Բաժիններ՝

Ահազանգ. «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը դեմ է Աշոտ Փիլիպոսյանի ցանկացած գործունեությանն արգելոցի տարածքում

«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը հայտարարություն է տարածել։

«Հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ օգոստոսի 30-ին հնագետ Աշոտ Փիլիպոսյանը վերսկսել է «պեղումները» Քարահունջ աստղադիտարանի տարածքում՝ շարունակելով իր 2018թ․-ի անավարտ աշխատանքը այն կառույցում (իրենց վարկածով՝ դամբարանում), որը բացվել էր և յոթ տարի շարունակ մնացել էր բաց երկնքի տակ՝ առանց պահպանության համար անհրաժեշտ համապատասխան միջոցառումների։

Կարևոր ենք համարում հանրությանը տեղեկացնել և հիշեցնել հետևյալը․
• Ա․ Փիլիպոսյանի նկատմամբ երկու անգամ հարուցվել է քրեական գործ (վերջինը՝ մեր նախաձեռնությամբ)՝ Քարահունջի պեղումների ընթացքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և հնագիտական պեղումների անցկացման ՀՀ և միջազգային օրենքների և նորմատիվների, ինչպես նաև արգելոցի կանոնադրության խախտումների հիմքով։
• Նշված գործերը, ցավոք, կարճվել են մեզ հայտնի պատճառներով և միջոցներով։ Անպատիժ մնացած գործողությունները, փաստորեն, այսօր շարունակվում են։

Հաշվի առնելով Քարահունջում Ա․ Փիլիպոսյանի նախկին անօրինական գործողությունները, ինչպես նաև նրա կողմից իրականացվող բազմաթիվ աշխատանքային նորմերի խախտումները՝ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը, որը ստանձնել է Քարահունջ աստղադիտարանի պահպանության հանրային վերահսկողություն, խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով հայտարարում է․
• Մենք աչալուրջ հետևելու ենք Ա․ Փիլիպոսյանի գործունեությանը Քարահունջի տարածքում, և յուրաքանչուր օր, երբ նա կգտնվի այնտեղ, հանրությանը կհիշեցնենք այն վնասների և խախտումների մասին, որոնք նա հասցրել է հայագիտությանը և հնագիտությանը՝ մասնավորապես Քարահունջի և Մեծամորի, այսպես կոչված, «պեղումներով»։
• Մենք հորդորում ենք Ա․ Փիլիպոսյանին դադարեցնել պեղումները և անհապաղ կոնսերվացնել բացված հատվածը։
• Դիմում ենք Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի ղեկավարությանը ակնկալելով Ա․ Փիլիպոսյանի գործողությունների խիստ վերահսկողություն և հուշարձանի վերոնշյալ հատվածի նախնական վիճակը վերականգնելուն ուղղված համապատասխան միջոցառումների նախաձեռնում։

«Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը դեմ է Ա․ Փիլիպոսյանի ցանկացած գործունեությանն արգելոցի տարածքում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս