Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։
Փաստացի՝ սա ոչ թե սահմանազատում է, այլ սահմանների վերաձևում, որտեղ Բաքուն փորձում է իրավական ձև տալ իր մաքսիմաիստական պահանջներին։
Ադրբեջանը չի թաքցնում, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները՝ անկախ դրանց բովանդակությունից։
Փաշինյանը իր Telegram-ի էջում այսօր գրել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։
Սակայն այս հայտարարությունը իրականում ոչ թե Արծվաշենը վերադարձնելու փորձ է, այլ փոխադարձության պատրանք ստեղծելու փորձ։
Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում(համենայնդեպս, Ադրբեջանի ընկալմամբ), մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում։
Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը կամ արդեն տվել է իր համաձայնությունը, կամ պարզապես հրաժարվել է դիմադրությունից։
Անկլավների վերադարձը Հայաստանի համար կարող է վերածվել անվտանգային և ինստիտուցիոնալ աղետի։
Դա նշանակում է.
● Ադրբեջանի իրավական և ֆիզիկական ներկայության վերականգնում Հայաստանի ներսում,
● սահմանային անկայունություն և լոգիստիկ ռիսկեր,
● հակամարտության տեղափոխում Հայաստանի տարածք՝ պետականության հիմքում ականներ տեղադրելով։
Սա տեսլական չէ խաղաղության մասին, սա ադրբեջանական վերահսկողության նոր մեխանիզմ է՝ խաղաղության անվան տակ։
Մինչդեռ, նման ստորացուցիչ հեռանկարն ուներ այլընտրանք:
Եթե Հայաստանը ունենար ադեկվատ և իշխանություն, ապա կարելի էր ընտրել մեկ այլ ուղի.
● կամ փոխանակման տարբերակ՝ Արծվաշենը՝ չորս անկլավների դիմաց,
● կամ խնդրի սառեցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև կձևավորվեին վստահության մեխանիզմներ։
Սրանք կլինեին պետականորեն շահավետ լուծումներ՝ առանց ինքնիշխանության կորուստների։
Բայց ներկայիս իշխանությունը ընտրել է ոչ թե արժանապատիվ բանակցության, այլ հարմարվելու ճանապարհը:
Խաղաղության մասին խոսող իշխանությունը իրականում վարում է վասալային քաղաքականություն։
Փաշինյանի «խաղաղությունը» դարձել է Ադրբեջանի օրակարգի սպասարկման միջոց, որտեղ յուրաքանչյուր նոր պահանջ ներկայացվում է որպես «խաղաղության գին»»։

