
«Կարող է ոչ մի կրակոց չլինի, և էսկալացիա լինի… «հրադադարը չի կանգնեցնում պատերազմը». Ալիևի և Ալեն Սիմոնյանի բաց խոսքը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մոտ մեկ ամիս լսվող ադրբեջանական կրակոցների մասին հարցին, և, թե որքանով են դրանք հուշում հնարավոր պատերազմի և էսկալացիայի մասին, պնդել է, թե պատերազմի հավանականությունը որևէ քայլով չի ավելացվելու, և, որ կրակոցների հետ կապված հետևություններ անում են:
«Կարող է ոչ մի կրակոց չլինի և էսկալացիա լինի, դրանով չի պայմանավորված: Կա հիմնական պրոցես, և այդ պրոցեսը տանելով ես, որ դու կանխում ես կամ կանխատեսում նման բաներ: Մինչև 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել: Մինչև 2018 թվականը, չեմ կարող հիմա թիվն ասել, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ՝ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել: Հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ»,- շարունակել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, մասնավորապես, 2014-2015 թվականներին Արցախում և ՀՀ տարածքում սահմանային լուրջ լարվածության, 2014թ. տեղի ունեցած օգոստոսյան մարտերի մասին, որոնք մասնագետները նույնիսկ անվանել էին «մինիպատերազմ», այնուհետև տեղի ունեցավ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:
Բայց Ալեն Սիմոնյանի ասածի մեջ ճշմարտության հատիկ կա, եթե հաշվի առնենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ըստ էության, հրադադարի տևական պահպանումը, ավելին, պատերազմի օրերին Ալիևի խոստովանությունը։
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե՝ ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,- մանրամասնել էր Ալիևը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ պայմանավորվածություն է խախտվել, ինչ-որ սկսված գործընթաց առաջ չի տարվել: Փաշինյանը կարող է սրա մասին իր բացատրությունն ունենալ: Իհարկե, անգամ սա Ադրբեջանին իրավունք չէր վերապահում Արցախի վրա հարձակվելու, բայց հիմա մենք հարցը դիտարկում ենք ՀՀ ԱԺ նախագահի էսկալացիա կամ պատերազմ լինել-չլինելու առաջ քաշած տրամաբանության մեջ:
Ի դեպ, վերջերս նմանօրինակ ակնարկներ է արել նաև Ադրբեջանի նախագահը: Մանավորապես, մոտ երկու շաբաթ առաջ Բաքվում կայացած «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ժամանակ Ալիևը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում նախ նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Այնուհետև հարցադրում է արել՝ գլխավոր խնդիրը նրանում է, թե ինչպես կանգնեցնել պատերազմը, ինչպես անել, որ չունենան ընդամենը կրակի ժամանակավոր դադարեցում:
«Ուզում եմ ասել, որ կրակի դադարեցումը երբեք չի կանգնեցնում պատերազմը: Երբեք: Պատերազմը չի դադարել նաև մեր դեպքում: Դա պարզապես ժամանակավոր թեթևացում է, որ երկիրը վերախմբավորվի, մոբիլիզացվի և ամեն ինչ սկսի նորից: Ինչ է նշանակում՝ կրակի դադարեցում: Արդյո՞ք այն ենթադրում է, որ չեն լինի հրետանային հարվածներ կամ հարձակում, չեն թափվի ավիառումբեր, չի լինի դիպուկահարների պատերազմ, կամ՝ դիվերսիոն խմբերի «ռեյդեր»:
Ինչ է դա նշանակում: Ռուսաստանի և Ուկրաինայի շփման գիծը մերինից բավականից երկար է: Մեր դեպքում շփման գիծը բավականին ձեռնտու էր Հայաստանի համար: Բնական լանդշաֆտը նրանց պաշտպանում էր և փաստացի օգնում պահպանել «օկուպացիան» (չակերտները՝ Մ.Պ.): Սրան գումարած հրադադարի տարիներին՝ մոտ 26 տարի, նրանք կառուցել էին 5-6, նույնիսկ ավելի շատ ինժեներական գծեր, ականապատ տարածքներ և այլն»,- մանրամասնել է Ալիևը և դարձյալ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին մեսիջային ձևակերպումներ արել:
