«Նման երևույթները խաթարում են մեր կրթության համակարգը, սա պետք է ունենար իրավաքաղաքական հետևանքներ». Ատոմ Մխիթարյան
Օրերս Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզաշավն իրականացնում էր Արագածոտնի մարզում, որտեղ մի քանի դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ դասերի ժամին աշակերտների հետ միասին մասնակցում էին իշխանական թիմի նախընտրական քարոզարշավին։ Մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով այս թեմայի մասին, ասել էր, որ 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, սակայն դիմումները չեն մակագրել՝ նրանք դե յուրե չեն ազատվի։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի բնորոշմամբ՝ եթե մեկ նախադասությամբ այս երևույթը գնահատի, ապա պետք է ասի՝ «կրթվելը նորաձև է», այսինքն՝ նորաձև կրթությունը ենթադրում է վարչական ռեսուրսի օգտագործմամբ բոլոր ուսուցիչներին և նրանց միջոցով աշակերտներին բերել իշխող կուսակցության քարոզարշավին։
«Սա կեսկատակ-կեսլուրջ էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա նման երևույթները խաթարում են մեր կրթության համակարգը, մեր երեխաների կրթվելու իրավունքը։ Վստահ եմ, որ ուսուիցիչները, տնօրեններն այս ամենն ինքնակամ չեն արել, նրանց հուշել, ուղղորդել ու եթե չասեմ՝ ճնշում են գործադրել, որպեսզի նրանք այդ ամենն անեն։ Չեմ կարծում, թե մեր ժողովուրդն այնքան խանդավառ է, որ դասապրոցեսը պետք է կանգնեցնի, որպեսզի գնան քաղաքական ինչ-որ աղանդի նախընտրական քարոզարշավին»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։
Ըստ փորձագետի, այս ամենի պատասխանատուները պետք է պատժվեն և դա դաս լինի բոլորի համար, որ անկախ քաղաքական իշխանությունից, նման երևույթներ չլինեն կրթական համակարգում։
«ԿԳՄՍ նախարարը պետք է առիթից օգտվի և բոլորին զգուշացնի, որ նման դեպքերի կրկնվելու դեպքում հետևանքներն անխուսափելի են լինելու, երկրի ղեկավարը պետք է հրահանգեր, որպեսզի նրանք պատժվեին, եթե անկողմնակալ է և կրթությունն իր համար իրապես «նորաձև» է։ Իրավապահներն էլ այս ամենից հետո պետք է անմիջապես գործի անցնեին, հասկանային՝ ինչպես է դասապրոցեսն ընդհատվել և ուսուցիչները, աշակերտները հայտնվել են քարոզարշավի մեջ, հանրայնացվեր և ունենար իրավաքաղաքական հետևանքներ։ Ցավոք, մինչև այս պահը նման բան մենք չենք տեսնում»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն։
«Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- նշված էր ԿԳՄՍՆ հայտարարությունում։



