
Մանդատիս համար քասթինգ անե՞մ. ՀՀԿ-ի հեռացումը պահանջողնե՛ր, ձևն ասե՛ք. Հայկ Մամիջանյան
Քաղաքական համակարգից ՀՀԿ-ի հեռացումը պահանջող ուժերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ունի՝ ինչպե՞ս հեռանանք, ձևն ասե՛ք։
«Ինչպե՞ս հեռանամ, ի՞նչ անեմ, մանդատիս համար քասթինգ անե՞մ… ասե՛ք, ինչպե՞ս դաշտը թողնեմ՝ թողնեմ։ Բոլոր նրանք, որոնք ասում են, թե ՀՀԿ-ն թող գնա, թող ասեն՝ ինչպե՞ս։ Գիտե՞ք, երբ նման բաներ ասողների հետ հանդիպում ենք, ասում են՝ դե, հանրահավաք եմ անելու, գնալու եմ ես, կինս, սիրուհիս, լավ կլինի, որ 5000 մարդ էլ ՀՀԿ-ի կոչով գա, ասում են նաև՝ տվե՛ք մեզ ձեր քաղաքական, միջազգային տեղեկատվական ռեսուրսը, բայց հանկարծ դուք չերևաք։ Էնպես որ, այդ ընդդիմափոխության թեզ ասվածն աշխարհում գոյություն չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայկ Մամիջանյանը։
Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ-ին քաղաքական համակարգից հեռանալու կոչեր անողներն ավելի լավ կանեն սեփական ուժերով որևէ բան անեն։
«Մենք էլ կգանք, կկանգնենք ձեր կողքին։ Իսկ կարո՞ղ է, երբ բոլորը սկսեն մտածել՝ «Փաշինյանը հեռացավ՝ լավ է, չհեռացավ՝ վատ է», այդ ժամանակ նոր սայլը տեղից շարժվի»,- ասաց Մամիջանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։