Ներսի «ռեմբոների» ու դրսում «լուզերների» գերակա շահը՝ Ալիևի կամքն ու Նիկոլ Փաշինյանի՝ այն կատարելու պարտադրանքը. ՔԿ-ի ու Դատախազության կորստաբեր մարտավարությունը
Սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ողջ տարածքի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու 2-րդ օրը, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝
«2022 թ. դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թ. ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու, 2023 թ. հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով սադրանքի դիմելու` երկու ուղղություններով հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները միջանցքով ամբողջովին արգելափակելու, ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ բուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան նախատեսված տեղափոխումները խափանելու, 2022 թ. դեկտեմբերից պարբերաբար, 2023 թ. մարտ ամսից ամբողջովին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի, իսկ 2023 թ. հունվարից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատելու, այդ կերպ ցեղասպանություն իրականացնելու դեպքի առթիվ մի խումբ քաղաքացիներից ստացված հաղորդումների, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2022 թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իրենց ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, դրան ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ և կատարվում է նախաքննություն»:
Ըստ էության բավականին բովանդակային ու ընդգրկուն քրեական վարույթ էր հարուցվել, որի նպատակը, թվում էր, թե օր առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում ու ցեղասպանություն իրականացրած ներկայացուցիչներին նույնականացնելն ու պատասխանատվության կանչելն էր: Ի վերջո, երբ քաղաքական արկածախնդրության դիմելով՝ ափալ-թափալ վավերացրեցին Հռոմի ստատուտը՝ ՔՊ-ական իշխանությունն իրեն պատռում էր՝ սա արվում է ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկելու համար:
Դեռևս հոկտեմբերի 6-ին 168.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ըստ էության տապալված կառույց է, քանի որ վերջին տարիներին՝ սկսած 2020թ.-ից հատկապես, Ադրբեջանի կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, և այս պահին չկա գեթ մեկ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչ, որին հայկական կողմն է կալանավորել, կամ այնքան արդյունավետ է համագործակցել այլ երկրների դատախազությունների հետ, որ համընդհանուր իրավազորության կարգավորման շրջանակներում ադրբեջանցի ճամփորդած անձինք ձերբակալվել են այլ երկրներում: Նման փաստ գոյություն չունի:
Զուգահեռ իրականությունում Ադրբեջանն առևանգում ու կալանավորում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, տեսանյութեր պատրաստում, մանրամասն հաղորդագրություններ տալիս հորինված վարույթի հորինված մեղադրանքների վերաբերյալ:
Եվ թեպետ ի սկզբանե որևէ վստահություն չկար, որ Հայաստանի իրավապահ մարմինները, բացի տրաֆարետային հաղորդագրությունից, որ մի բան անում ենք, այլ գործողություն չեն անելու, այնուամենայնիվ, Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից շուրջ 25 օր անց՝ հոկտեմբերի 16-ին, 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն՝ ցանկանալով տեղեկանալ՝ ի՞նչ է արվում հարուցված վարույթի շրջանակում, և մասնավորապես
Արցախի Հանրապետության քանի՞ քաղաքացի է հարցաքննվել, քանի՞սն են տուժող ճանաչվել, քննչական ի՞նչ գործողություններ են կատարվել, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քանի՞ անդամի վերաբերյալ է հարուցված քրեական վարույթ Արցախում ցեղասպանություն ու էթնիկ զտում կազմակերպելու համար:
Քննչական կոմիտեից մեր հարցմանն արձագանքեցին սահմանված ժամկետում: Այո՛, մենք հարցման պատասխան չենք ստացել, այլ ընդամենն արձագանք, քանի որ ՔԿ-ի ուղարկած «պատասխանում» ընդամենը մի քանի հոդված էր ավելացված նախապես հայտարարված 133-րդ հոդվածին, իսկ մեր որևէ հարցի պատասխան չկար:
«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- գրված էր Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ի կողմից մեզ ուղարկված «պատասխանի» մեջ:
