«Արցախի հայաթափումը ոչ միայն Ադրբեջանի ծրագրերի մեջ էր ներառված, այլև գերտերությունների». Արցախի թեմի առաջնորդ
Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ պետական իշխանություններն ինչ որոշումներ կկայացնեն Արցախի Հանրապետության իշխանությունների և նրա սահմանադրական իրավունքի վերաբերյալ, Արցախի թեմը կրոնական կառույց է, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր գործառույթներն ունի։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի հոգևոր թեմը պահպանելուն, թեմի խնդիրներին և անելիքներին։
Թեմն այս պահին կտրված է իր բնօրրան Արցախից, ինչը, Սրբազանի խոսքով՝ նշանակում է, որ այն չի կարողանում լիարժեք գործել, քանի որ թեմն առաջին հերթին հաստատվում է մի տարածքի վրա, որը նշանակում է վարչական տարածք և վերահսկողություն այդ վարչական տարածքում գոյություն ունեցող վանքերի, եկեղեցիների, մշակութային կոթողների, նաև հավատավոր իր զավակների, հավատավոր հոտի, ծխերի նկատմամբ։
«Այս ամենը չկա, և թեմն առանց հավատացյալների, քահանաների, առանց համապատասխան եկեղեցիների, անշուշտ, լիարժեք չի կարող գործել։ Բայց այն ամենը, ինչ հոգևոր ու բարոյական է, նկարագիր ունի հետագա ծրագրերի համար, անշուշտ, դրա համար թեմը պետք է մնա և շարունակի գործել։
Անշուշտ, դժվար երևույթ է Հայաստանում պահպանել Արցախի բարբառը, սովորությունները, որովհետև և՛ բարբառը, սովորությունները, և՛ կենցաղը, խոհանոցը հիմնված են լինում քո երկրի, ապրուստի վրա։ Այսօր համայնքները չկարողացան տեղավորվել միասնական առումով։ Կարծում եմ՝ շատ դժվար պետք է լինի այդ ընթացքը նորից վերականգնել, վերարտադրել։ Բայց մշակութաբանները, լեզվաբանները և մշակութային գործիչները, մտավորականները ջանք ու եռանդ չպետք է խնայեն նման աշխատանքները կատարելու համար։ Պետք է կարողանան պահպանել այդ արժեքը, դա Արցախի ինքնությունն է»,- հավելեց Արցախի թեմի առաջնորդը։
Մեր զրուցակիցը խոսեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի գործառույթներից: Սրբազանը փոխանցեց, որ գրասենյակը բացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ՝ պատերազմից հետո։ Այսօր գրասենյակը լիարժեք աշխատում է և իրականացնում է իր գործառույթները։
«Գրասենյակը կարևոր առաջադրանքներ է կատարում, մասնավորապես, սփյուռքում և այն համապատասխան կառույցների հետ, որոնք միտված են կրթական, մշակութային արժեքների պահպանմանը, դրանք միջազգային կառույցներն են, որոնց առնչությամբ գրասենյակը լիարժեք, կոնկրետ աշխատանքներ է կատարում, որպեսզի մեր հուշարձանների նկատմամբ վայրագությունները, ոչնչացումը, փակելը կանխեն, պղծումից ազատեն։ Իսկ այդ ամենը կանխելու համար, այս ամենի մասին պետք է լիարժեք ներկայացվի համապատասխան կառույցներին, որ նրանք էլ տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում Արցախում։ Հիմա մենք Արցախում չենք, և այդ կառույցների ուշադրությունից կտրված են ադրբեջանական վայրագությունները։ Տարբեր ճանապարհներով պետք է տեսնենք, թե ինչ է Արցախում կատարվում, հետագայում կարողանանք անգամ ուխտագնացություններ կազմակերպել դեպի սրբավայրեր, մեր աչքով տեսնենք, թե ինչ է կատարվում, նաև աղոթք բարձրացնենք»,- շեշտեց Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Այսօր Սրբազանը լիարժեք տեղեկություն չունի Արցախի խոշոր հոգևոր կենտրոնների ներկայիս ճակատագրի ու վիճակի վերաբերյալ, Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, սակայն որքանով տեղյակ է՝ խաղաղապահները Դադիվանքից դուրս են եկել, թե ինչ է այսօր տեղի ունենում այնտեղ՝ տեղյակ չէ։ Մեկ բան հստակ է, որ այն, ինչը տեսանելի է ադրբեջանցիների համար՝ խաչը և քրիստոնեական այլ նշանները, նրանք միանգամից հանում են ու ոչնչացնում, ցույց տալով, որ հայկական քրիստոնեական շեշտադրումն Արցախում պետք է նվազի։
Պատերազմից ուղիղ 10 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Սրբազանը կոչ էր տարածել, հայ ազգին հորդորել էր գործել միասնաբար և իմաստնությամբ՝ մեջբերելով Ներսես Շնորհալու համերաշխության բանաձևը՝ «Միություն կարևոր հարցերում, ազատություն երկրորդական հարցերում և Սեր ամեն ինչում», այսօր մեր հաղորդաշարի եթերում Սրբազանն ասաց, որ ծրագրեր կային, որոնց դիմակայելը վեր էր արցախահայության ուժերից։
«Արցախի հայաթափումը ոչ միայն Ադրբեջանի ծրագրերի մեջ էր ներառված, այլ կարծում եմ՝ այստեղ գերտերություններն էին իրենց ծրագրերն իրականացնում։ Ցավոք, մենք չկարողացանք հասկանալ ու ընկալել, որ այդ լուրջ ծրագրերի մեջ է Արցախը։ Արցախը միայնակ չէր կարող դիմակայել։ Արցախցիները և Պաշտպանության բանակի մեր զինվորները, նաև կամավորականներն ամեն ինչ արեցին, քաջաբար մարտնչեցին, սակայն ուժերի անհավասարակշիռ պայմաններում էր, որ մենք զիջեցինք Արցախը։ Հնարավոր չեղավ մեկ օրից ավելի պատերազմել, որովհետև մեր պաշարները, ոչ միայն զինամթերքի առումով, նվազ էին, այլ նաև Ադրբեջանը նախապես ծրագրավորել ու Արցախը վերցրել էր շրջափակման մեջ, այդ պատճառով Արցախը միայնակ էր մնացել։ Փորձեցին Արցախում ցեղասպանություն իրականացնել և երեխաներին, կանանց, բնակչությանը փրկելու համար կայացվեց այդ հայտնի որոշումը։ Իմ խոսքը ժողովրդին էր վերաբերում, Արցախում մնալու, Արցախը պահպանելու ու նրա նշանակությանը, բայց նորից եմ կրկնում՝ շատ գերհզոր ճնշումներ կային, որի առաջ մենք չկարողացանք դիմակայել։ Ըստ իս, լուրջ փոփոխությունների պարագայում պետք է հնարավոր լինի, որպեսզի մենք կրկին վերադառնանք Արցախ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Սրբազանը համամիտ չէ այն մարդկանց հետ, որոնց կարծիքով՝ Արցախի թեման փակված է։ Նրա բնորոշմամբ՝ միշտ չէ, որ մի թեմայի շուրջ շատ խոսելը տալիս է դրական արդյունք, կան թեմաներ, որոնց մասին կարող ես չխոսել, բայց գործել։
«Կարծում եմ՝ Արցախը չընկավ, Արցախը մնում է, և Արցախի թեման փակված չէ։
Այսօր, ինչպես հոգևորականությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացի ունի առաքելություն։ Մենք ասում ենք, չէ՞, որ այն մարդը, որն իր առաքելության մեջ չէ, ուրեմն՝ սատանայի տիրույթում է։ Կնշանակի, որ ամեն մեկս մեր առաքելությունն ունենք՝ և՛ եկեղեցին, և՛ իշխանավորները, և՛ հասարակ ժողովուրդը, ամեն մեկն իր անելիքն ունի։ Եթե մենք մեր անելիքների ծիրից ներս ենք, հնարավոր կլինի ապահովել միասնականությունը և դա կատարել սիրով։ Կարևոր աշխատանքի դեպքում է, որ սերը մեր մեջ ավելի է հզորանում, որովհետև դա կարևոր նպատակներին է ուղղված»,- ասաց Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ, միշտ չէ, որ հայ ազգի գլխին դրվում է հաղթանակի պսակը, լինում են պահեր, երբ ստորացման և նվաստացման փշե պսակներ են դրվում։ Սակայն պետք է կարողանալ դուրս գալ այդ իրավիճակից, հաջողելու դեպքում կնշանակի, որ հայ ազգն իր մեջ կարող է ունենալ նպատակ։
«Մեր անկյալ վիճակից պետք է ոտքի կանգնենք՝ փշե պսակը հանելու և հաղթական պսակին արժանանալու համար, որը կբերի Արցախի ազատագրում և հաղթական վերադարձ։ Արցախն այսպես թողնելն առնվազն անընդունելի ու ակնկալելի պետք է լինի հետագա սերունդների համար, մենք պետք է այդ ծրագիրը կյանքի կոչենք»,- հավելեց Սրբազանը։
Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և հարյուրավոր քաղաքացիների մասին և ասաց.
«Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի մեր խորհրդանիշները վերադառնան՝ Արցախի նախագահները, մեր նվիրյալ զինվորականները, ԱԺ նախագահը, նաև մեր հայորդիները»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում