«Սա Հայաստանը դեմոգրաֆիական առումով կուլ տալու ծրագիրն է. ընտրություններից առաջ Փաշինյանը դրա մասին չի խոսի, բայց վտանգը կա». Դավիթ Ջամալյան
Հունիսին սպասվող նախընտրական քարոզարշավի առաջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարզից մարզ գնալիս մշտապես կրկնում է նույն նախադասությունը՝ «Կարապետյան-Քոչարյան-Ծառուկյան ուժը չպետք է անցնի խորհրդարան», նրանց անվանում է «պատերազմի եռագլուխ», նրանց մեղադրում է, թե «Հայաստանում 300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման նրանք ենք փորձում դարձնել Հայաստանի օրակարգ», սակայն չի նշում, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչում են խոսակցությունները, որ «90-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները»։
Նիկոլ Փաշինյանը նաև Սյունիքում հայտարարել էր, որ «Սյունիքը խաղաղության մարզկենտրոնն է»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ համաշխարհային պատմության մեջ, բացի Նիկոլ Փաշինյանից, չգիտի մեկ ուրիշ կերպարի, որը հանուն սեփական իշխանության պահպանության, զոհում է երկրի տարածքները։ Հենց այդ իշխանության պահպանման համար էլ նա գնաց TRIPP ծրագրի իրագործմանը, որը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, սակայն մարդկանց մոլորեցնելու համար՝ այլ դիզայն ու անվանում են տվել։
«Մենք այս կոմունիկացիայի տերը չենք, եթե փորձենք հասկանալ, ապա երկրի ամենակարևոր ստրատեգիական նշանակության կոմունիկացիան նվիրում են ուրիշին, տակը թողնում փշուրներ։ Իսկ այս ամենի փոխարեն՝ ի՞նչ է ստանում՝ ընդամենը իշխանություն։
Եթե այս պրոյեկտին գումարում ենք Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման ռեալ վտանգը, ապա կարող ենք ասել, որ առնվազն մեկ տասնամյակ անց Մեղրիի տարածաշրջանն այլևս հայկական վերահսկողության տակ չի լինելու։ Ինչո՞ւ, որովհետև նախևառաջ փորձելու են նրանց բնակեցնել այդ «միջանցքի» հարակից հատվածներում՝ այդ բնակավայրերի վրա աչք ունեն, մեծ վտանգի տակ է Նռնաձորը։ հետևաբար՝ TRIPP-ը ես կդիտարկեի մեծ կոնտեքստի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Նա վստահեցնում է՝ Հայաստանի թշնամի երկրների ղեկավարները շատ խորամանկորեն են աշխատում, երկար ժամանակ հոգեբանա-քաղաքական օպերացիաներ են մշակում, գտնում են այնպիսի որակներ ունեցող մեկին, ում կարելի է աճեցնել ու դարձնել նիկոլփաշինյաններ։ Հիմա նրանք տասնամյակներ աշխատել են ու գտել են մեկին, ում համար գոյություն չունի ոչինչ, բացի սեփական իշխանությունից։
«300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման պարբերաբար ասվում է ադրբեջանական կողմից, և տպավորություն է, որ այդ պայմանն իշխանությունն ընդունել է։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ դիտորդները, իբր սահմանի մշտադիտարկման անվան տակ, սահմանամերձ գյուղերում հետաքրքրվել են, թե ժամանակին որ գյուղում որքան ադրբեջանցի է բնակվել, նման տեղեկատվություն էր տարածվել։
Հիմա սահմանամերձ շատ գյուղերում դպրոցներ են փակում, փակելուց հետո նոր դպրոց են կառուցում ավելի խորը թիկունքում։ Դպրոցները փակվելու արդյունքում այդ գյուղերը դատարկվում են, հետո թուրքերին կբերեն՝ այդ գյուղերում կբնակեցնեն։ Սա Հայաստանը դեմոգրաֆիական առումով կուլ տալու ծրագիրն է, որն իրականացնում են։ Բնականաբար, ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսի, բայց այդ վտանգը կա»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետն այս կոնտեքստում նաև ասաց, որ կարևոր է Իրանի կայուն մնալը, քանի որ Հայաստանի կործանման հետ կապված շատ ծրագրերի կարող է խոչընդոտել, քանի որ դա վտանգավոր է նաև իր երկրի սահմանների համար։
«Ես գրեթե վստահ եմ, որ Նիկոլն այս ընտրությունների արդյունքում չի վերարտադրվելու, իսկ նոր իշխանությունը պետք է դիվանագիտորեն վերանայի TRIPP-ը, որպեսզի կարողանա ՀՀ տարածքում գտնվող կոմունիկացիաների վերահսկողությունն իր ձեռքում պահի։
Հակառակ պարագայում ադրբեջանական բնակչությունը պետք է Նախիջևանից մտնի, այդ սահմանին բոլոր վերահսկողական կետերում բնակեցվի, սա պետք է լինի հաջորդ իշխանությունների համար աքսիոմատիկ։ Ասել՝ TRIPP-ը Հայաստանի կամ Սյունիքի անվտանգության երաշխիքն է, նշանակում է՝ էշի տեղ դնել մեր ժողովրդին»,– ընդգծեց Դավիթ Ջամալյանը։