Վստահաբար Քննչական կոմիտեում հարցման մեջ «Ադրբեջան» բառը տեսնելուց հետո շարունակությունը չէին կարդացել, այնքան որ ահաբեկված են միայն թշնամի պետության անվանման տառերի հաջորդականությունից, կամ միգուցե Նիկոլ Փաշինյանի սաստող հայացքն է չափազանց ազդու և սպառնալից, այլապես ի՞նչ նախաքննական գաղտնիք կարող է պարունակել այն տեղեկությունը, թե քանի՞ հոգի են հարցաքննվել Հակարիի կամուրջը հատած, բռնի տեղահանության ենթարկված արցախցիներից, և նրանցից քանի՞սն են տուժող ճանաչվել: Չէ՞ որ մենք չէինք խնդրել հրապարակել հարցաքննվածների կամ տուժող ճանաչվածների անունները:
Դատախազությունն ավելի «պերճախոս» էր, և մեր հարցումից 11 աշխատանքային օր անց ստացանք 6 տողանոց «ոչ մի բան»:
«…Հայտնում ենք, որ հարցման մեջ նշված քրեական վարույթով մինչդատական վարույթի բնականոն ընթացքին չխոչընդոտելու, վարույթի մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը չվտանգելու նկատառումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ նախաքննության այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- սա ասելու համար Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցին ուղիղ 11 աշխատանքային օր էր հարկավոր ու մեր հիշեցումները հարցման պատասխանն ուշացնելու մասին:
Միայն երկրի ներսում, սեփական քաղաքացիների վրա ինքնահաստատվող, երկրում տոտալ ռեպրեսիաների մթնոլորտ ու իրավիճակ ստեղծած, Արցախի ամբողջական հանձնումից հետո ծավալված բողոքի ակցիաներից անգամ 1.5 ամիս անց խոշորացույցով տեսանյութերը նայող, իսկական մարդաորս իրականացնող, անչափահաս երեխային, ֆեյսբուքյան գրառման համար երիտասարդ կնոջը կալանավորելու միջնորդություն ներկայացնող ու պաշտպանող, երկիրը քաղաքական բանտարկյալներով լցրած Քննչական կոմիտեն ու Դատախազությունը, պարզվում է, սարսափում են «Ադրբեջան» ու «Արցախ» բառերի հիշատակումից, ահաբեկվում են սեփական քաղաքացիների պաշտպանության համար քայլեր ձեռնարկել, հրաժարվում են պատշաճ քննություն իրականացնել Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարության առնչությամբ գեթ մեկ հաջողված քեյս ունենալու համար: Ներսում «ռեմբոների» ու դրսում «լուզերների» այս խմբակի համար կա մեկ գերակա շահ՝ Իլհամ Ալիևի կամքը ու Նիկոլ Փաշինյանի՝ նրա կամքը կատարելու պարտադրանքի ապահովումը:
Կրեատիվ եղեք, տիկնայք ու պարոնայք, թե չէ կրկնում եք նախկին դատախազ Արթուր Դավթյանին, որի գլխավորած կառույցը դեռևս 2020թ. նոյեմբերի 28-ին ուղարկած մեր հարցմանն ի պատասխան, որով ցանկացել էինք իմանալ՝ արդյոք հայկական կողմն էլ կոնկրետ ադրբեջանցի պաշտոնյաների կամ այլ գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործընթաց սկսե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել էր՝ Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի ֆեյսբուքյան գրառման առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով
(Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Մի հարցում էլ էինք ուղարկել, ցանկացել էինք իմանալ, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Գլխավոր դատախազության կողմից համընդհանուր իրավազորության ուժով քրեական հետապնդումներ սկսելու համար ադրբեջանցի այն ռազմական գործիչների ու քաղաքական պատասխանատուների նկատմամբ, ում անմիջական մասնակցությամբ, հրամանով կամ վերահսկողությամբ տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ:
Գլխավոր դատախազությունից ստացել էինք շատ «խոսուն» պատասխան, «խոսուն»՝ բոլոր առումներով:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, նախաքննական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ տվյալ պահին հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, արդյունքի մասին ավելի ուշ կտեղեկացվի»,- նշված էր Դատախազության պատասխանի մեջ:
Հիմա եթե Գլխավոր դատախազությունը կարող է ասել, թե ինչ վտանգներ է չեզոքացրել նախորդ 3 տարիների ընթացքում՝ Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ու դրանց շրջանակում իրականացված ենթադրյալ գործողությունների մասին տեղեկություն չտրամադրելով, միգուցե վերանայենք մեր մոտեցումները:
Ի դեպ, իսկ ի՞նչ կա Նուրլան Իբրահիմովի վերաբերյալ հարուցված քրեական վարույթից, թե՞ էլի քննության շահերին չվնասելու համար պետք է միանշանակ լռել: