:

Հ.Գ. ՄԻԵԴ դատավորների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլում հավակնորդ Վահե Գրիգորյանն իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության չկանչելու խնդիրը պայմանավորեց դատավորի երդման հանգամանքով:

Հետաքրքիր է` այս գործով դատավորի երդումը կասեցվա՞ծ էր:

Արդարադատություն իրականացնելու համար ընկերներին ուրանալը պարտադիր չէ, ուղղակի պետք է հետևել դատավորի վարքագծի կանոններին և զերծ մնալ ուղղակի կամ անուղղակի նախկին վստահորդների շահերին առնչվող գործերով հանդես գալ որպես դատավոր:

Նույն հարցազրույցի ժամանակ դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախագահի հերթապահ հարցն էլ ստացավ հեղափոխական պատասխան՝ նախկիններից եկած ժառանգություն է. երևի տեղյակ չէր, որ արդար դատաքննությունից անտեղյակ ԲԴԽ նախագահն արդեն վեթինգն արել է և կենսագրություն ու մասնագիտական փորձ չունեցող բավականին մարդ ներմուծելով դատական համակարգ` մի ուրիշ մակարդակի են հասցրել են դատական իշխանության հեղինակությունը:

Հ.Գ.-2. Առաջարկում ենք Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ և վերացնել Սահմանադրական դատարանը, իսկ դրա փոխարեն Փաշինյանին կից ստեղծել սահմանադրության հարցով պատասխանատու, ով ծանոթ կլինի վարչապետի իրավական տեսություններին և կկարողանա ձևավորել ճիշտ պատկերացումներ արդարության մասին:

Տեսանյութեր

Լրահոս