Ֆրանսիան և Թուրքիան Ռուսաստանի սահմանների մոտ ներկայացում էին բեմադրում. Պյոտր Մակեդոնցև
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարևմտյան հռետորաբանությունից և հակաարևմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի և Մակրոնի միջև:
Հատկանշական է, որ ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության, Էրդողանը հայտարարել է․ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները հիմնված են խորը պատմության վրա, և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը օգուտ կբերի երկու երկրներին»: Բացի այդ, նա կրկին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու մտադրության մասին՝ կոչ անելով ակտիվացնել այդ գործընթացը, ինչպես նաև կատարել Մաքսային միության նորացման և վիզային ռեժիմի ազատականացման պարտավորությունները:
Հաղորդվում է նաև՝ Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Նույնիսկ այս տեղեկությունները թույլ են տալիս խոսել այն մասին, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարգավորում է տեղի ունենում։ Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ Փարիզն ու Անկարան միմյանց նայում էին որպես մրցակիցներ Միջերկրական ծովի արևելքում, Լիբիայում և Սիրիայում։ Իսկ հիմա Էրդողանը, որը համեմատաբար վերջերս կոպիտ արտահայտություններ էր թույլ տալիս Մակրոնի հասցեին, այլ կերպ է խոսել։ Ոչ վաղ անցյալում՝ այս տարվա հուլիսի 11-ին, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները նույնպես բանակցություններ են վարել։
Ընդ որում՝ Ֆրանսիան նույնպես դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացմանը։ Ելիսեյան պալատը հետաքրքիր մանրամասներ է հայտնում երկու նախագահների ներկա բանակցություններից: Մակրոնը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններում դրական երկկողմ օրակարգ մշակելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ, նա ողջունել է Թուրքիայի նախաձեռնությունները, որոնք ուղղված են Սև ծովում ծովային անվտանգության ապահովմանը: Մակրոնն ու Էրդողանը նաև կոչ են արել Լիբանանում հրադադար հաստատել և 1701 բանաձևի հիման վրա դիվանագիտական կարգավորում իրականացնել: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ հոկտեմբերի 24-ին Փարիզում տեղի ունեցած Լիբանանի ազգաբնակչությանն ու ինքնիշխանությանն աջակցող խորհրդաժողովին մասնակցելու համար: Վերջապես, ամենահետաքրքիրն այն է, որ ըստ Ելիսեյան պալատի Մակրոնն ու Էրդողանն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարին:
Վերջինս հատկապես հետաքրքիր է։ Եթե Ուկրաինայի զինված ուժերի աջակցության դեպքում Փարիզի և Անկարայի դիրքորոշումները ոչնչով չեն տարբերվում (Թուրքիան ուղղակի պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի նույն Ֆրանսիայի նման չտուժի ռուսական հակապատժամիջոցներից), ապա երկու երկրների դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ շատ ավելի հետաքրքիր է։ Բանն այն է, որ վերջին տարիներին Ֆրանսիան կերտել է Հայաստանի պաշտպանի և հովանավորի կերպարը։ Հաճախ Փարիզից հնչում էին հարձակումներ Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ Հոկտեմբերի 30-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ բնակավայրի մի մասի օկուպացիայի մասին: Միևնույն ժամանակ, նույն օրը նա նաև հայտարարեց․ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»։
Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան աջակցում է դելիմիտացիային՝ այն տեսքով, որով այն համաձայնեցրել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ առանց հիմքերի համարվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ միակողմանի զիջումների ճանապարհով հաշտեցման գնացող քաղաքական գործիչ: Ընդ որում՝ Հայաստանի ներկայիս վարչապետը, որը քաղաքական թուրքաֆիլի համբավ ունի, վայելում է Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի աջակցությունը։ Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ արդյո՞ք Անդրկովկասում քաղաքական գործընթացը ներկայացում չէ, որտեղ Ֆրանսիան, ըստ հատկացված դերի, իբր օգնում է Հայաստանին, իսկ Թուրքիան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, որպեսզի Փարիզի և Անկարայի համատեղ ջանքերով խարխլվի ռուսական ազդեցությունն Անդրկովկասի երկու երկրներում:
