Բաժիններ՝

«Սեփական թերությունների մասին խոսելը բարդ է, նախ այդ թերությունները պետք է ընդունել»

Նոյեմբերի 2-ին Երևանի Պետական կամերային թատրոնում հերթական երաժշտական  ներկայացման պրեմիերան էր՝ «Անտեր Ground. It’s a Joke»։

Այս ներկայացումը հայ ազգի մասին է, նրա թերությունների, և բեմից դերասանները այս թերությունները ներկայացնում են կատակով, ծիծաղով, երբեմն էլ՝ լուրջ։ Արդիական այս պիեսի հեղինակն Արա Երնջակյանն է, բեմադրությունն Արշալույս Հարությունյանինն է։

Հային իր թերությունների մասին պատմելու, այդ թերությունները մեկ առ մեկ մատնանշելու ծանր պարտականությունը բեմում ստանձնել էին թատրոնի դերասաններ Սենիկ Բարսեղյանը, Սուրեն Պողոսյանը, Զիրոյանը և դերասանուհիներ Սոնա Մաթևոսյանը և Լուիզա Մելքոնյանը. վերջինիս համար սա Կամերային թատրոնում առաջին դերն էր։

Բեմում դերասաններից զատ՝ նաև «Դարվինս փրոջեքթ»-ի երաժիշտներն էին, ովքեր ապահովեցին ներկայացման երաժշտությունն ու բեմից կենդանի կատարումների հնարավորությունը։

Կարդացեք նաև

Դերասանները բեմից բարձրացնում են նաև մերօրյա շատ խնդիրներ, իհարկե՝ կրկին կատակով ու ծիծաղով, նաև բեմական խաղի մեջ ներգրավելով դահլիճում նստած հանդիսատեսին։

Դերասան Սուրեն Պողոսյանի բնորոշմամբ՝ «Անտեր Ground. It’s a Joke» ներկայացումը հայի և մեր կյանքի, շրջապատում գտնվող ամեն ինչի դրական ու բացասական կողմերի մասին է։

«Այս բոլոր թերություններն հաճախ ներկայացվում են հումորով, ներկայացման ավարտին հանդիսատեսը կորոշի՝ վերցնել կատա՞կը, թե՞ լուրջ հատվածը»,- 168.am հետ զրույցում նշեց դերասանը։

Նա դժվարացավ ասել մեկ թերություն, որը շատ կցանկանար, որպեսզի հասարակության մեջ չլիներ, և անմիջապես կատակեց. «Այդքան գրելու տեղ չեք ունենա»։

«Ներկայացումում մի հատված կա, որտեղ կատակով ասում ենք, որ տարիներ առաջ մեր երկրում ապրում էին ապագա ամերիկացիներ, եվրոպացիներ, սա մեծ խնդիր է, որն այսօր ունենք, որովհետև շատ հայեր ապրում են երկրից դուրս, քան հենց Հայաստանում։

Ինչո՞ւ հենց մեր թատրոնը ու ինչո՞ւ հենց մեր ներկայացումները պետք է դիտեն, որովհետև ամեն ինչին մենք անդրադառնում ենք և անդրադառնում ենք տարբեր ձևաչափերով՝ թեթև, հումորային ու երգերով, երբեմն էլ՝ ազդեցիկ ու իրական։

Սեփական թերությունների մասին խոսելը բարդ է, նախ այդ թերությունները պետք է ընդունել, հետո միայն սկսել խոսել, առավել ևս՝ լուծումներ առաջարկել։

Կոնկրետ այս դեպքում բարդություններ կան, բայց մեզ մոտ ավելի հարթ ու հեշտ է  անցնում, որովհետև թատրոնում սիրո մթնոլորտում է  ամեն բան անցնում՝ իրար օգնելով, Արշո Հարությունյանի մոտեցումն օգնում է, որպեսզի ամեն ինչ հեշտ ներկայացնենք ու հանդիսատեսն այդ ամենը հեշտ ընկալի»,- շեշտեց դերասանը։

Դերասան Սենիկ Բարսեղյանի խոսքով՝ ներկայացումը բեմադրել են շատ կարճ ժամանակահատվածում՝ ռեժիսորի օգնությամբ, 1,5 ամսվա ու համատեղ ուժերի մեկտեղմամբ կարողացել են ներկայացումը բեմ բարձրացնել։

«Ներկայացումը հնարավոր չէ 2 բառով ասել, թե ինչի մասին է, այն պետք է տեսնել։ Բայց կարող եմ ասել, քանի որ  Արա Երնջակյանի դրամատուրգիան մեր ամբողջ տարեգրությունն է՝ իր ողջ ստեղծագործական ուղու մեջ, ներկայացումը մեր, հասարակության մեջ եղած բոլոր սոցիալական շերտերի մասին է։ Հետևաբար՝ տարեգրության մեջ ներառված բոլոր տեսակի իրադարձությունները, երևույթները, վերելքներն ու անկումներն ամբողջությամբ ներկայացվում է 1,5-2 ժամվա ընթացքում։ Այսպես ասեմ՝ հանդիսատեսը մասն է դառնում մի տոնակատարության, որը մենք անելու ենք ներկայացման մեջ»,- նշեց Սենիկ Բարսեղյանը։

Ըստ նրա, բոլոր իրադարձություններին հանդիսատեսն անձամբ կունենա իր մեկնաբանությունը։

«Ամբողջ հոռետեսական կատակերգության նյութն ու բովանդակությունն ինքնահեգնանքի մեջ է, եթե մարդն իրական կյանքում դա ունենում է, ապա իրեն ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ վերջին շրջանում Կամերային թատրոնում ներկայացման պրեմիերաները շատ են, դերասանները հասցնո՞ւմ են տուն գնալ, Սենիկ Բարսեղյանը պատասխանեց.

«Թատրոնը մեր տունն է, տանն ենք, եթե տանն ենք, ուրեմն՝ ամեն ինչ հասցնում ենք»։

Դերասանուհի Լուիզա Մելքոնյանը բեմ շտապելուց առաջ կարճ նշեց.

«Ներկայացումն այն ամենի մասին է, ինչ մեր շուրջը՝ Հայաստանում, կատարվում է տարբեր ժամանակներում։ Ես խաղում եմ բոլորի համար՝ կարող եմ և՛ ձեր հոգսերի, և՛ ձեր ուրախությունների մասին պատմել։

Ներկայացման մեջ ուղերձի շերտերը շատ են, պետք է հանդիսատեսն ինքն անձամբ վերցնի ու հասկանա։ Իսկ գլխավոր ուղերձը հավանաբար սերն է, ինչն ամեն ինչի հիմքում է, հայրենասիրությունը, արմատներին կառչած մնալը»։

Տեսանյութեր

Լրահոս