Քանի՞ տարի ծխելն է հանգեցնում թոքի քաղցկեղի, պարզաբանում է գլխավոր ուռուցքաբանը

Ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղից մահացությունն առաջին տեղում է: Իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ պարզել ենք ՀՀ գլխավոր ուռուցքաբան, Էրեբունի ԲԿ փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի հետ զրույցում:

Մասնագետները նշում են, որ թոքի քաղցկեղի զարգացմանը նպաստում է ծխելը: Կխնդրեի մանրամասնել:

– Կոլումբոսը բերեց ծխախոտը, որ տարածվեց ԱՄՆ-ում, ապա՝ Եվրոպայում: Բայց տարածումն այդքան էլ շատ չէր, և 19-րդ դարի վերջին ամբողջ աշխարհում կար թոքի քաղցկեղի 140 դեպք, և Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցում եթե թոքի քաղցկեղ էին հայտնաբերում, ապա կանչում էին բոլորին՝ ցուցադրելու, որ ասպիսի բան կա: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես կոնցենտրացնող նյութ` սննդի հետ նաև ծխախոտ են սկսել բաժանել, որտեղից էլ սկսեց ծխախոտի բումն ամբողջ աշխարհում: Դրանից հետո սկսեցին օգտագործել ծխախոտը, որովհետև նրա բաղադրության մեջ եղած նիկոտինն ուղղակի առաջացնում է կախվածություն։

Այսինքն, այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ օգտագործում են ծխախոտ, նրանց համար շատ դժվար է այդ կախվածությունից ազատվելը։ 20-րդ դարի կեսերին արդեն ամբողջ աշխարհում ծխում էին 50 տոկոսից ավելի մարդիկ. կանայք և տղամարդիկ: 1960-70-ական թվականներին նոր մարդիկ հասկացան, որ ծխելը մեծ նշանակություն ունի թոքի քաղցկեղի զարգացման գործում, որովհետև թոքի քաղցկեղի թիվն ամբողջ աշխարհում կտրուկ սկսեց բարձրանալ։ Ու սկսեցին պայքարել ծխելու դեմ։ Իսկ հիմա ապացուցված է ծխախոտի դերը նաև քիթ-ըմպանի, բերանի խոռոչի, լեզվի, շրթունքի քաղցկեղի զարգացման գործում:

Կարդացեք նաև

– Քանի՞ տարի ծխելն է հանգեցնում թոքի քաղցկեղի:

– Հիմնականում 10-15 տարի անընդմեջ ծխող և 20 տուփ տարեկան ծխող մարդկանց դեպքում արդեն վտանգ կա, որովհետև նա, ով օրը ծխում է 1 տուփ և ավելի, նա արդեն գտնվում է ռիսկի գոտում: Իհարկե, չպետք է մոռանանք նաև պասիվ ծխողներին: Սենյակում գտնվող երեխաներն ու կանայք նույնչափ ստանում են այդ վտանգավոր նյութերը: Գիտնականները հետազոտություն են կատարել, համաձայն որի՝ մարդկության ¼-ն ունի դոպամինային ռեցեպտորների անբավարարություն, և նրանք հակված են տարբեր տեսակի կախվածության։ Դոպամինը համարվում է ուրախության, հաճույքի հորմոն։ Հենց նման մարդիկ են ալկոհոլի, նիկոտինի, թմրանյութերի հանդեպ կախվածություն ունենում, ու նմաններին պետք է և՛ հասկացնել վտանգը, և՛ խիստ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Օրինակ,  ԱՄՆ-ում հիմա ծխողին նայում են՝ որպես ջունգլիներից եկած մարդու, որովհետև այնտեղ հիմա ամոթ է ծխելը։ Անգամ փողոցում է ծխելն արգելված։ Կան հատուկ սենյակներ, որտեղ գնում, հավաքվում են ու մեկը մյուսին թունավորում է ծխախոտի ծխով, և այդ բացասական վերաբերմունքը հանգեցնում է նրան, որ մարդիկ ինքնըստինքյան դադարում են ծխելը։ Հայկական իրականության մեջ, ցավոք, շատ են ծխում, և դրա համար էլ ՀՀ-ում թոքի քաղցկեղը տղամարդկանց մոտ առաջին տեղում է և՛ հիվանդացությամբ, և՛ մահացությամբ։