«Եթե շփման գիծ, որը օկուպացված է, գալիս են խաղաղապահներ, դա նշանակում է՝ դուք պետք է, այսպես ասած, հրաժեշտ տաք ձեր տարածքներին… Ցավոք, պատերազմն ավարտվում է, երբ ստորագրվում է կապիտուլյացիայի վերջնական ակտը: Ինչպես Խորվաթիայից ասել է մեր ընկերը, նրանք ազատագրել են իրենց տարածքները, դուրս են եկել իրենց սահմաններին և կանգ առել: Նույնը նաև մենք ենք արել: Մենք հասանք մեր սահմաններին և կանգ առանք: Այսպես է ավարտվում պատերազմն իրական աշխարհում»,- հավելել է Ալիևը և դժգոհել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը շարունակել է զինվել, չհրաժարվել «ռևանշիստական տրամադրություններից»:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը սահմանում է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Եթե Ալիևն իր վերը նշված օրենքը չխախտեր, ուրեմն՝ պետք է կողմերը մնային այն դիրքում, որտեղ եղել են պատերազմը կանգնեցնելու ժամանակ: Բայց այս սկզբունքն Ադրբեջանի պահանջով կամ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում խախտել է Փաշինյանը, երբ Սյունիքից զորքերը հետ քաշելու հրաման տվեց, հետո եղան ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, այնուհետև Արցախն ամբողջապես հայաթափվեց:
Եվ որքան էլ Ադրբեջանը հայտարարում է, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, սակայն երկրի սահմանադրությունը շարունակում է տարածքային պահանջներ պարունակել Հայաստանի Հանրապետության ավելի քան 60 տոկոս տարածքի նկատմամբ: Եվ քանի որ ադրբեջանական բոլոր պահանջ-նախապայմանները դեռ «գետնի վրա» իրագործված չեն, սահմանազատման գործընթացն էլ վերջնագծին չի հասել, նշանակում է՝ այն, ինչ ստորագրվի, լինելու է շրջանակային համաձայնագիր կամ հրադադարի փաստաթղթի նման մի բան, ինչը նշանակում է՝ պատերազմի հավանականությունը չեզոքացված չէ:
Այստեղ Ալիևը խոստովանում է, թե ինչու ժամանակին չի համաձայնել խաղաղապահների տեղակայմանը վիճելի համարված տարածքներ, և ինչու ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ հեռացրեց Արցախից, ինչու չի համաձայնել միջազգային դիտորդների տեղակայմանը, երբ դեռ 2021 թվականից առաջարկում էր Նիկոլ Փաշինյանը: Թեպետ, մյուս կողմից, ռուս խաղաղապահների ներկայությունը չփրկեց Արցախը հայաթափումից:
Եվ քանի որ Ադրբեջանը դեռ չկատարված պահանջներ ունի, շարունակում է զինվել, և ոչինչ, որ, մեղմ ասած, նեղսրտում է Հայաստանի զինումից: Մասնավորապես, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2024 թվականին ձեռք է բերել 2 միլիարդ 220 միլիոն դոլարի սպառազինություն։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ էլ, 2025 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում պետբյուջեից երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և ազգային անվտանգությանն ուղղվել է 2028 մլրդ մանաթ (1,19 մլրդ դոլար՝ ընթացիկ կուրսով):
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը վերանայել էր 2025 թվականի ռազմական բյուջեի նախագիծը և որոշել, որ այն ոչ թե կրճատվելու է, այլ զգալի ավելացվելու՝ մոտ 20 տոկոսով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ալեն Սիմոնյանի ձևակերպումների համատեքստում, ստացվում է, որ պետք է առաջ տանեն խաղաղության գործընթացը, որ պատերազմ չսկսվի, եթե անգամ կատարեն Ադրբեջանի բոլոր պահանջները: Իհարկե, ցանկացած բանակցություն պատերազմից լավ է, բայց շատ կարևոր է նաև՝ ինչ դիրքում, ինչ պայմաններում, և հարց է՝ ինչո՞ւ իշխանափոխությունից հետո Փաշինյանը խաթարեց տարիների «բանակցային շղթան», և մինչև հիմա հրաժարվում է հրապարակել բանակցային փաստաթղթերը: