ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին. Դատախազության փորձությունը

Այս տարվա հունիսի 11-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Արման Դիլանյանի աշխատակարգային որոշմամբ, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը հետաձգվեց և գործի դատաքննությունը նշանակվեց 2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին: Դիմումը Վճռաբեկ դատարանը ՍԴ է ներկայացրել տարեսկզբին:

Իսկ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Նկատենք, որ որոշումը ՍԴ-ի կայքում դեռ հրապարակված չէ, սակայն կհրապարակվի 3 օրվա ընթացքում:

Կարդացեք նաև

Ըստ ՍԴ-ի որոշման, փաստորեն, հնարավոր է, որ վերսկսվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը:

Հուլիսի 22-ի նիստում Սահմանադրական դատարանը որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

Նշենք, որ 309.1-ին հոդվածի 3-րդ մասով որոշվում են առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները, և մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։

Մի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի պասով՝ ՍԴ-ն ապահովեց հաջորդ նախընտրական տարվա համար Նիկոլ Փաշինյանի անփոփոխ շոուի՝ «Քոչարյանը կդատվի» մի քանի դրվագանոց տրագիկոմեդիայի շարունակականությունը:

Հետաքրքիր է, որ ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հրայր Թովմասյանին արգելվել է մասնակցել այս գործի քննությանը, քանի որ Սեդա Սաֆարյանը մասնակցել է նշված գործի քննությանն այլ դատարանում, իսկ Հրայր Թովմասյանն էլ, ըստ ՍԴ որոշման` կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով փորձում է օգնել դատախազությանն ինչ-որ մի ձևով կրկին Երկրորդ նախագահի վերաբերյալ ասպարեզում ունենալ քրեական գործ, որովհետև ՍԴ-ն նույն հարցով մի անգամ Դատախազությանն արդեն իսկ մերժել էր:

Այստեղ ուշագրավ է Վճռաբեկ դատարանի շահագրգռվածությունն այս հարցով: Դատարան ես, գործը ստացել ես, խնդրեմ, քննիր, վճիռը կայացրու: Վճռաբեկի պարտականությունների ո՞ր ցանկում է ամրագրված, որ ինքը կոնկրետ գործով պիտի դիմի ՍԴ՝ այդ գործով արարքի վերաորակման հարց լուծելու համար: Իսկ ենթադրենք՝ արարքը վերաորակվեց, ու այդ գործը հասավ մինչև Վճռաբեկ, ինչպե՞ս է նա քննելու այն, արդյո՞ք շահերի բախման հարց առաջ չի գալու:

Ինչ վերաբերում է դատախազությանը, պետք է նշել, որ դատախազությանն էլ հեշտ օրեր չեն սպասում, և հուլիսի 22-ի՝ ՍԴ-ի որոշումից շատ ուրախանալ պետք չէ. նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Նիկոլ Փաշինյանին դուր գալու մոլուցքից ծնված քրեական գործի տակից դեռ դուրս գալ է պետք: Շատ հետաքրքիր է՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի արարքը վերաորակելի այդ ի՞նչ հոդված պետք է երկնեն, որի վաղեմության ժամկետն անցած չլինի:

Այնպես որ, մեզ բավականին ուշագրավ գործընթացներ են սպասում, որոնք, թերևս, 2021թ. Նիկոլ Փաշինյանի համար 680.000 ձայն ապահովածների մի մասի համար բավականին գայթակղիչ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս