Այստեղ՝ Գյումրիում, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է. Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) այսօր Գյումրիում անցկացրին «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։ Միջոցառումը միավորեց լրագրողների, մեդիա մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և համայնքային դերակատարների՝ Երևանից և Շիրակի մարզից՝ քննարկելու մեդիագրագիտության դերը տեղեկացված հասարակական երկխոսության խթանման մեջ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պատասխանատու  մեդիա բովանդակություն ստեղծելու գործնական մոտեցումներին, համայնքային պատմությունների կարևորությանն ու մեդիայում թեմաների բազմազանության ապահովմանը։

Մասնակիցները փոխանակեցին տեսակետներ այն մասին, թե ինչպես կարող է մեդիագրագիտությունը նպաստել դիմակայունությանը և ժողովրդավարական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցությանը։

«Այստեղ՝ Գյումրիում, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է։ Մեդիագրագիտությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ, այլ շարունակական գործընթաց, որը քաղաքացիներին օգնում է դրսևորել քննադատական մտածողություն և պատասխանատու մասնակցություն։ Եվրոպական միությունը հպարտությամբ աջակցում է այս ջանքերին, և այսօր անցկացվող մեդիայի ոլորտին նվիրված կլոր սեղան քննարկումն այդ հանձնառության լավագույն դրսևորումն է, քանի որ տեղեկացված և մեդիագրագետ հասարակությունները ավելի դիմակայուն են, ավելի ներառական և ավելի պատրաստ՝ պաշտպանելու ժողովրդավարությունը», – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Միջոցառման մեկնարկին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի ղեկավար Սեդա Մուրադյանն ընդգծեց, որ այսօր տեղեկատվական հոսքերն աննախադեպ արագ են, իսկ մանիպուլյացիաները՝ ավելի դժվար ճանաչելի։

«Կարևոր է, որ մենք՝ որպես հասարակություն, ձևավորենք համընդհանուր գիտակցություն, որ դիմադրողականության ամրապնդումն ու մեդիագրագիտության մշակույթի արմատացումը անվտանգության խնդիր են։ Երբ մեզնից խլվում է քննադատական մտածողությունը, իսկ մեր հույզերն ու գործողությունները կառավարվում են մեդիա բովանդակության և մանիպուլյատիվ մեթոդների միջոցով, մենք կորցնում ենք ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը։  Մեդիագրագիտությունը կարող է դառնալ մեր անվտանգության բարձիկը, որը կարող է պաշտպանել յուրաքանչյուրիս։ Այսպիսի միջոցառումներն օգնում են քննարկել խրթին հարցեր, ինչպես նաև առաջարկել նոր մոտեցումներ դրանք լուծելու համար»,- շեշտեց Սեդա Մուրադյանը։

Քննարկումների ժամանակ անդրադարձ եղավ համայնքային ձայները թվային գործիքների միջոցով լսելի դարձնելու և մեդիա բովանդակության ներկայացման էթիկական  մոտեցումներին, մեդիայում բազմազանության ու ներառականության սկզբունքներին։ Բանախոսներն ընդգծեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության և համայնքների միջև համագործակցության կարևորությունը՝ կառուցողական հանրային հաղորդակցություն ու երկխոսությունն ամրապնդելու համար։ Միջոցառումը ներառում էր երկու թեմատիկ քննարկում։ Առաջին հատվածում բանախոսները ներկայացրին թվային գործիքների կիրառումը՝ պատմություններ պատմելու գործընթացում։

«Հետք» մեդիա գործարանի ղեկավար Հարություն Մանսուրյանը և «Ուրբանիստա» հարթակի մուլտիմեդիայի գլխավոր խմբագիր Անահիտ Մինասյանը ներկայացրին լուծումների լրագրության, վիզուալ լրագրության և հանրային ներգրավվածությունը խթանող համայնքային բովանդակության ստեղծման գործնական մոտեցումներ։ Մասնակիցները ներկաների հետ քննարկեցին համայնքային խնդիրների տեսանելիությանն առնչվող հարցեր։ «Լրագրողը խնդիր լուծող չէ, բացահայտողն ու բարձրաձայնողն է։ Բայց երբ դու խորացել ես խնդրի մեջ, հասել ես դրա պատճառներին և ուսումնասիրել ես հետևանքները, բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ անել։ Այդ հարցի պատասխանի փնտրտուքն էլ հենց բերում է լուծումների լրագրությանը, որտեղ վերլուծությունը միայն բացահայտմամբ չի ավարտվում»,- նշեց Հարություն Մարսուրյանը։

Երկրորդ քննարկումը կենտրոնացած էր ներառական պատմությունների սկզբունքների ու էթիկական մոտեցումների կարևորության վրա, որի միջոցով հնարավոր է նպաստել սոցիալական համերաշխությանը։

4Plus-ի վավերագրող ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը և «Ինֆոքոմ» մեդիա հարթակի լրագրող Հայարփի Բաղդասարյանը և «Մեդիա Նիզակ» ՀԿ-ի համահիմնադիր, մուլտիմեդիա լրագրող Անահիտ Հարությունյանը  քննարկեցին մեդիայում թեմաների բազմազանության ապահովումը՝ հասարակության բևեռացումը մեղմացնելու, հանդուրժողականություն տարածելու համատեքստում, ինչպես նաև ներկայացրին իրենց խմբագրությունների մոտեցումները։

«Մեդիայի մարդիկ, և հատկապես՝ լրագրողները, կարևոր դեր ունեն ժողովրդավարության կայացման գործում, իսկ ժողովրդավարությունն ինքնին ենթադրում է հանրության բոլոր խմբերի մասնակցություն որոշումների կայացմանը։ Ուստի հենց լրագրողներն են, որ ունեն հնարավորություն և առաքելություն՝ օգնել այդ որոշումները դարձնել հիմնավոր, լսելի դարձնել բոլոր ձայները, տեղ հասցնել խնդիրներն ու մասնակցել հանրային օրակարգի ձևավորմանը, որտեղ ուղենիշ կլինեն հանրային համերաշխությունը, ներառականությունը, ազնվությունը և այլ էական արժեքներ»,- նշեց Հայարփի Բաղդասարյանը։

Միջոցառման ավարտին բանախոսները խրախուսեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության դերակատարների և երիտասարդական նախաձեռնությունների միջև շարունակական համագործակցությունը՝ հանուն համայնքի բարօրության  ու մեդիագրագիտության  զարգացման, խթանելու դիմակայուն համայնքների ձևավորումը։ Հավելյալ տեղեկություն Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթը կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և այս տարի անցկացվում է 2025 թ. նոյեմբերի 8-15-ին։

Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում տեղի է ունենում  արդեն ութերորդ տարին։ Այս տարվա խորագիրն է՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն»։ Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։ Եվրոպական Միությունը աջակցում է մեդիագրագիտության խթանմանը Հայաստանում՝ որպես ժողովրդավարական դիմացկունության, անկախ մեդիայի և հանրային մասնակցության ամրապնդման ուղղված համագործակցության մաս։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Տեսանյութեր

Լրահոս