Հայկական նախագիծ կամ կարմիր լապտերների խաչմերուկ
Արցախի կորստից հետո Հայաստանում կյանքն արտաքուստ շարունակվում է նախկինի նման: Այն տարբերությամբ, որ սեպտեմբերի 19-ին նախորդող Հայաստանին ավելացել են հարյուր հազարից ավելի արցախահայերը:
Իշխանությունները ցուցադրաբար իբրև թե զբաղվում են արցախահայերի աջակցության ծրագրերով, ավելի շատ գովադզում են դրանք, քան անում են իրականում: Նրանք սովոր են հարկատուների գումարներով քաղաքացիներին իբրև թե օգնել ու դա ներկայացնել՝ որպես իրենց արժանիք: Բայց չնայած արտաքուստ այս հանդարտությանը կամ նախկին կյանքի շարունակության իմիտացիային, իրականությունն այլ է: Հենց այն պարզ պատճառով, որ նախկին կյանք այլևս չի կարող լինել անգամ ըստ սահմանման, որովհետև չկա նախկին այն հայկական իրականությունը, որի անբաժան մասն էր Արցախը:
Այս նոր իրականությունը պահանջում է միանգամայն այլ հանրային, սոցիալական, քաղաքացիական, քաղաքական հարաբերություններ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «նոր նորմալ», որը, սակայն, չի ձևավորվել: Անցած 30 տարիներին երկու պետությունների գոյությունը լավ կամ վատ ապահոված «հայկական նախագիծն» այլևս գոյություն չունի, քանի որ դրա գաղափարաբանական, փիլիսոփայական, աշխարհայացքային հիմնասյունն Արցախն էր ու արցախյան հարցը: Հիմա Հայաստանն ապրում է առանց պայմանական «հայկական նախագծի», ուղղակի ապրում է, քանի որ բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են մտածել վերկենցաղային մատերիաների մասին, բոլոր նախագծերի նշաձողերն իջեցրել են մինչև ուղղակի ապրելու մակարդակի:
Բայց պետությունն ու հասարակությունը, անգամ գոյատևելու դեպքում, չեն կարող մրցունակ լինել ու հեռանկար ունենալ առանց այդ պայմանական նախագծի, առանց այն հարցերի պատասխանների, թե որտեղի՞ց ենք գալիս ու ո՞ւր ենք գնում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այլասերել առաջին հարցի պատասխանը՝ սկզբում՝ քարոզչաբար, հետագայում՝ արդեն առարկայորեն հողին հավասարեցնելով անցյալի բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները: Նրա իշխանությամբ Հայաստանի ներկան առավել քան ողբերգական է, իսկ ապագան՝ սպառնալիքներով լեցուն: «Ո՞ւր ենք գնում» հարցի՝ գաղափարախոսություն ու ռազմավարականություն ենթադրող պատասխանը Նիկոլ Փաշինյանը հասցրել է աշխարհագրական պարզունակության՝ հիմա էլ որպես նպատակ հռչակելով «Խաղաղության խաչմերուկ» կոչվող էվֆիմիզմը:
Նիկոլ Փաշինյանի պետական քաղաքականությունն իրականացվում է մոտավորապես այն գռեհիկ ու պարզունակ աշխարհայացքով, որ ցանկացած խաչմերուկում առևտուրը եռում է, հետևաբար՝ պետք է Հայաստանը դարձնել խաչմերուկ: Նրան ամենևին չի հուզում, որ իր քաղաքականության պատճառով իր ղեկավարած երկիրը հեղինակազրկվել է այնպես ու այնքան, որ անգամ այդ խաչմերուկի գործարկման դեպքում զբաղվելու է, մեղմ ասած, ոչ այնքան հարգի վաճառելիքի վաճառքով:
Իրականում զրոյացված հայկական նախագծի փոխարեն՝ իշխանությունը ներկայումս փորձում է առաջ մղել «խաղաղություն՝ ցանկացած ստորացման գնով» ցնդաբանությունը, որի հանդեպ տեսանելի դիմադրության բացակայությունը ներկայացնում է՝ որպես դրա շուրջ հանրային կոնսենսուսի արտահայտություն: Ընդդիմացող այն բեկորները, ովքեր հանդես են գալիս ընդդիմության դիրքերից, դրան հակադրում են մոտավորապես «Ոչ խաղաղությանը» բանաձևը, իրենք էլ իրենց հերթին փորձելով ներկայացնել, թե դրա վերաբերյալ առկա է հանրային համախոհություն: Իրականությունը, բնականաբար, այլ է, հասարակությունը ո՛չ պատրաստ է անարժանապատիվ խաղաղության, ո՛չ էլ կուրորեն դեմ է խաղաղությանն ու պատերազմ է ցանկանում:
Հանրությանն անհրաժեշտ է իրատեսական, ռացիոնալ, բայց նաև արժանապատիվ «հայկական նախագիծ», որի մշակմամբ պետք է զբաղվեն բոլոր ակտիվ անհատները, քաղաքացիական, քաղաքական խմբերը, մտավորականները, էլիտաները՝ մի խոսքով: Այդ նախագիծը չպետք է փոխկապակցված լինի այս կամ այն իշխանության/ընդդիմության հետ և պետք է կենսունակ լինի՝ անկախ նրանից՝ ով կլինի տվյալ պահի իշխանությունը: Տարբեր առանձնահատկություններով հենց այդպիսի դեր ու նշանակություն ուներ այն «հայկական նախագիծը», որը խարսխված էր Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի հայկական գաղափարի վրա:
Հարություն Ավետիսյան