Սրբազանը բոլորիս, հայ ժողովրդի համար էր դուրս եկել պայքարի, և ոչ մի րոպե չի ափսոսում դրա համար. Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ այցելել էր ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին:
«Ինձ ձերբակալեցին և բերեցին ԱԱԾ մեկուսարան: Խիղճս հանգիստ էր, խաղաղ էի: Լսել էի, որ ինչ-որ գաղտնալսումներ են հրապարակվել, բայց չգիտեի, թե ինչ են: Օրեր անցան, բերեցին արք. Աջապահյանին, խոսեցինք ու մեկ էլ հարցնում է՝ «էդ ինչ երկու հոգի էիք գյուլելու»: Զարմացած նայում եմ դեմքին՝ ի՞նչ երկու հոգի, ի՞նչ գյուլել: Պատասխանում է՝ գաղտնալսում են հրապարակել, որտեղ Հովհաննեսի հետ խոսում ես ինչ-որ գյուլելու ու բանտարկելու մասին:
Մի քանի օր է քունս կորցրել եմ, անհանգիստ եմ, չեմ կարողանում մտաբերել, թե ինչ կարող էր եղած լինել, որ նման զրույց լիներ: Աջապահյանն ասաց շատ մի տանջվի, քնիր, գիշերը երազ կտեսնես ու կհիշես: Այդպես էլ եղավ, գիշերվա կես քնից վեր թռա՝ հիշեցի, հիշեցի, նման զրույց հավանաբար թմրավաճառների մասին եմ արել…հետո փաստաբան Հովհաննեսից իմացա, որ ասել ես դավաճանների մասին ենք զրուցել՝ պետության անվտանգային համակարգ սարքելու համատեքստում. Երեկ ԱԱԾ մեկուսարանում հանդիպել եմ մեր սիրելի Բագրատ Սրբազանին: Վերոգրյալը մեր զրույցից մի հատված է:
Նա ամուր է և անկոտրում, իր բռնած ճանապարհում ավելի քան հաստատակամ: Նա բոլորիս, հայ ժողովրդի համար էր դուրս եկել պայքարի, և ոչ մի րոպե չի ափսոսում դրա համար: Նա բոլորիս համար է դուրս եկել և մեր համար է կրում ներկայի դժվար ընթացքը: Նա բոլորիս աջակցության կարիքն ունի: Սա ես եմ ասում, նա նման կարիքի մասին բան չէր ասի: Նա բոլորիս աջակցության կարիքն ունի՝ դատերին ձեր ներկայությամբ, իր խոսքը տարածելով, իր և մյուս արդարների հանդեպ շարունակական անարդարությունների մասին շարունակաբար խոսելու տեսքով: Եվ չհանձնվելու, չխեղճանալու և չհուսալգվելու տեսքով»,- գրել է նա:

