Ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը համառորեն ինֆորմացիա չի տրամադրում Ադրբեջանի պատերազմական հանցագործների նկատմամբ իր նախաձեռնած գործողությունների վերաբերյալ

Արցախյան վերջին պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով ցեղասպանության հանցակազմով նախատեսված արարքի մեջ: Ադրբեջանական իրավապահ մարմինների թիրախում էին հայտնվել նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, Արցախի ներկայիս արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, այլ անձինք: Որոշ տվյալներով՝ նրանց թիվն անցնում է 140-ից:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հարցրել էր, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում իրավապահ այդ կառույցը Սեյրան Օհանյանի և ադրբեջանական կողմի կողմից հետախուզվող այլ անձանց իրավունքների, մասնավորապես, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության համար, և արդյոք հայկական կողմն էլ կոնկրետ ադրբեջանցի պաշտոնյաների կամ այլ գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործընթաց սկսե՞լ է, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ դատախազությունից ասել էին, թե նկատի ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից այդ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված  կանխարգելիչ քայլերի:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կողմից կոնկրետ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցելուն և միջազգային հետախուզում հայտարարելուն, Գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրել էին, որ այս պահին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի ֆեյսբուքյան գրառման առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով
(Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…»:

Մինչ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմական ու քաղաքական գործիչների, ինչպես նաև սովորական քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, ՀՀ-ում շատ իրավաբաններ, քաղաքական ու ռազմական գործիչներ, ինչպես նաև մեդիան ցանկանում են իմանալ՝ ի՞նչ է անում այդ ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը:

168.am-ի տաղավարում ՀՀ գլխավոր դատախազության գործողությունների կամ անգործության նկատմամբ իրենց տարակուսանքն են հայտնել փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ուրիշներ:

Ի դեպ, երբ Լևոն Գևորգյանին հարցրինք, թե ինչու մեր Գլխավոր դատախազության թիրախում չեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ, որոնց ղեկավարության ներքո տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, Լևոն Գևորգյանը պատասխանեց, որ մեր ուշադրությունից կարծես թե վրիպել է այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ:

«Թե ինչ հարցեր են քննարկել, ինձ համար առեղծված է, և կարծում եմ՝ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ իրավական համագործակցության գործիքների մասին կարող են ՀՀ և ԱՀ գլխավոր դատախազները խոսել: Քրեական հետապնդումները պարտադիր են, ծայրահեղ անհրաժեշտ, և սա զուտ իրավական պատասխանատվության խնդիր չէ, այլ ազգային հոգեբանության կառուցման խնդիր: Չի կարող հասարակությունն ամուր լինել, եթե պարտվողականության և արդարության չվերականգնման ներքո է կերտվում այն: Մարդիկ պետք է տեսնեն, որ պետությունը հետամուտ է լինում էթնիկ հայերի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձանց քրեական հետապնդում իրականացնելուն: Իսկ թե ինչո՞ւ չեն անում, հուսով եմ միայն, որ դեռ պարզապես չեն սկսել»,- ասել էր նա:

Այնուամենայնիվ, մենք ևս մեկ անգամ հարցում ուղարկեցինք Գլխավոր դատախազություն՝ ամեն դեպքում մեր առաջին հարցումից շուրջ 2 ամիս անց կրկին փորձելով հասկանալ՝ ի վերջո, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից քանի՞ հոգու նկատմամբ է ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում սկսել պատերազմական հանցագործություններ կատարելու հիմքով: Ովքե՞ր են այդ անձինք, կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացված նրանց:

Ցանկացել էինք իմանալ նաև, թե ի՞նչ աշխատանքներ  են տարվում Գլխավոր դատախազության կողմից համընդհանուր իրավազորության ուժով քրեական հետապնդումներ սկսելու համար ադրբեջանցի այն ռազմական գործիչների ու քաղաքական պատասխանատուների նկատմամբ, ում անմիջական մասնակցությամբ, հրամանով կամ վերահսկությամբ տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ:

Գլխավոր դատախազությունից ստացանք շատ «խոսուն» պատասխան, «խոսուն»՝ բոլոր առումներով:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, նախաքննական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ տվյալ պահին հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, արդյունքի մասին ավելի ուշ կտեղեկացվի»,- նշված էր Դատախազության պատասխանի մեջ:

Փաստորեն, ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հրապարակային հայտնում է, թե մեր որ գործչի նկատմամբ իրենց քրեական օրենսգրքի որ հոդվածով են հետապնդում սկսում, բացեիբաց սպառնում են մեզ, իսկ մեր գլխավոր դատախազությունը վկայակոչում է նախաքննական գաղտնիքն ու հրաժարվում որևէ տվյալ հայտնել այն մասին, թե ինչ գործողություններ են իրականացվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ:

Ի դեպ, նկատենք, որ խոսքը չի գնում հավելյալ տեղեկատվության մասին, ինչպես գլխավոր դատախազությունն է գրել իր պատասխանում, այլ որևէ տեղեկատվության, գոնե կոնկրետ թվի մասին, եթե անուններ չեն հրապարակվում:

Այս պատասխանը հիմք է տալիս առնվազն կասկածել, որ նման գործեր առհասարակ չկան հարուցված, և ադրբեջանցի որևէ գործչի ոչինչ չի սպառնում:

Գլխավոր դատախազը միգուցե լավ կաներ՝ անկեղծանար, որ, այնուամենայնիվ, այնքան էլ անկաշկանդ չէ, և իրեն թույլ չեն տալիս քրեական գործեր հարուցել պատերազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցի գործիչների նկատմամբ, թե՞ այս դեպքում էլ բավարար հիմքեր չկան: Իսկ գուցե ամեն դեպքում ասեր նաև, թե ո՞վ թույլ չի տալիս, և ամենակարևորը, ինչո՞ւ…

Սրանք ողջամիտ հարցեր են, որ կարող են առաջանալ առհասարակ ցանկացած հայ մարդու մոտ, և քանի դեռ չկա դրանց պատասխանը, այս հարցերը մեղադրանքի պես կախված են լինելու հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին:

Վերադառնալով միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանի առաջ քաշած հարցադրմանը՝ ՀՀ Գլխավոր դատախազությանն այդ առնչությամբ ևս հարց էինք ուղղել:

ՀՀ Գլխավոր դատախազության կայքը ս/թ հունվարի 12-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ՝ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:

Գլխավոր դատախազությունից ցանկացել էինք նաև տեղեկանալ՝ ի՞նչ կոնկրետ արդյունքներ են գրանցվել այդ հանդիպումից հետո, Ադրբեջանի գլխավոր դատախազն արդյո՞ք տվել է գերիների վերադարձի հետ կապված երաշխիքներ, և ի՞նչ իրավական համագործակցության գործիքների մասին են խոսել ՀՀ և ԱՀ գլխավոր դատախազները:

Մեզ նախ հիշեցրել էին, որ 2021թ. հունվարի 12-ին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումն առաջինն էր առհասարակ որևէ ձևաչափով: Ապա նշել էին, որ եռակողմ հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, դրա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից բարձրացվել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների դիերի՝ հայկական կողմին փոխանցման խնդիրները:

Տարօրինակ է, որ Գլխավոր դատախազությունն առհասարակ մատնանշում է այդ հանդիպման էքսկլյուզիվությունը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ հանդիպման հնարավորությունը և անհրաժեշտությունն առհասարակ պայմանավորված է եղել վերջին պատերազմական գործողությունների՝ մեզ համար խայտառակ ելքով:

«Ձեռք են բերվել պայմանավորվածություններ ռուսական կողմի միջնորդությամբ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու վերաբերյալ, ՀՀ դատախազության կողմից գերիների ցուցակները պարբերաբար ճշգրտվում են և համապատասխան տվյալները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության դատախազության ներկայացուցիչներին, իսկ նրանց միջոցով փոխանցվում Ադրբեջանի դատախազությանը՝ պարբերաբար ընդգծելով գործընթացն արագացնելու կարևորությունը: Այս գործընթացն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:

Բացի այդ, ի կատարումն նաև այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Արցախի Հանրապետությունում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության ներկայացուցիչները  սահմանագծին հնարավոր միջադեպերը, իրավախախտումները կանխելու, իսկ այդպիսիք լինելու դեպքում՝ դրանց օպերատիվ կերպով արձագանքումն ապահովելու խնդիրների շրջանակներում մշտական կապի մեջ են երկու երկրների դատախազությունների հետ»,- նշված էր Գլխավոր դատախազության պատասխանի մեջ:

Ուշադիր ընթերցողը, թերևս, կհիշի, որ գրեթե նույն բանն է կարդացել այդ հանդիպումից հետո Դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Երևի միակ նորությունն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի դատախազությունների միջև երկկողմ ուղիղ համագործակցության գործիքներ չեն իրացվում:

 

Տեսանյութեր

Լրահոս