Ի դեպ, մենք հիմքեր ունենք կասկածելու Փարիզին և Անկարային՝ ոչ միայն Անդրկովկասում նման քաղաքական խաղ անցկացնելու մեջ։ Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Ֆրանսիա է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով անդամակցում է՝ ինչպես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, այնպես էլ՝ թյուրքական պետությունների կազմակերպությանը: Իրադարձություններով հագեցած այս այցը սովորական բան չէ։ Տոկաևի խոսքով՝ Ֆրանսիան 6-րդ տեղում է Ղազախստանում կատարված ներդրումների ցուցանիշով: Բացի այդ, այս տարվա 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4,2 մլրդ դոլար։ Ղազախաֆրանսիական համագործակցության կապը Թուրքիայի քաղաքական օրակարգի հետ հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել երկու կետի. նախ, Տոկաևի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ստորագրված 36 փաստաթղթերի թվում էր Մարգուլանի հնագիտության ինստիտուտի և կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (NRAP) միջև հնագիտության ոլորտում համագործակցության համաձայնագրի արձանագրությունը: Դա տեղի է ունեցել Ղազախստանի կրթական համակարգի վրա թուրքական ազդեցության ուժեղացման ֆոնին (տես՝ այստեղ., ինչպես նաև vpoanalytics – «Թյուրքական պետությունների կազմակերպություն. միասնական սյբուբեն, ակնարկներով քարտեզ և հեռավոր հեռանկարներ» հոդվածները,- Գ.Մ.)։
Հաշվի առնելով Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների ներկայիս բնույթը՝ Ղազախստանը ֆրանս-թուրքական մրցակցության վայր չէ։ Ընդհակառակը, Ֆրանսիան և Թուրքիան յուրաքանչյուրն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական ազդեցությունը Ղազախստանում նվազի։ Եվ եթե նույն Թուրքիան դեռևս չի կարողանում մրցակցել Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, ապա նրա փոխարեն դա անում է Ֆրանսիան և ֆրանսիական բիզնեսը։ Երկրորդ, Մակրոնը և Տոկաևը ընդունել են համատեղ հռչակագիր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ, որի 3-րդ կետում գրված է․ «Նրանք լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Երկու նախագահներն էլ ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Տրանսկասպյան միջանցքի զարգացման համար»։
Եվ այսպես, Մակրոնն ու Տոկաևը պաշտպանել են հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս ձևաչափը, որի դեպքում Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում։ Պատահական չէ, որ տվյալ դեպքում նշվում է Տրանսկասպյան միջանցքը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս միջանցքը Չինաստանից անցնում է Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով և Վրաստանով դեպի եվրոպական երկրներ։ Կարևոր է նշել՝ միջանցքի ճյուղերից մեկն անցնում է Թուրքիայի տարածքով։
Մեզ համար այս դեպքում կարևորն այն է, որ Ֆրանսիան աջակցում է այդ տրանսպորտային նախագծին։ Քանի որ Տրանսկասպյան միջանցքն անհնար է առանց Ադրբեջանի, ապա դա թույլ է տալիս ենթադրել, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններում առկա սառնությունը նույնպես քաղաքական ներկայացման մաս է կազմում։ Այլ կերպ չի կարելի տրամաբանության տեսանկյունից բացատրել, թե ինչո՞ւ է Ֆրանսիան ձգտում ամրապնդել դիրքերը Ղազախստանում, աջակցում է Տրանսկասպյան միջանցքին, ձգտում է համագործակցել Թուրքիայի հետ և, իբր, իսկապես գտնվում է Ադրբեջանի հետ կոնտրաստի մեջ։
Չի կարելի այս առումով ուշադրություն չդարձնել ևս մեկ կետի։ Նախագծին մասնակցող Վրաստանը կախված է Թուրքիայից և Ադրբեջանից։ Ընդ որում՝ Անկարան և Բաքուն արդեն հասցրել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։ Ըստ այդմ, առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների՝ Ֆրանսիան չի կարողանա օգտվել Տրանսկասպյան միջանցքից, հատկապես, եթե նա պատրաստվում է ուրան ստանալ Ղազախստանից և Ուզբեկստանից։ Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիայի և Վրաստանի հետ լարված հարաբերությունների դեպքում ֆրանսիական սպառազինությունն ու ռազմական տեխնիկան չեն մտնի Հայաստան։ Ուստի կասկածելի է, որ հետագայում Ֆրանսիան իրապես կհակազդի Անկարայի և Բաքվի կողմից քարոզվող «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։
Եվ այնուամենայնիվ, ստիպված ենք հաշվի նստել Ռուսաստանի հետ։ Ամենայն հավանականությամբ, հենց Տոկաևի դիրքորոշման պատճառով է, որ երկու նախագահների հռչակագրում պարզեցված ձևով գրված է եղել․ «Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի, դրա հումանիտար հետևանքների, ինչպես նաև առավել խոցելի երկրների համաշխարհային տնտեսության և պարենային անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ»:
Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ այնպես է թվում, կարծես Փարիզն ու Անկարան ներկայացում են բեմադրում Ռուսաստանի սահմանների մոտ։ Հինգերորդ Հանրապետությունը, որն իր համար ստեղծել է մի երկրի կերպար, որն իբր հակազդում է թյուրքական ինտեգրմանը և թուրքական էքսպանսիային, գործնականում հանդես է գալիս՝ որպես Թուրքիայի դաշնակից, որի հետ միասին նրանք զինում են Ուկրաինայի զինված ուժերը և փորձում են նվազեցնել ռուսական ազդեցությունը Անդրկովկասում և Միջին Ասիայում։
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի