
Ավստրալիայում ցույցեր են անցկացվել զանգվածային ներգաղթը դադարեցնելու պահանջով

Ավստրալիայում հազարավոր մարդիկ են միացել ընդդեմ ներգաղթի երկրով մեկ օգոստոսի 31-ին անցկացված ցույցերին, որոնք երկրի կառավարությունը դատապարտել է:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, Ավստրալիայի կառավարությունը դատապարտել է ցույցերը՝ դրանք կապելով նեոնացիստների հետ:
Ըստ աղբյուրի՝ Սիդնեյում և այլ նահանգների մայրաքաղաքներում ու տարածաշրջանային կենտրոններում ներգաղթի դեմ ուղղված երթերը կրել են «Ավստրալիայի համար» կարգախոսը։
Ցուցարարները պահանջել են դադարեցնել զանգվածային ներգաղթը։
«Մենք բացարձակապես դատապարտում ենք այսօր տեղի ունեցող «Ավստրալիայի համար երթ» ցույցը։ Այն սոցիալական ներդաշնակության բարձրացման մասին չէ», – ասել է Լեյբորիստական կառավարության ավագ նախարար Մյուրեյ Ուոթը՝ հավելելով, որ չեն աջակցում նման հանրահավաքներին, որոնք ուղղված են ատելություն տարածելուն և համայնքը պառակտելուն:
Նրա պնդմամբ՝ այդ ցույցերը կազմակերպվել և խթանվել են նեոնացիստական խմբերի կողմից։