Տապալված կառույցը. ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը չի կարողանում գեթ մեկ ադրբեջանցի հանցագործի վերաբերյալ հաջողության պատմություն ունենալ

Արցախի ամբողջական հանձնումից հետո սկսված բռնի տեղահանությունն Արցախի ռազմաքաղաքական էլիտային նույնպես այլընտրանքի հնարավորություն չէր թողել, և Հակարիի ապօրինի անցակետն Արցախի պետական, հանրային գործիչների համար դարձավ «ռուսական ռուլետկա»: Հենց այդտեղից առևանգվեցին Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի առաջ, ըստ իր գրառման տողատակերի և տարածված խոսակցությունների, դրվել է հանձնվելու պայման. վերջինս ըստ էության պատանդառված է:

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն ու Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն առևանգվեցին և ձերբակալվեցին Ստեփանակերտում, երբ Արցախի մայրաքաղաքում հայեր արդեն գրեթե չէին մնացել:

Երեկ ադրբեջանցիները տեսանյութեր տարածեցին նախագահների մասնակցությամբ, և քիչ թե շատ բանականություն ունեցող ցանկացած հայի համար այդ կադրերը որքան վրդովվեցուցիչ, նույնքան ցավալի ու ամոթալի էին: Որպես ազգ՝ դա մեր հավաքական ամոթն էր, որքան էլ որ նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանն իրենց կեցվածքով արժանապատվության, պետական այրերին բնորոշ հպարտության ու ձիգ բնավորության օրինակներ էին:

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, երեկ թեմային անդրադառնալով, գրել էր՝ Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը:

«Ուստի, ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում՝ նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, իբր ցույց տալ իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը հատուկ հենց այդ նպատակներով էլ հրապարակել է նրանց բոլորի ազատազրկման ու հետապնդման տեսանյութերն ու լուսանկարները: Հետևաբար նրանց ազատ արձակումը ադրբեջանական անօրինական գերությունից բոլորիս խնդիրն է: Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր հայրենակիցներին ազատելու համար»,- գրել էր Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նրանց ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն:

Իսկ ի՞նչ է անում պետությունը նրանց վերադարձն օր առաջ իրականություն դարձնելու համար, և արդյո՞ք իրավական ողջ գործիքակազմը ծառայեցվում է այդ նպատակին:

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ փորձելով պարզել՝ ինչ է անում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արցախի 3 նախագահների, այլ ռազմական, պետական ու հասարակական գործիչների՝ Հայաստան վերադարձի համար, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանի դատախազը հետևողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում և կալանավորում նրանց:

«Անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում։ Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը կիրառում է օրենքով նախատեսված գործիքակազմը անձանց իրավունքները պաշտպանելու և վերականգնելու նպատակով»,- պատասխանել էին դատախազությունից՝ առանց մանրամասնելու, թե որոնք են այդ քայլերը:

Իրականում առաջին բանը, որ պետք է աներ գլխավոր դատախազը նման դեպքում, հանրային քրեական հետապնդում հարուցելն էր՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի առևանգման ու հետագա գործողությունների առնչությամբ: ՀՀ քրեական օրենսգրքում կան վերաբերելի հոդվածները՝ մարդկանց ազատությունից զրկելը, առևանգելը, պատանդառությունը, վատ վերաբերմունքը, խոշտանգումը: Որովհետև մասնավորապես Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութից պարզ էր դառնում, որ վերջինիս նկատմամբ առնվազն բռնություն է գործադրվել. կադրերում երևում էր՝ ակնոցը կոտրված էր:

Արդեն իսկ հարցաքննություններ պետք է արված լինեին ականատեսների հետ: Այսինքն՝ ադրբեջանական կողմի արարքներին քրեաիրավական գնահատական տալն առաջին բանն էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պիտի աներ:

Դատախազությունը պետք է վերլուծեր իրավիճակն ու հասկանար՝ այն, որ այս մարդկանց այս հանգամանքներում տանում են, բացի մարդասիրական իրավունքի խախտումներից, այլ ի՞նչ բնույթի հանցակազմ է դա իր մեջ պարունակում: Օրինակ, հնարավոր է՝ այդ մարդկանց պատանդ են վերցրել՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Կամ միգուցե նրանց հարկադրանքի, ուժի կիրառման արդյունքում ստիպում են որոշ քայլեր իրականացնել: Արդյո՞ք դատախազությունը խնդիր չունի պարզելու այդ հանգամանքները:

Բացի դրանից, Հայաստանն ու Ադրբեջանը քրեաիրավական ոլորտում համագործակցությանն առնչվող տարբեր համաձայնագրերի կողմ են, և այս համագործակցության շրջանակներում թերևս ավելի ուշ փուլում կարող են էքստրադիցիայի կամ այլ հարցեր առաջ քաշել, որ եթե անգամ պատժաչափը կրելու թեմա լինի, այն կրեն Հայաստանում, ինչպես արվեց Ռուսաստանի Դաշնությունում հայ վարորդի մասնակցությամբ վթարի դեպքի ժամանակ: Այսինքն՝ անելիք կա նաև այս դեպքը որպես նախադեպ հաշվի առնելու տեսանկյունից:

Իսկ վերոնշյալի մասին Գլխավոր դատախազությունը հայտարարե՞լ է, ասե՞լ է՝ ինչ է անում… Այդպիսի փաստ մեզ հայտնի չէ: Միայն հարցումից հարցում պատասխանում են, որ հայկական կողմն էլ ադրբեջանցիների նկատմամբ է վարույթներ հարուցել ու քննում, բայց թե ովքեր են այդ երևակայական հանցագործները, որևէ կերպ չի բացահայտվում: Այդքան խնամքով այդ անունների թաքցնելը լեգիտիմ իրավունք է տալիս մտածել, որ այդ անունները պարզապես չկան:

Եվ ամենակարևորը:

Վերջին տարիներին՝ սկսած 2020թ.-ից հատկապես, Ադրբեջանի կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, և այս պահին չկա գեթ մեկ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչ, որին հայկական կողմն է կալանավորել, կամ այնքան արդյունավետ է համագործակցել այլ երկրների դատախազությունների հետ, որ համընդհանուր իրավազորության կարգավորման շրջանակներում ադրբեջանցի ճամփորդած անձինք ձերբակալվել են այլ երկրներում: Նման փաստ գոյություն չունի:

Ակնհայտ է, որ եթե Հայաստանն այս գործերով պատշաճ քննություն իրականացներ և համագործակցության շրջանակներում աշխատեր դրսի կառույցների, գործընկեր դատախազությունների հետ, իրավապահ մարմինների հետ, ինքն էլ կարող էր հասնել ադրբեջանցի հանցագործների պատասխանատվությանը՝ եթե ոչ Հայաստանում, ապա՝ Հայաստանից դուրս:

Փաստացի ադրբեջանական կողմի ռազմավարական մտածողության դիմաց, որը կարողացավ շրջափակել Արցախը, վերահսկողություն վերցնել նրա նկատմամբ, բռնի տեղահանել Արցախի բնիկ ազգաբնակչությանը, առևանգել, ձերբակալել, ապա կալանավորել երևելի պետական այրերին, հայկական կողմը ոչինչ չի հակադրել:

Եթե մեր երկրում իրապես լիներ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), այն այս տարիների ընթացքում այս ուղղությամբ որևէ գործողություն իրականացրած կլիներ, բայց չկա նաև քրեաիրավական ոլորտի համագործակցություն, պատշաճ քննված գործեր, ապացույցների փոխանցում, երկաթյա հիմքեր, որպեսզի ադրբեջանցի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն գոնե այլ երկրներում:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների առևանգման, ձերբակալության փաստի մեջ բացահայտ իրավունքի խախտում կա, որոնք հայկական կողմը պարտավոր է քննել ու բացահայտել, բայց մյուս կողմից էլ՝ դեռևս 2020թ.-ից պատերազմական մասշտաբային հանցագործությունների դեպքեր կան, որոնց քննության ու պատասխանատվության ենթարկման բեռն առկա է, սակայն այդ առումով որևէ հաջողության պատմություն չկա:

Այսինքն՝ մենք զանգվածային հանցագործությունների զոհ ենք, բայց ՀՀ-ն չի կարողացել գեթ մեկ ադրբեջանցու պատասխանատվության ենթարկել, իսկ Ադրբեջանը, բացի նրանից, որ այսքան զոհերի հեղինակն է, դեռ անմեղ մարդկանց էլ տանում է դատարան:

ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանի պես սրեր է ճոճում, ասֆալտին փռելու ոճով հայտարարություններ է անում հերթական հարուցված վարույթի կամ դարակազմիկ կոռուպցիոն բացահայտման մասին, գործեր կարում միայն իրենց քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելով նրանց, իսկ ահա Ալիևի, Էրդողանի առջև նրանք խոնարհվում են, հլու-հնազանդ, երկյուղով կատարում նրանց հրահանգները: Նիկոլ Փաշինյանը սարսափում է «կիրթ» Ալիևի հասցեին որևէ թթու խոսք անգամ ասել. ինչպես հիշում եք, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Էրդողանի երդմնակալության ժամանակ միջանցքներում  նա անեկդոտներով զբաղեցնում էր Ալիև ամուսիններին:

Տեսանյութեր

Լրահոս