
Հայաստանում ապրելը ճոխություն է դարձել

Հայաստանը վերջին տարիներին հայտնվել է աշխարհի թանկարժեք երկրների քարտեզի վրա։ Նիկոլ Փաշինյանի նման կեղծ ժողովրդասերներին հիմա արդեն քիչ է հետաքրքրում, որ համատարած թանկությամբ աշխարհի առաջատարների շարքում ենք, իսկ աշխատավարձերով անգամներով հետ ենք մնում նրանցից։
Սրա պատճառով է, որ այսօր շատերը շատ ավելի վատ են ապրում, քան ապրում էին տարիներ առաջ։ Գուցե նրանց եկամուտներն ավելացել են, աշխատավարձերը բարձրացել են, բայց թանկացումները շատ ավելին են եղել։ Ծախսերն են աճել ոչ միայն՝ առօրյա գների բարձրացման տեսքով, այլև քաղաքացիների վրա հարկային բեռի ուղղակի ավելացման միջոցով։
«Համաշխարհային» մակարդակի այն «հեղափոխական» տնտեսական աճերը, որով վերջին տարիներին իշխանությունները համառորեն փորձել են կերակրել քաղաքացիներին, շատերին ոչինչ չեն տվել։ Օրեցօր աճող թանկացումների պայմաններում, տնտեսության աճերի վերաբերյալ աշխարհացունց հայտարարություններից մարդկանց գրպանները չեն լցվել։
Դրանք նույնքան դատարկ են, որքան տարիներ առաջ։ Այնինչ՝ այդ ընթացքում կյանքը Հայաստանում մեծ քայլերով թանկացել է։ Ու երբ իշխանությունները գլուխ են գովում, որ աշխատավարձերն այս կամ այն չափով բարձրացել են, թող բարի լինեն ասել նաև, թե ինչքանով են թանկացրել կյանքը։
Թանկացումները, որոնք վերջին տարիներին տեսնում ենք Հայաստանում, օդից չեն ընկել, առաջին հերթին իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականության հետևանք են։ Երբ համատարած բարձրացնում են տնտեսության հարկերը, ավելացնում տույժերն ու տուգանքները, ֆինանսական բեռ են դնում, ուղիղ նպաստում են թանկացումներին, որոնք ծանրանում են քաղաքացիների վրա։
Տնտեսության հարկերի ավելացման բեռը միշտ էլ սպառողն է կրում ու այդ սպառողը ոչ միայն այն քաղաքացին է, որի աշխատավարձը բարձրացել է, այլև այն քաղաքացին, որը տարիներ շարունակ եկամուտների ավելացում չի ունեցել։ Երկրորդ խմբի քաղաքացիների թիվը Հայաստանում հասնում է հարյուր-հազարների։ Այս մարդկանց համար ապրելը մեծապես դժվարացել է։
Այդքան հպարտությամբ որ խոսում են նվազագույն թոշակները բարձրացնելու մասին, պետք է նաև իմանան, որ վերջին 6 տարիներին Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի ու նվազագույն թոշակների միջև տարբերությունը ոչ միայն չի նվազել, այլև ավելի է խորացել։ Իսկ դա նշանակում է, որ նվազագույն թոշակի բարձրացումը ոչինչ չի տվել այս մարդկանց։ Նրանք նույնիսկ ավելի վատ են սկսել ապրել, քան նախկինում, որովհետև կյանքը շատ ավելի մեծ տեմպերով է թանկացել։
2019թ. նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում 61.1 հազար դրամ էր, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 25.5 հազար դրամ։ Տարբերությունը 35.6 հազար դրամ էր։
Նվազագույն կենսաթոշակը հիմա դարձել է 36 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 75.8 հազար դրամ։
Նվազագույն կենսաթոշակի ու նվազագույն սպառողական զամբյուղի տարբերությունը 2025թ. կազմել է 39.8 հազար դրամ։ 3.8 հազար դրամով ավելի շատ, քան նախկինում. Տարբերությունը խորացել է՝ ի վնաս կենսաթոշակառուի, որովհետև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է ավելի արագ բարձրացել՝ համատարած թանկացումների հետևանքով։
Ու այս խնդիրը միայն նվազագույն կենսաթոշակ ստացողներին չի վերաբերում, վերաբերում է բոլոր կենսաթոշակառուներին, նաև այն բազմահազար քաղաքացիներին, որոնց եկամուտները շատ ավելի դանդաղ են ավելացել, քան ծախսերը։
Քանի դեռ առկա է եկամուտների ու ծախսերի այսպիսի խզվածություն, այս մարդկյանց կյանքը գնալով վատանալու է։ Լավ ապրելու նրանց վաղեմի երազանքը, որը կապում էին ՔՊ-ականների իշխանության գալու հետ, չի արդարացել, չի էլ արդարանալու։
Ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդիկ բոլորովին էլ չէին եկել ժողովրդի կյանքը լավացնելու համար, եկել էին իրենց կյանքը փոխելու համար։ Իշխանության աթոռներին հայտնվելուց հետո ժողովրդին էլ մոռացան, ժողովրդի հոգսերն էլ։ Իրենց կյանքը բարելավեցին, ժողովրդինը՝ ծանրացրին։
Ասում են՝ Հայաստանում գնաճ չկա կամ շատ ցածր է, այնինչ՝ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ վերջին տարիներին ռեկորդային տեմպերով թանկացել են, այսօր էլ շարունակում են թանկանալ։
Թանկացել է հատկապես սննդամթերքը, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, միրգ-բանջարեղենը։ Սրանք այն հիմնական ապրանքներն են, որոնք մտնում են քաղաքացիների սպառողական զամբյուղի մեջ։ Ու այդ ապրանքներն են, որոնց գներն արագացված տեմպերով ավելանում են։ Դրանց գնաճը երբեմն նույնիսկ դժվար է երկնիշ համարել։
Հրապարակված վերջին տվյալներով՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, բանջարեղենի գնաճն այս տարի հասել է ընդհուպ 18 տոկոսի, ձուկն ու ձկնամթերքը թանկացել է ավելի քան 20 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ գրեթե 13 տոկոսով, սուրճը, թեյը և կակաոն՝ շուրջ 16 տոկոսով։
Այս տարվա ապրիլին քաղաքացին, որի եկամուտները չեն ավելացել, ստիպված է եղել 47 տոկոսով ավելի շատ վճարել կարտոֆիլի համար, քան վճարում էր անցած տարի, 14 տոկոսով ավելի շատ վճարել կաղամբի համար, քան վճարում էր անցած տարի, 21 տոկոսով ավելի շատ վճարել կանաչ լոբու համար, քան վճարում էր անցած տարի, 19 տոկոսով ավելի շատ վճարել սմբուկի համար, քան վճարում էր անցած տարի, 17 տոկոսով ավելի շատ վճարել վարունգի համար, քան վճարում էր անցած տարի, 11 տոկոսով ավելի շատ վճարել լոլիկի համար, քան վճարում էր անցած տարի։
Նույնը նաև մրգերի պարագայում է. Այս տարի քաղաքացին ստիպված է գրեթե 24 տոկոսով ավելի շատ վճարել ելակի համար, քան անցած տարի, 22-23 տոկոսով ավելի շատ վճարել կիտրոնի համար, քան անցած տարի, 29 տոկոսով ավելի շատ վճարել նարնջի համար, քան անցած տարի, 16 տոկոսով ավելի շատ վճարել խնձորի համար, քան անցած տարի, ու այսպես շարունակ։
Պարզ չէ՞, որ այսպիսի թանկացումների պայմաններում, քաղաքացին, ում եկամուտները տարիներ շարունակ չեն ավելանում կամ շատ դանդաղ են ավելանում, ավելի վատ է ապրելու, ստիպված է լինելու ավելի քչով բավարարվել։
Այդպես է, որովհետև իշխանությունները, երբ պետք է՝ խոսում են բյուջեի եկամուտները միլիարդավոր դոլարներով ավելացնելու մասին, բայց չեն բարեհաճում ավելացնել հասարակ քաղաքացու եկամուտները։
Հասարակ քաղաքացու եկամուտները չեն ավելացնում, փոխարենը՝ բարձրացնում են հարկերն ու թանկացնում կյանքը։ Վաղուց արդեն իրենք իրենց տարանջատել են հասարակ քաղաքացուց ու ապրում են այլ իրականության մեջ, որտեղ թանկացումներն այլևս խնդիր չեն իրենց համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