– Ի՞նչ անենք, որ մեզ մոտ ևս ԱՄՆ-ի օրինակն աշխատի։

– Պետք է խիստ օրենքներ կիրառել։ Վերջին տարիներին օրենք ընդունվեց, որ ռեստորաններում, սրճարաններում չի կարելի ծխել։ Պետք է արգելել նաև փողոցում ծխելը: Հաճախ տեսնում ենք տաքսու, ավտոբուսի վարորդների, ովքեր ծխելով մեքենա են վարում, թունավորում են երթևեկող անձանց։ Մի՛ թունավորեք դիմացինին, ով դրա դեմ պայքարում է։

– Փակ տարածքում ծխելն արգելելն արդյունք տվե՞ց, թե՞ վիճակագրությունը մնաց նույնը։

– Դեռևս շուտ է արդյունքի մասին խոսել, գնահատական տալ, որովհետև օրենքն ընդամենը վերջին երկու տարվա ընթացքում է ընդունվել։ Նշեմ, որ 2021թ. ունեցել ենք թոքի քաղցկեղի 1100 դեպք, 2022թ.՝ 935: Այսինքն, տարեցտարի տարբերություն ունենում ենք։ Թոքի քաղցկեղի 70 տոկոս դեպքերում մեղավոր է ծխախոտը։

Հայտնի փաստ է, որ մարդը կարող է տառապել թոքի քաղցկեղով, բայց չիմանալ այդ մասին, քանի որ ախտանշանները քիչ են։ Որո՞նք են այդ մի քանի ախտանշանները։

– Ծխող մարդն օրենքով իր առողջության մասին մտածելով՝ հատկապես 50 տարեկանից բարձր տարիքում, 2 տարին մեկ անգամ պետք է հետազոտություն անցնի. դա ցածր դոզավորված համակարգչային շերտագրումն է։ Եթե համեմատենք ռենտգենի հետ՝ 17,5 տոկոսով ավելի լավ է ցույց տալիս. ցանկացած փոքր գոյացություն կարելի է հայտնաբերել, որովհետև փոքր գոյացությունը երբեք իր մասին չի ասի: Հիմնականում հիվանդը հազ, խորխի հետ արյուն, հևոց և այլ գանգատներ ունենում է, երբ 3-րդ կամ 4-րդ փուլին է հասնում: Ասեմ, որ կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլի դեպքերը 27 տոկոսից իջել են 12-13 տոկոս։ Սա նշանակում է, որ կանայք սկսել են ավելի գիտակցաբար մոտենալ և անցնել սոնոգաֆիկ, մամոգրաֆիկ հետազոտություններ՝ 40 տարեկանից սկսած։ Իսկ տղամարդկանց մոտ դեռևս չունենք այս երևույթը։ Նրանց մոտ ևս պետք է բարձրացնել բժշկի դիմելու կուլտուրան, հատկապես, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն. հայրը, հորեղբայրը, մայրն ունեցել են քաղցկեղային հիվանդություններ, մասնավորապես՝ թոքի քաղցկեղ, օրը ծխում են 1 տուփից ավելի։

– Տղամարդկանց համոզելը, որ դիմեն բժշկի, թերևս, ավելի բարդ է։ Արյան անալիզով հնարավո՞ր է պարզել խնդիրը։

– Ոչ, արյան անալիզը ցույց չի տալիս։ Մի անալիզ կա՝ ֆիբրինոգենը, որը ոչ ուղղակի ձևով է ցույց տալիս։ Եթե ֆիբրինոգենը բարձրանում է առանց պատճառի, ապա հիմնականում սկսում ենք մտածել ինչ-որ ուռուցքային հիվանդությունների մասին, բայց դա ուղիղ չէ, ընդամենը կողմնակի ձևով է ցույց տալիս։ Արյան անալիզի վրա պետք չէ հույս դնել՝ անհրաժեշտ է անցնել թոքերի ցածր դոզավորված համակարգչային շերտագրում։

Ցանկանում ենք 50 տարեկանից բարձր տղամարդկանց համար սկրինինգային ծրագիր անցկացնել ՀՀ-ում, քանի որ շատ ծխող ազգ ենք, և թոքի քաղցկեղը 70 տոկոսից ավելի դեպքերում հայտնաբերում ենք 4-րդ փուլում։

– Դպրոցական տարիքի երեխաների մեծ մասը ծխում էի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, կամ գուցե  ձեռնարկվո՞ւմ են։

– Չգիտեմ՝ հիմա դպրոցներում այդ մասին ծրագիր կա՞, թե՞ ոչ, բայց մի քանի տարի առաջ ծրագիր ունեինք, գնում էինք դպրոցներ, պատմում թոքի քաղցկեղի և ծխախոտի կապի մասին։ Հատկապես բարձր դասարաններում այս մասին պետք է շատ խոսել։ Հայկական սերիալներում ծխելը մի տեսակ ավելի մոդայիկ դարձած են ներկայացնում, ինչն աբսուրդ է։ Մարդիկ, ովքեր ունեն կախվածություն, պետք է մտածեն ավելի հետաքրքիր բանով զբաղվելու մասին։ Սպորտի ժամանակ, օրինակ, արտադրվում է ադրենալին, դոֆամին։ Մարդը երբ ֆիզիկական աշխատանք է կատարում, ավելի է երիտասարդանում, չի գիրանում։

– Կա՞ն ծխախոտի փոխարինիչներ։

– Քանի որ նիկոտինից կախվածություն են մարդիկ ձեռք բերում, երևի թե պետք է գտնել ինչ-որ փոխարինիչներ, դեղամիջոց։ Դեղագետները, կարծում եմ, պետք է սրա մասին մտածեն։

– Ամեն դեպքում, ո՞րն է Ձեր հորդորը ծխող մարդկանց, երիտասարդներին։

– Երիտասարդներին պետք է հորդորեմ երբեմն ճանապարհորդել։ Կտեսնեն, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում ծխելը համարվում է ոչ մոդայիկ, ծխողներին շատ ավելի վերևից են նայում չծխողները։ Կհասկանան, որ այդ մոդան անցած դարի 70-ական թվականներին էր ու վաղուց անցել է։ Եթե իրենք ուզում են լինել ժամանակակից, ապա պետք է լինել առողջ, սպորտային, գեղեցիկ ու չունենալ կախվածություն։ Կախվածությունը թուլության նշան է։ Չեմ կարծում, որ երիտասարդներին դուր գա թույլ լինելը։

Ինչ վերաբերում է հիվանդությունների զարգացմանը, ապա բոլորս էլ երիտասարդ եղել ենք, ու մեզ թվում է, թե այդ հիվանդություններն այնքան հեռու են։ Տարիքը շատ շուտ անցնում է, ու երբ հասնում ես այդ փուլին, երբ սկսում են հիվանդությունները զարգանալ, այդ ժամանակ նոր ասում ես՝ այ, որ չանեի սա, չծխեի, չխմեի… 22 տարվա փորձ ունեմ, ու երբ հիվանդները գալիս են, զրուցում ենք, բոլորն ասում են՝ բա որ այս խելքն ունենայի՝ նման բան կանեի՞։ Առողջ ապրելակերպն ամենաճիշտն է և հզորության նշան է. ինչո՞ւ եք ձեզ թույլ ցույց տալիս և կախվածություն ձեռք բերում ինչ-որ բանից։ Ընդհակառակը, ազատ եղեք։

Դե «դարդից» են ծխում, չէ՞, Հայաստանում դա է պատճառը։

Մարդու ուղեղում կարելի է այնքան հետաքրքիր դոմինանտներ ստեղծել, և եթե քեզ մոտ չի ստացվել մեկ բան այսինչ ոլորտում, քո էներգիան մեկ այլ ոլորտում ես օգտագործում, և շատ ավելի լավ է ստացվում։ Չի լինում այնպես, որ աշխարհը սև է և ոչ մի բան չկա։ Միշտ ինչ-որ մի լուսավոր ճանապարհ կա, որը կարող ես ընտրել ու գնալ։ Եվ այս դեպքում, երբ ուժեղ ես ու ոչնչից կախվածություն չունես, կարողանում ես հանգիստ հաղթահարել։ Կախվածությունը թույլ է դարձնում, իսկ ազատ մարդն ամենաուժեղն է։

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս