44-օրյա պատերազմի զոհերի թիվն ու հիշատակը նախընտրական առևտրի առարկա չեն. Ո՞րն է այստեղ ընդդիմության և իշխանության պատասխանատվության չափը
Մայիսի 15-ին 168.am-ը՝ «44-օրյա պատերազմին առնչվող կարևոր հարցեր, որոնք ռազմական գնահատական են պահանջում. Ի՞նչ պետք է արվեր ընտրապայքարից առաջ և ինչ չպետք է արվի հիմա» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ նշել ենք, որ 2020 թվականի պատերազմում մեր պարտության պատճառները ներքաղաքական պայքարում չեն շրջանցվում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմադիր ուժերի կողմից:
Այստեղ որոշ դրվագների հետ կապված դիտարկումները երբեմն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, այսինքն՝ գնահատականները բացառապես քաղաքական են: Ուստի, ինչպես նշել ենք, թույլատրելի սահմանում պետք է 44-օրյայի ռազմական նախկին ղեկավարությունը ժամանակին հրապարակային պատասխաներ մի քանի առանցքային հարցերի, այսինքն՝ կան հարցեր, որոնց պետք է ռազմական գնահատական տրվի: Ժամանակին, որովհետև նախընտրական շրջանում դրանք կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ կամ օգտագործվել միմյանց դեմ քաղաքական հակառակորդների կողմից: Սակայն իրականությունը ցույց տվեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման շահարկումներ, միևնույն է՝ լինում, ավելին՝ օգտագործվում են քվեներ ստանալու նպատակով: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է 44-օրյա պատերազմի զոհերի թվին և նրանց անվանացանկը հրապարակել-չհրապարակելուն, ինչին ևս անդրադարձել ենք մեր վերոնշյալ հոդվածում:
Իսկ մեր հոդվածի հրապարակմանը գրեթե զուգահեռ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեսյբուքով ուղիղ եթեր է մտնում և հերթական անգամ նշում զոհերի պաշտոնական թիվը:
«Որոշ սրիկա ընդդիմադիրներ նախընտրական այս շրջանում ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը, և ասում են՝ 5.000-ից ավելի, 6.000-7.000, մինչև 10.000: Պետք է ասեմ, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: 44-օրյա պատերազմի քրեական գործերով այդ թիվը 3833 է, որից 78-ը քաղաքացիական անձ են, 3755-ը՝ զինվորական:
Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը՝ այն մոտավորապես 160-ի է հասնում, և մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ հասկանալի պատճառներով»,- մանրամասնել է Ալեն Սիմոնյանը և անդրադառնալով 44-օրյայի զոհերի ցուցակի հրապարակման պահանջին, ցույց է տվել «Զինապահ» հիմնադրամի տեղը և անգամ լինքն է տեղադրել՝ նշելով, որ կան զոհվածների հարազատներ և ծնողներ, որոնք չեն ցանկացել, որ անուն հրապարակվի:
Զոհերի թվի չհիմնավորված ավելացմանը կամ պակասեցմանն ինքներս էլ կողմ չենք՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է արվում: Բայց հենց դրա համար է, որ շատերը պահանջում են պաշտոնապես հրապարակել այս պահի դրությամբ բոլոր զոհերի անվանացանկը, հատկապես, երբ «Զինապահ» հիմնադրամի կայքում, ինչպես նշվում է, բոլորի անունները չենք կարող գտնել: Սա՝ առաջին:
Երկրորդ, կան մարդիկ, որոնց մոտ կասկածներ կան՝ արդյո՞ք արցախցիները կամ օկուպացված Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագիր ունեցողները ներառվել են հրապարակված պաշտոնական թվում: Այս կասկածները կարող են սուբյեկտիվ և անհիմն լինել, բայց փաստ է, որ սրան հստակ արձագանք չի եղել:
Երրորդ, 2025 թվականի նոյեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ՝ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք և 3755 զինծառայողներ»:
Բայց խնդիրն այն է, որ այդ ժամանակ նշվել էր՝ «անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»:
Իսկ հիմա Ալեն Սիմոնյանն ասում է՝ «անհայտ կորածների թիվը՝ այն մոտավորապես 160-ի է հասնում»:
Բայց այս տարվա մարտին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին պատասխանելով՝ հայտնել էր.
«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»:
Համաձայնեք, որ «ավելի քան 190-ը» և «մոտավորապես 160-ը» տարբեր թվային պատկեր են ստեղծում:
Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանն Արմավիրում իր ելույթի ժամանակ առավել հեռուն է գնացել և պահանջել ընդդիմությունից ապացուցել, որ 44-օրյայի զոհերի իրենց թիվը ճիշտ է, թեպետ իշխանությունը շատ հանգիստ կարող էր փաստարկված ապացուցել, որ 44-օրյայի զոհերի 5000 թիվը սխալ է:
«Նրանք սկսել են մանիպուլացնել 44-օրյա պատերազմի զոհերի թիվը: Նրանք թվեր են կրակում՝ 5000 զոհ, և այդպես շարունակ: Ես ասում եմ՝ եթե իրենք՝ Գագիկը, Ռոբերտը, Սամվելը, և նրանց թիմերի անդամները չհիմնավորեն և չապացուցեն էդ թվերը, ես հազար ներողություն եմ խնդրում էս արտահայտությունն օգտագործելու համար՝ պետք է համարժեքությունը պահել, որ ոմանք իրենց հոտառությունը չկորցնեն: Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագոն, Սամոն, Սերժն իրենց կողմից օգտագործված էս թվերը չհիմնավորեն, իսկ նրանք չեն կարող հիմնավորել… ՀՀ ժողովուրդը նահատակների հիշատակի նկատմամբ այս վերաբերմունքի համար նույնպես ընտրությունների արդյունքներում նրանց պիտի ծնկի բերի: Նրանց պետք է ծնկի բերի: Ես ինքս՝ որպես հարգանքի տուրք, տասնյակ անգամներ ծնկի եմ եկել մեր նահատակների հուշարձանների և հիշատակի առաջ, բայց նրանցից որևէ մեկը ծնկի չի եկել»,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչ է ստացվում՝ Փաշինյանը զոհերի թվի ընդդիմության վարկածը կամ հաշվարկն ընտրական առևտրի առարկա է դարձնում: Դա բարոյակա՞ն է:
Ենթադրենք, ընդդիմադիր ուժերը ևս սխալ են անում և չափազանցնում են այդ թիվը (ինչպես նշեցինք)՝ ցանկացած նման շահարկում ողջունելի չէ), բայց, ի վերջո, ընդդիմությունը չի պատասխանատու պատերազմում զոհերի համար: Այսինքն, սխալ թիվ ասելու համար նրանց չպետք է ընտրեն, բայց 44-օրյա պատերազմում այս պահին 3833 զոհի համար անմիջական պատասխանատվություն ունեցող իշխանություններին պետք է երկրորդ անգամ ընտրե՞լ:
Կասեք՝ պատերազմն առանց զոհերի չի լինում:
Այդ դեպքում հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալը.
«Կարո՞ղ էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի: Այս նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով: Բաներ կան, որ ես հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցություններին կվնասեմ»:
Այսինքն, կար հնարավորություն չունենալու, օրինակ, 3833 զո՞հը, սա պատասխանատվություն չի՞ ենթադրում…
Ի դեպ, 2025թ. նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Ես մի թիվ ասեմ՝ կբավարարի՞ Ձեզ՝ 3987»:
Հակադարձմանը՝ որտեղի՞ց Ձեզ այդ թիվը, նա արձագանքել է. «Իսկ Քննիչ հանձնաժողովը որտեղի՞ց է ստեղծվել, զեկույցի մեջ ամեն ինչ կա գրված: Անուն-ազգանուններով գրված չի, բայց ցանկացած պահի, քանի որ թվայնացման պրոցեսն ավարտված է, անուն-ազգանուններով հասանելի կդառնա ցանկացողների համար: Եթե ես թիվ եմ ասում, նշանակում է՝ ամեն թվի հետևում անուն-ազգանուն կա»:
Ավելի ուշ մեզ հետ զրույցում Գեղամ Մանուկյանն ասել էր, որ Քննիչ հանձնաժողովն իբրև ամփոփում՝ տվել է զոհվածների ընդհանուր պատկերը, և, որ այն չի համապատասխանում ո՛չ Անդրանիկ Քոչարյանի, ո՛չ էլ Ալեն Սիմոնյանի հրապարակած թվերին: Թե այս պահին Քննիչ հանձնաժողովի զեկույցում ինչ թիվ է, կամ՝ գուցե եղածը փոփոխության է ենթարկվել, հայտնի չէ, կփորձենք ճշտել:



