Փաշինյանի տրամաբանությամբ՝ ոչ թե ինքը պետք է մասնակցեր Մանուշյանի վերաթաղմանը, այլ՝ Էրդողանը. նա ասում է՝ հայը միայն Հայաստանի քաղաքացին է՝ 29 800-ի վրա. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ  Արթուր Մարտիրոսյանն է։ 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև․

  • Մի բան է՝ հայտարարել և չլինել դաշնակից Ռուսաստանին, այլ բան է, երբ հրավիրում ես Ռուսաստանի թշնամուն քո երկիր։ Պարզ է, թե դեմարշն ինչ նպատակ ունի։ Այլ բան է, եթե մենք ավելի պարզ իրավիճակում լինեինք և առնվազն պարզ լիներ, որ, ասենք, Ռուսաստանը պարտված է Ուկրաինայում, բայց այս իրավիճակում նման քայլը Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնոց նետել է Ռուսաստանին։ Ռուսաստանը հիմա զբաղված է այլ խնդիրներով, նա ավելի մեծ ձուկ տապակելու խնդիր ունի, քան Հայաստանի հարցերով զբաղվելն է։
  • Իհարկե, առայժմ ոչ Ուկրաինան, և ոչ էլ Հայաստանը պաշտոնապես չեն հաստատել Զելենսկու հնարավոր այցի մասին տեղեկությունները: Ուկրաինական աղբյուրներն էլ են Զելենսկու այցի մասին գրում՝ հղում կատարելով հայաստանյան լրատվամիջոցներին: Կարելի է ենթադրել, որ դրսից՝ Արևմուտքից, Փաշինյանին հրահանգ է տրվել Զելենսկուն բերել Հայաստան, այսինքն՝ այդ քայլով նա պետք է Արևմուտքին ապացուցի, որ Ռուսաստանի ճամբարից դուրս է գալիս և մտնում է Արևմուտքի ճամբար։ Սա էքսպերիմենտալ դիվանագիտություն է, փորձում են այսպիսով տեսնել, թե Ռուսաստանն ի՞նչ է պատասխանելու։ Բայց եթե Հայաստանն իսկապես անկախ պետություն է, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, թե իր այս քայլը որքանով է նպաստում երկրի շահերին։ Հիմա հասկանալի չէ, թե ինչ է ուզում Փաշինյանը։ Գուցե փորձում է այսպիսով ստանալ Արևմուտքի դրական գնահատակա՞նը, այնպես, ինչպես Զելենսկին է իր քայլերով գնահատվել Արևմուտքի կողմից և գումարներ  ստացել: Նույնն անում է  Փաշինյանը՝ շանտաժի լեզվով։
  • Մանկապարտեզային խաղերով է զբաղված Փաշինյանը. եթե պետություն ես, պետության ղեկավար, և ունես շահեր, պետք է հասկանաս՝ Ռուսաստանին թշնամացնելն ինչով է նպաստում քո երկրի շահերն առաջ մղելուն: Ռուսաստանին վատություն անելդ՝ չի նշանակում անկախ ես, կամ երկիրդ շահելու է դրանից:
  • Պարզվում է՝ ժողովրդավարությունը կարող է լավ ընկերություն անել ավտորիտար երկրի, ավտորիտար ղեկավարի հետ:
  • Փաշինյանը կարող է դիմել ՀԱՊԿ, ասել, որ ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Բայց նա դա չի անում, ուզում է, որ իրենք որոշեն և մերժեն Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին:
  • Փաշինյանը հույս ունի, որ իր այդ պահվածքով Արևմուտքից ինչ-որ բան կստանա, ինչպես Զելենսկին, բայց Արևմուտքը նրան ոչինչ չի խոստացել և ոչինչ էլ չեն տալու:
  • Փաշինյան, բա ասում էիր՝ Պուտինի հետ հարաբերություներդ փայլուն են. պարզվեց՝ ճիշտ չէիր ասում, այնքան էլ փայլուն չէի՞ն:
  • Հայաստանը խնդիր է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ։ Եթե դու Ռուսաստանին դարձնում ես քո թշնամին, և եթե սրվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտվել դրանից և արագացնել իրենց գործողությունները։
  • Խմբագիր Փաշինյանը սովոր էր շանտաժի միջոցով հասնել իր նպատակին, նույն մոտեցումներով շարունակում է միջպետական հարաբերություններում շանտաժային քաղաքականություն իրականացնել վարչապետի պաշտոնում, բայց դիվանագիտության մեջ դա չի աշխատում։
  • Փաշինյանն իր ղեկավարության օրոք ի սկզբանե ամեն ինչ արել է և հիմա էլ անում է, որ Ռուսաստանի և կոնկրետ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրի։
  • Իհարկե, Փաշինյանն անգլերեն, ռուսերեն լեզուներով շատ վատ է խոսում, բայց կա նաև մեկ այլ շատ կարևոր լեզու՝ բանակցային լեզուն, որին Փաշինյանը ևս շատ վատ է տիրապետում: Ավելին, բանակցային լեզուն աշխատում է, երբ բանակցող կողմերի միջև կա վստահություն։ Փաշինյանն ինքն էլ հայտարարեց, որ փոխվստահություն չկա իրենց միջև: Ադրբեջանն օգտվում է այդ իրավիճակից՝ ասում է, որ հայկական կողմը պետք է անի այն, ինչ իրենք ասում են, որ Հայաստանը պետք է բավարարի իրենց բոլոր պահանջները՝ լավ իմանալով, որ Հայաստանը և Փաշինյանն այս պահին իրենցից են կախված։
  • Դեռ 90-ականներից թուրքերի և ադրբեջանցիների երազանքն է եղել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվեն: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ թուրքը հասնի իր վաղեմի երազանքին։ 
  • Ալիևն ամեն ինչ արեց, որ Փաշինյանին դեպի Արևմուտք հրի՝ փչացնելով տարածաշրջանի կարևորագույն դերակատար Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ իրենք շարունակում են լավ հարաբերությունները թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ:
  • Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեկտեմբերին արդեն Ալիևը հավաքեց փախստականների համայնքին և ասաց, որ իրենց նպատակն է՝ Արևմտյան Ադրբեջանը վերականգնվի: Իսկ Ալիևը Արևմտյան Ադրբեջան ասելով՝ նկատի ունի ողջ Հայաստանը. ասում են՝ դա մերն է եղել, և ադրբեջանցիները պետք է վերադառնան։

Կարդացեք նաև

  • Բանակցային առումով կա մեկ այլ թյուրիմացություն ևս. հայկական կողմը կարծում է, որ պայմանագիր ստորագրելուց հետո երաշխիք կունենան, որ պատերազմ չի սկսվելու։ Բայց պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ նման պայմանագիրը չի աշխատել, օրինակ՝ ինչպե՞ս խախտվեց Խորհրդային Միության և Գերմանիայի՝ Հիտլերի միջև ստորագրված՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը։ Մեր դեպքում ամենահիմնական էլեմենտը, որ պայմանագիրը կարող է խախտվել, վստահության բացակայությունն է: Խաղաղությունը պայմանագրով չի՛ լինում: Խաղաղություն լինում է, երբ կա վստահություն և համագործակցություն։ Իսկ անվստահության պայմաններում ոչ մի ստորագրված փաստաթուղթ չի գործում, այն ոչինչ է։ 
  • Փաշինյանը գնում, Փարիզում մասնակցում է Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը: Ըստ իր տրամաբանության՝ այդտեղ ոչ թե ինքը պետք է լիներ, այլ Էրդողանը: Միսաք Մանուշյանը ժամանակին երկու անգամ դիմել է, որ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանա, չի ստացել: Ինքը Ֆրանսիայում եղել է առանց անձնագրի մարդ, միգրանտ առանց անձնագրի: Մանուշյանը ծնվել է Օսմանյան կայսրությունում: Ըստ Փաշինյանի՝ Մանուշյանը Թուրքիայի քաղաքացի էր: Բայց չէ, հիմա հնարավորություն կա գնալ Ֆրանսիա, մի հատ էլ հպարտանալ, թե մենք՝ հայերս, տեսեք, 2-րդ համաշխարհային պատերազմում մասնակցել ենք ֆաշիզմի դեմ պայքարին թե՛ արևմտյան ճակատում, թե՛ արևելյան ճակատում, մեծ լումա ունենք և այլն: Բայց երբ դու կոնցեպտուալ ես մոտենում իր ասածին, Փաշինյանն ասում է՝ հայը միայն Հայաստանի քաղաքացին է՝ 29 800-ի վրա: Մնացածն այլ երկրների քաղաքացի են: Հայաստանի պատմության հետ ի՞նչ կապ ունի մարդ, ով հա, հայ է, բայց ծնվել է Օսմանյան կայսրությունում:

80 տարի անցել է. ինչո՞ւ հիմա որոշեցին վերահուղարկավորել Մանուշյանին: Դրա մասին ավելի շուտ կային խոսակցություններ: Ես հիշում եմ՝ Օլանդի օրոք էլ ասում էին, որ պետք է արվի: Բայց ինչո՞ւ հիմա դարձավ դա այդպես կարևոր: Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ Ֆրանսիայի քաղաքականությունն ընդհանրապես պետք է դիտարկել թե՛ ներսի, թե՛ դրսի համատեքստում: Այնտեղ լուրջ մարդիկ են զբաղվում քաղաքականությամբ: Մակրոնի ելույթն ուղղված էր հակամիգրանտական կուսակցություններին: Նրանց նա ասում է՝ տեսեք՝ Ֆրանսիայի հերոսն այսօր Մանուշյանն է և այն 23 հոգին, ովքեր միգրանտ էին, Ֆրանսիայի քաղաքացի չէին և կոմունիստ: Բայց պայքարում էին Ֆրանսիայի համար: 

Երկրորդը՝ Մակրոնն ունի հայկական համայնք, և երկրի ներսում այդ համայնքն իր համար կարևոր է: Ու դա ազդեցություն ունեցավ մեզ վրա, այսինքն՝ Ֆրանսիայից դուրս, որովհետև մենք տեսանք, թե ֆրանսիացիները ինչքան դրական են վերաբերվում մեզ: Պետք չէ շարժվել էմոցիոնալ մղումներով, երբ խոսում ես քաղաքականության մասին: Պետք է հասկանաս՝ ինչու է դա իրենց համար կարևոր, որովհետև իրենք ուզում են իրենց ազդեցությունն ավելացնել: Դա խաղ չէ միայն խաղի համար: Իսկ մենք՝ որպես հանրություն, տրվում ենք էմոցիաներին: Բա որ մի հատ էլ հայերեն խոսեր Մակրոնը:

  • Հիմա պատերազմի հավանականությունը մեր ռեգիոնում ցածր է: Ադրբեջանին շտապել պետք չի: Ինքը կարող է ստանալ իր ուզածը: Չնայած Փաշինյանը հայտարարում է, որ նման վտանգ կա, և մտահոգ են։ Ադրբեջանը և Թուրքիան հիմա ավելի կթուլացնեն Հայաստանը, ավելի կսրեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ տեսնեն՝ ինչով կավարտվի այդ հակամարտությունը: 
  • Մեծ խաղացողների համար ձեռնտու չէ պատերազմը Հարավային Կովկասում։ 
  • Ռուսաստանն ավելի մեծ ձուկ ունի տապակելու: Պոչն Ուկրաինան է, բայց գլուխն Արևմուտքն է: Դա պրոքսի պատերազմ է:
  • Իսկ եթե Ուկրաինան պարտվի՞, ի՞նչ է անելու Փաշինյանը: Իսկ այսօր բոլորը խոսում են Ռուսաստանի հաղթանակի մասին: Ռուսաստանը հիշեցնելու է Փաշինյանին, թե ինքն ինչ էր անում։ Պուտինն էմոցիոնալ հարցերով չի զբաղվում, ժամանակը կգա՝ կզբաղվի, առայժմ ավելի գլոբալ խնդիրներով է զբաղված։
  • Փաշինյանը, նույնիսկ Զելենսկին ձեռնտու են Պուտինին և Ռուսաստանի շահերին համապատասխանում են։ Զելենսկուց ավելի լավ որևէ մեկը չի ստորագրի կապիտուլյացիայի փաստաթուղթը, նույնն էլ՝ Փաշինյանը։
  • Փաշինյանի համար Արցախի խնդիրն արդեն փակված է, ռուսների պատկերացմամբ՝ այդ հարցը չի փակվել, բայց իրենք ուզում են համոզել Ալիևին, որ իրենց մնալն Արցախում բխում է Ադրբեջանի շահերից: Ռուսների նպատակն է՝ որոշ արցախահայերի վերադարձը։ Ռուսաստանի պատկերացմամբ՝ այդ հարցերով կսկսեն զբաղվել, երբ լուծեն Արևմուտքի հետ իրենց խնդիրները։
  • Արևմուտքում այսօր կան շատ մասնագետներ, որոնք ասում են՝ պետք է գտնել Ռուսաստանի հետ համատեղ գործելու, համագործակցելու ճանապարհը։
  • Ռուսաստանի քաղաքականությունը կախված է ԱՄՆ ընտրություններից, ինչպես դարձնել Ուկրաինայի խնդիրը ԱՄՆ-ում ընտրությունների հարց, տնտեսական հարց, իսկ պատերազմը նաև տնտեսություն է։ ԱՄՆ-ում շատերը դժգոհ են Ուկրաինային ֆինանսական և այլ օգնություն տրամադրելու փաստից: ԱՄՆ-ում այսօր շատերը, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ իր հայտարարություններով, փորձում են համոզել ընտրողին, որ Ուկրաինա ուղարկված գումարի մի մասը վերադառնում է ԱՄՆ, բայց դա անգամ ընտրողին չի համոզում։ ԱՄՆ-ը կարծում էր, թե կարող է հաղթել Ռուսաստանին՝ սանկցիաներով իզոլյացնելով, բայց լավ չեն ճանաչում այդ երկրին, որը պատրաստ է անգամ միջուկային զենք օգտագործել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս