Ինքնաթիռն ընկնում է, իսկ օդաչուն ուղևորների մեջ մեղավորներ է փնտրում, սեփական նստատեղի համար կռիվ տալիս.  Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Երկրում հոգու և նպատակի ճգնաժամ է. կորցրել են իրական նպատակի մասին զգացողությունները: Հանրային տիրույթում՝ այն մարդկանց մոտ, ովքեր կոչված են ղեկավարելու երկիրը, զրույցներ են գնում բարեկեցության, ապահով ապրելու մասին, բայց չունենք սահմանում, թե ո՞րն է մեր ազգի բուն նպատակը: Ի՞նչ արժեն այդ բարեկեցությունը, ապահովությունը, եթե չունենք որպես հայ ապրելու իրական նպատակ, եթե կորցնելու ենք մեր ինքնությունը, մեր պետությունը:
  • Իշխանություններն իրենց ուղղված քննադատությանը հակադրվելու ցանկություն ունեն լոկ, և դա դիտարկում են՝ որպես չարամտության մարտահրավեր: Այնինչ, չարամտության կանխավարկածով առաջնորդվելու փոխարեն՝ պետք է ասվածից հետևություն անեն ու տեսնեն հասարակության մի ստված հատվածի առաջարկները երկիրն այս ծանր վիճակից հանելու մասին:
  • Եթե որևէ անձ հիշեցնում է եկեղեցուն իր անելիքների մասին, նախ պետք է հիշի իր անելիքների, իր պատասխանատվության մասին:
  • Մեր երկրի այսօրվա իրավիճակը վայր ընկնող ինքնաթիռ է հիշեցնում, որտեղ նստատեղի համար բանավիճում են ուղևորները, օդաչուն էլ, սեփական անկարողությունը քողարկելու համար, ինքն է կռիվ հրահրում ուղևորների մեջ: Այնինչ օդաչուի մտահոգությունը պետք է մեկը լինի՝ կանխել աղետը:
  • Իշխանությունը՝ սեփական անձին աստվածային կերպար տալու մեծ գայթակղություն է ստեղծում: Աշխարհում կան տարաբնույթ պաշտամունքի առարկաներ՝ միջատների, կովի, արևի և լուսնի, եղել են և կա նաև ինքնապաշտամունք, երբ մարդիկ գայթակղվում են սեփական անձը Աստծո տեղ դնելու պաշտամունքով: Նման դրսևորում, Աստծո հետ իրենց նույն հարթակում դնելու տենդենց կա ծայրահեղ աղանդավորական շրջանակներում: Եվ սա փորձ է մարդկանց իրական օրակարգից շեղելու, արհեստական բանավեճ հրահրելու նպատակով՝ շղարշի տակ թողնելով բուն խնդիրը:

  • Փորձում են մոմ վառելու բարեպաշտական սովորույթն արժեզրկել:
  • Վերջին տարիներին ակնհայտ են այս իշխանությունների մոտեցումները Թուրքիայի հանդեպ՝ խաղաղության դարաշրջանի իրենց տեսիլքի շրջանակներում:
  • Եկեղեցին մշտապես խաղաղության, հանդուրժողականության կողմնակից է եղել, բայց ինչի՞ հաշվին՝ արժանապատվությա՞ն, ինքնությա՞ն: Այս իշխանությունները խաղաղություն են քարոզում այն մարդկանց հետ, ովքեր ոչնչացրել են հայի օջախը, ծնողին, ընտանիքը: Սա ուրացում է:
  • Մենք պե՞տք է դադարենք հիշել մեր նահատակներին, մոռացության պետք է մատնենք 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը և դա արձանագրենք որպես ցավալի իրադարձությո՞ւն: Արդյո՞ք ժամանակին անհիմն խաղաղասիրությամբ չենք նպաստել այդ ոճրագործությանը: Տարակուսանք առաջացնող խաղաղության նման կոչերը կոտրում են հիշողությունը պահպանելու մեր ձգտումը, պայքարի ոգին:
  • Այսօր իսկ Ադրբեջանի կողմից իրականացվում են գործողություններ, որոնց մեջ կան արդեն ցեղասպանության էլեմենտներ՝ արգելափակում, անձանց տեղաշարժի սահմանափակում, հայաթափում, Արցախին ամբողջությամբ տիրանալու գործողություններ: Եկեղեցին այս երևույթներին և իշխանության գործողություններին այլ գնահատական չի կարող տալ, քան դատապարտում:
  • Անընդունելի է նաև, որ Ադրբեջանի նույն բառապաշարով խոսում են նաև Հայաստանի իշխանությունները: Մարդկանց մոտ լուրջ մտահոգություններ են առաջանում, որ թշնամու ագրեսիային համարժեք արձագանք, դրան դիմակայելու կամք չկա:

Կարդացեք նաև

  • Պարտվողականությունը, հանրության բարոյալքումը, ապատիան ո՞ւմ օրոք է ստեղծվել. այս իշխանությունների: Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ ընկնող օդանավի օդաչուն աղետը կանխելու և օդանավը փրկելու, ելքեր գտնելու փոխարեն՝ ուղևորների մեջ է սկսում մեղավորություն փնտրել:
  • Եթե մատաղի ավանդույթը փոխակերպենք, մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները կվերանա՞ն, Թուրքիան և Ադրբեջանն ավելի բարեկամաբար կվերաբերվե՞ն: Երկրում առկա անվտանգության ճգնաժամի լուծումը մատաղի ավանդույթը փոխակերպելո՞վ են տեսնում:
  • Այս մարդկանց համար ամեն ինչ բարեփոխման ենթակա է, բացի իրենցից: Թող բարեփոխումն ու փոխակերպումն իրենք ներսից ու իրենց լիդերից սկսեն:
  • Խաղաղության դարաշրջան ծրագրի մի հատված դիտարկում են «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելու շրջանակներում: Այս իշխանությունների նպատակը ո՞րն է. որ հարմարվենք թշնամու ներկայացրած պահանջների՞ն, չե՞ք ուզում եկեղեցու պատմություն, խնդիր չկա՝ կհանենք, չե՞ք ուզում մատաղի ավանդույթ՝ կփոխակերպենք… Ձգտում են դառնալ այնպիսին, ինչպիսին  պահանջում են դրսի ուժերը:
  • Կրթություն բառը նշանակում է ՝ վարժություններ բարին ստեղծելու համար: Այս իմաստն այսօր աղճատվել է: Դպրոցում ոչ ճիշտ կրթությունը մարդուն դարձնում է չար, ուրեմն պետք է լինեն այնպիսի առարկաներ, որոնք մարդուն սովորեցնում են ազնվություն, բարություն, հայրենասիրություն, առաքինություն: Մենք պետք է հայրենիքը սիրող, հայրենիքին այլընտրանք չտեսնող, հողին կպած մարդ դաստիարակենք:
  • Եկեղեցին պահպանողական է և քաղաքականության մեջ էլ հեղափոխականությունը չի ողջունում, որովհետև այդ դեպքում հալածանքները, ատելությունն ու մարդկանց տարբեր բարիկադների հետևում դնելն անխուսափելի են, բայց ինքնությունը, երկիրը փրկելու համար հեղափոխությունն անխուսափելի է:
  • Հուսանք, որ հայրենասիրական պոռթկում կարող է լինել: Հայ ժողովրդի պատմությունը չի կարող հանգչել ու անփառունակ ավարտ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս