Եթե 44-օրյա պատերազմից առաջ կառավարությունը կես միլիոն դոլար է հատկացնում այդպիսի գաղափարա-քաղաքական հայացքների տեր ՀԿ-ի, ապա պարզ է, թե ինչու գաղտնի. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Ըստ էության, կողքից հետեւում եմ քննարկումներին, որ ծավալվել էին գիտական հետազոտական ՀԿ-ներից մեկին կառավարության տված կես միլիոն դոլարի դրամաշնորհի պատմության շուրջ: Հիշեցնեմ, դրամաշնորհը հատկացվել է 2020 թվականին՝ հինգ տարով, ասինքն տարեկան 100 հազար դոլարի դրամաշնորհ, որի դիմաց ՀԿ-ն կառավարության պատվերով իրականացրել է հումանիտար հետազոտություններ:
Ամբողջ հարցն այն է, որ դրամաշնորհը տրամադրվել է գաղտնի և հանրությանը այդ հատկացման մասին հայտնի է դարձել միայն վերջերս, լրատվամիջոցների շնորհիվ:
Սա դարձել է բուռն քննարկումների առարկա հատկապես սոցցանցերում: Դե, պարզ է, շատ շատերը գաղտնի հատկացված դրամաշնորհի գործընթացում տեսնում են կոռուպցիայի եւ հովանավորչության՝ մեղմ ասած ռիսկ: Շատերն էլ ասում են, թե նորմալ է, երբ պետությունը պատվիրում է հետազոտություններ, ֆինանսավորում դրանք: Նաեւ ասում են, թե ՀԿ-ն շատ բարձրորակ մասնագետներից է կազմված, շատ որակյալ հետազոտություն է անում, եւ այլն: Ի դեպ, չիմացողների համար գուցե արժե հիշեցնել նաեւ, որ ՀԿ հիմնադիրն էլ դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց նշանակվել է գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր:
Անկեղծ ասած, շատ տարակուսելի է այս բանավեճում «պաշտպանների» դիրքորոշումը: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ պետության այդպիսի ֆինանսավորումը բնորոշ է ցանկացած կառավարության, եւ ոչ՝ ՀԿ-ն շատ լավ մասնագետներ ունի, բարձրակարգ մասնագետ եւ մարդ հիմնադիր ունի:
Հարգելիներս, այս պատմությունը որեւէ մեկի մասնագիտական որակի կամ մարդկային արժանիքների մասին չէ, թեեւ, վերջինի մասով առաջանում են հարցեր, երբ համաձայնություն է լինում կառավարությունից գաղտնիության պայմաններում կես միլիոն դոլար ստանալու հարցում:
Բայց, գոնե արմատում՝ այս պատմությունը հարկատուների փողը տնօրինելու հաշվետվողականության ու թափանցիկության մասին է, կառավարության գործունեության մասին: Հարցը շատ պարզ է՝ ի՞նչ սկզբունքով եւ ինչու՞ գաղտնի:
Թեեւ, ես օրինակ ունեմ «ինչու գաղտնի» հարցի իմ պատասխանը: Ինչպես որոշակի աղբյուրներից, այդպես էլ առկա քննարկումներից պարզ է, որ խոսքը մի ՀԿ-ի մասին է, որի ղեկավարությունն այսպես ասած «Իրական Հայաստանի» գաղափարախոսն է, կոնցեպտուալ հեղինակը, ջատագովը, այլ կերպ ասած՝ «գաղափարական հայրը»:
Հիմա ուշադրության արժանացրեք, թե ե՞րբ է պատվիրվել հետազոտությունը, ե՞րբ է հատկացվել կես միլիոն դրամաշնորհը, առավել եւս հնգամյա ժամկետի համար: Այո, 2020 թվականին, եւ ուշադրություն՝ 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ:
