Ի վերջո, ո՞վ էր թուրք պատգամավորներին հրավիրել Երևան

Երևանում այսօր ավարտվեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը, որը բոյկոտեցին հարավկովկասյան երկու երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, սակայն նստաշրջանին մասնակցեցին խորհրդարանականներ Թուրքիայից։ Չնայած հանգամանքին, որ Թուրքիան Եվրանեսթ ԽՎ անդամ չէ, նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված լիագումար նիստին մասնակցում են թուրք խորհրդարանականներ։

Ավելի ուշ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) պաշտոնական ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հայ և թուրք խորհրդարանականների համատեղ լուսանկարը՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում «պատմական հանդիպում» է տեղի ունեցել Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանականների միջև։

Նշված էր, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայից՝ ԵՄ-Թուրքիա միջխորհրդարանական հանձնաժողովում Թուրքիայի պատվիրակության նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը, Թուրքիայի խորհրդարանի՝ Եվրոպական միության հետ ասոցացման հանձնաժողովի նախագահ Բուրհան Քայաթուրքը, իսկ Հայաստանից՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «ՔՊ» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հսկայական քայլ է Եվրոպայի և Ասիայի երկրների միջև կապը բարելավելու ուղղությամբ, ինչն անկասկած կնպաստի երկու աշխարհամասերի միջև առևտրային հնարավորությունների զգալի բարելավմանը: Մենք ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի բոլոր դրական քայլերն այս ուղղությամբ»,- նշել էր Կովաչևը։

Կարդացեք նաև

Նախօրեին ընթացող Եվրանեսթի պլենար նիստի ընթացքում թուրք խորհրդարանականներին մեծ ոգևորությամբ ողջունեց նաև Եվրանեսթ ԽՎ-ն համանախագահող գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին։

Եվ հարց էր ծագում, թե ո՞վ է թուրք պատգամավորներին հրավիրել մի հարթակի նիստի, որին նրանք չեն անդամակցում։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հարթակ է՝ բաղկացած Եվրոպական խորհրդարանի և ԱլԳ անդամ 6 պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններից, ընդհանուր առմամբ 120 հոգի։ Ուստի Հայաստանում, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրահարույց բնույթն ու Եվրանեսթ ԽՎ-ից Թուրքիայի բացակայությունը, այս մասնակցությունը մեծ ուշադրության արժանացավ։

Երեկոյան, սակայն, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ-ում և իր խոսքը սկսեց՝ շնորհակալություններ ուղղելով Եվրանեսթ ԽՎ 12-րդ նստաշրջանի համանախագահներին և Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարին նիստին մասնակցելու հրավերի համար։

Իսկ Եվրանեսթ ԽՎ 12-րդ նստաշրջանը համանախագահում էին Սերգեյ Լագոդինսկին ու ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով համապատասխանաբար այս հարթակում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է։ Այսինքն՝ թուրք պատգամավորներին ուղղված հրավերը եղել էր վերջիններիս կողմից։

Փաստորեն, չնայած հանգամանքին, որ Թուրքիան չի բացում հայ-թուրքական սահմանը, հայ-թուրքական օրակարգն ամբողջությամբ պայմանավորում է ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրմամբ, որի հետևանքով հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, ՀՀ իշխանություններն առանց նույնիսկ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սկսում են Թուրքիայի հետ հարաբերություններ սահմանել, թուրք պաշտոնյաների ու մասնագետների հրավիրել Հայաստան։

Տեսանյութեր

Լրահոս