Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարին վերացնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 16-ին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Իզեդին ալ Կասամ»-ի ղեկավար Իզ ադ-Դին ալ-Հադդադին սպանելու մասին։ Այս մասին հայտնել է իսրայելական Ynet կայքը։
Լրատվամիջոցը նշում է, որ Պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության՝ «Շին Բեթ»-ի ներկայացուցիչները հաստատել են Գազայի հատվածին հարվածի ժամանակ ռազմական թևի հրամանատարի ֆիզիկական վերացման մասին տեղեկությունը։
ՀԱՄԱՍ-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել ալ-Հադադի մահը։ Այնուհանդերձ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Գազայի հատվածի մզկիթներում արդեն հայտարարել են ալ-Հադադի մահվան մասին, անկլավում պատրաստվում են հուղարկավորության արարողությանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը մայիսի 15-ին հայտարարել էին ալ-Հադադի գտնվելու վայրին հարվածելու մասին։ Նրանք նշել էին, որ հենց ալ-Հադադն էր կազմակերպել Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումը։
Ալ-Հադդադը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարումը ստանձնել էր 2025 թվականի մայիսին, երբ Իսրայելը սպանել էր նախկին հրամանատար Մուհամմեդ Սինվարին։