Ի՞նչ է ստացվում: 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ կառավարությունը հնգամյա ժամկետի հետազոտության համար կես միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացնում մի հումանիտար ՀԿ-ի, որի «գաղափարախոսական» էությունն ու նկարագիրը «Իրական Հայաստանն» է, այն «Իրական Հայաստանը», որն էլ փաստորեն Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես որդեգրելու էր 44-օրյա պատերազմից երկու-երեք տարի անց:
Եթե 44-օրյա պատերազմից առաջ կառավարությունը կես միլիոն դոլար է հատկացնում այդպիսի գաղափարա-քաղաքական հայացքների տեր ՀԿ-ի, ապա պարզ է, թե ինչու գաղտնի: Որովհետեւ, այդ որոշումը բնականաբար իր ծավալով ու տրամաբանությամբ անմիջապես արժանանալու էր ուշադրության: Եվ հետեւաբար, նաեւ հարցերի՝ այդ ինչի՞, ի՞նչ ուղղվածության հետազոտության համար է տրվում կես միլիոն դոլարը, եթե օրինակ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Չէ՞ որ շատ շատերը այդ ժամանակ գիտեին ՀԿ-ն ու դրա ղեկավարության մոտեցումներն ու հայացքները:
Ընդ որում, ես հիմա այդ հայացքները մատննացույց եմ անում բացարձակապես ոչ գնահատողական տեսանկյունից: Չեմ գնահատում՝ դրանք ճիշտ են, սխալ են, լավ են, վատ են, սեւ են, սպիտակ եւ կապտադարչնագույն: Ես ընդամենը արձանագրում եմ, որ դրանք կան, եւ դրանք հայտնի էին հանրային մի շարք ակտիվ շրջանակների: Հետեւաբար, հակված եմ մտածել, որ 2020 թվականին կառավարության այդ որոշումը եղել է գաղտնի, որպեսզի չառաջանան հարցեր, թե ինչու՞ են այդպիսի հայացքները արժանանում կառավարության կես միլիոն դոլար դրամաշնորհի:
Շարունակելով թեման: Այո, հարգարժան ընկերներ, միանգամայն տարածված է, երբ կառավարությունները պատվիրում են հետազոտություններ՝ պետական դրամաշնորհով: Իսկ ո՞վ է ասում, որ պետք չէ պատվիրել: Կա պարզ հարց՝ ինչու՞ հենց այդ կազմակերպությանը, ինչու՞ հենց այդ ծավալով, այդ ժամկետով, եւ ինչու՞ գաղտնի:
Ասում են, թե գաղտնի է, որպեսզի թշնամին չիմանա: Ներեցեք, ընկերներ, բայց «դասականը կասեր»՝ իյա, իրո՞ք: Կես միլիոն դոլարը տվել էին, որպեսզի հետազոտվեր թշնամուն ծնկի բերելու ինչ որ արտառոց պլա՞ն ու պետք է, որ թշնամին դա չիմանա՞ր:
Ես էլ չեմ խոսում այն մասին, որ գոնե հիմա մի ասեք դա, երբ արդեն պարզ է, թե գործնականում ինչ մշակումների համար է տրվել այդ փողը:
Բայց, դուրս գանք այս կոնկրետությունից եւ դիտարկենք սկզբունքը: Երբ պետությունը պատվիրում է իսկապես պետական գաղտնիք ներկայացնող հետազոտություններ, դա անում է հենց իր նախաձեռնությամբ ստեղծվող հետազոտական ինստիտուտների միջոցով, որովհետեւ միայն այդ պարագայում է հնարավոր գաղտնիությունն ապահովել պետական խողովակների ամբողջական վերհսկողությամբ:
Ներեցեք, բայց անհեթեթ է մտածել, թե հասարակական կառույցին պատվիրվում է պետական գաղտնության որեւէ մշակում: Կամ, դուք ձեր աչքով տեսե՞լ եք այդ ՀԿ-ի աշխատակիցների ստորագրություն-պարտավորությունը, որով պարտավորվում են հետազոտության առարկան եւ բովանդակությունը պահել խիստ գաղտնի, այլապես լինելով քրեական պատասխանատվության ենթակա:
Կրկնում եմ, տեսե՞լ եք: Ուրեմն էլ ի՞նչ պետական նշանակության գաղտնիություն»:

